Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հովհաննեսը չի սնվում, գիշերները ոտքի ցավից չի քնում, իսկ հիվանդասենյակը ցուրտ է ու կեղտոտ». պաշտպան

12:00, երկուշաբթի, 26 դեկտեմբերի, 2016 թ.
«Հովհաննեսը չի սնվում, գիշերները ոտքի ցավից չի քնում, իսկ հիվանդասենյակը ցուրտ է ու կեղտոտ». պաշտպան
     «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի պաշտպան Հայարփի Սարգսյանն ահազանգում է, որ «Դատապարտյալների հիվանդանոցում» գտնվող իր պաշտպանյալը ծանր վիճակում է: «25.12.2016թ. կրկին այցելեցի Հովհաննես Հարությունյանին, ով գտնվում է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: Նրա հիվանդասենյակում շատ ցուրտ էր, այնքան, որ ձեռքերս ձեռնոցներիս մեջ սառչել էին, հեռուստացույցի ալեհավաքը չկար, իր անձնական իրերից շատ բաներ անհետացել էին, այդ թվում՝ հիգիենայի պարագաները: Սառնարանը դեռ միջանցքում է՝ «մաքրելու» նպատակով, վարագույրը պոկված է արդեն 16 օր, պատուհանից սառն է փչում, չի սնվում, հիվանդասենյակը չեն բարեհաճում մաքրել, սպասքը չեն լվանում, երևի մոռանում են, որ դա հիվանդանոց է, և այդտեղ պիտի բուժվեն, այլ ոչ թե հիվանդանան այնպես, ինչպես Հովհաննեսը, ով գիշերները ոտքի ցավից չի քնում: Սիրտը ցավում էր, մրսել էր, հիվանդասենյակի լույսը շուրջօրյա միացված է այն դեպքում, երբ ինքն անգամ գիշերը չի սիրում լույսը միացված: Արտաքին աշխարհից այնքան է կտրված, որ անգամ ամսաթիվը չգիտի: Ես, բնականաբար, չեմ կարող ամբողջ օրը ֆիզիկապես գտնվել Հովհաննես Հարությունյանի կողքին, հետևաբար, չեմ կարող տեսնել, թե ովքեր են իրեն այցելում: Թե ինչպիսի ճնշումներ են գործադրվում հիմա և որ ժամերին, առայժմ հայտնի չէ, միայն հայտնի է այն, որ դեռևս 12.12.2016թ. հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայություն, սակայն մինչ օրս որևէ քայլ չի ձեռնարկվում: Այս ամենը ես դիտարկում եմ միտումնավոր քայլ պետության կողմից, որն ուղղված է Հովհաննես Հարությունյանի առողջության և կյանքի անվտանգության դեմ»:
     Ավելի վաղ պաշտպանը` MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել էր, որ իր պաշտպանյալը հոգեմետ դեղերի ազդեցության տակ է գտնվում:
     Հիշեցնենք, որ Հովհաննես Հարությունյանը վիրավորվել էր հուլիսի 26-ին և տեղափոխվել հիվանդանոց: Հովհաննեսին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, ինչպես նաև նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
3217 | 2
Facebook