Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

««Նաիրիտ»-ին սնանկ ճանաչելու գործընթացի գաղտնիությունը կեղտոտ քայլ էր». Կարինե Շահվերդյան

16:15, հինգշաբթի, 01 դեկտեմբերի, 2016 թ.
««Նաիրիտ»-ին սնանկ ճանաչելու գործընթացի գաղտնիությունը կեղտոտ քայլ էր». Կարինե Շահվերդյան

Երեկ հայտնի դարձավ, որ «Նաիրիտ» գործարանը Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել, այդ մասին ներկայացված է նաև DataLex.am կայքում:
     «Նաիրիտի» նախկին և ներկա աշխատակիցներն անակնկալի են եկել, թե այդ ինչպես եղավ, որ հունվարի 25-ին նշանակված դատը հանկարծ որոշեցին տեղափոխել նոյեմբերի 28-ին:
     Նշենք` դեռևս 2015թ․ ապրիլի 7-ին, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն դիմում է ներկայացրել դատարան` ընդդեմ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի` գործարանի կողմից սպառած էլեկտրաէներգիայի վճարները (500.000 ՀՀ դրամ) ստանալու և պարտապանին սնանկ ճանաչելու պահանջով։
     Գործարանի նախկին աշխատակից, նաիրիտցիների ցույցերի համակարգող խմբի անդամ Կարինե Շահվերդյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում իր զարմանքը հայտնեց ոչ այնքան դատարանի կայացրած որոշման, որքան այդ գործընթացի գաղտնիության վրա: «Դատական նիստերի ժամանակ մենք միշտ դատարանի դիմաց էինք լինում, բայց այս անգամ այնքան արագացված արվեց այդ գործընթացը, որ ապշած ենք: Ի՞նչն է ստիպել` այսպես հապճեպորեն և գաղտնի որոշում կայացնել, ի՞նչ են ուզում անել: Եթե ուզում էին սնանկացնել կամ առողջացման ծրագիր կազմել, այսքան տարի պայքարում ենք, միգուցե մեզ կանչեի՞ն, տեղյակ պահեի՞ն, որ նման բան են որոշել, եթե իհարկե լավ բան են ուզում անել: Ինչո՞ւ թաքուն պահեցին»,- տարակուսում է Կ. Շահվերդյանը:
     Ի դեպ, շուրջ 261 աշխատող հինգ ամսվա աշխատավարձ չի ստացել, սնանկացման դեպքում, թե ինչպես կլուծվի այս հարցը, վերջինների համար էլ պարզ չէ: «Կառավարության խնդիրն է, թե ինչպես կլուծի, չգիտենք…: Այդքան աշխատակից են պահել, որպեսզի գործարանի պահպանությունն ապահովեն, հիմա ի՞նչ են անելու, թե՞ էլի խաբելու են խեղճ ժողովրդին»,- ասաց նա` համոզմունք հայտնելով, որ տեղի ունեցածը «կեղտոտ քայլ է» իրենց նկատմամբ. «Նրանք կարող էին խոսել մեզ հետ, ներկայացնել իրենց որոշումն ու ծրագիրը և մենք ուրախ կլինեինք միայն»:
     «Նաիրիտի» նախկին աշխատակցի խոսքով` «Նաիրիտ» գործարանը միակն էր մնացած բոլոր գործարաններից, որը հնարավոր էր վերագործարկել և երկրի վիճակը բարելավել. «Երկիրն անդունդ են գլորում զոռով, իսկ մենք մեծ հույսեր ունեինք «Նաիրիտի» հետ կապված»:
     Գործարանի սնանկացումը կարո՞ղ է պատճառ լինել, որպեսզի փակվեն այն արտադրամասերը, որոնք մինչ օրս գործում են, թե որոշ արտադրամասեր, այնուամենայնիվ, կշարունակեն գործել հարցին, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ներդնողներ կան և´ եվրոպական և´ ռուսական կողմերից: Եվրոպական կողմն ասել է, որ պատրաստ է գործարանը ողջ թափով աշխատեցնել, ինչը չի ասել ռուսական կողմը: Ռուսական կողմն ուզում է մի քանի արտադրամաս աշխատեցնել ու վերջ, իսկ դա չեղավ «Նաիրիտի» վերագործարկում»:
     Կարինե Շահվերդյանի խոսքով` նույնիսկ այսքանից հետո, նաիրիտցիները չեն պատրաստվում ձեռքները ծալած նստել և շարունակելու են պայքարը ցանկացած եղանակով:

3439 | 0
Facebook