Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կյանքը շարունակվում է, մենք ապրում ենք հանուն ապագայի». Պլյուշչենկոյի՝ «Սառույցի արքաները» շոուի ընթացքում հնչեց «Երկրաշարժ» ֆիլմի սաունդթրեքը

03:04, երկուշաբթի, 28 նոյեմբերի, 2016 թ.
«Կյանքը շարունակվում է, մենք ապրում ենք հանուն ապագայի». Պլյուշչենկոյի՝ «Սառույցի արքաները» շոուի ընթացքում հնչեց «Երկրաշարժ» ֆիլմի սաունդթրեքը

Այսօր երեկոյան Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ ռուս լեգենդար գեղասահորդ, օլիմպիական խաղերի կրկնակի, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոյի՝ «Սառույցի արքաները» շոուն։ «Ֆորպոստարտ» ընկերության՝ Էմիլ Կարատի կողմից բեմադրած շոուն բաղկացած էր պարային, գործիքային երաժշտության, վոկալ, էստրադային, կրկեսային, հետաքրքիր համարներից և նորաձևության ցուցադրությունից: Բացի Եվգենի Պլյուշչենկոյից սառույցի վրա հանդես եկան Սոչիի օլիմպիական խաղերի չեմպիոնուհի Ադելինա Սոտնիկովան, Եվրոպայի չեմպիոն Ֆլորան Ամոդիոն, Հայաստանը ներկայացնող գեղասահորդներ Անաստասիա Գալուստյանը և Սլավիկ Հայրապետյանն, ինչպես նաև ռուս լեգենդար գեղասահորդուհի Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցի սաները։

Բացի այդ ելույթ ունեցան Մարիամ Մերաբովան, Սոնան, Քսենոնան, Ալյոնա Վասիլևան, Իվետա Մուկուչյանը, Հայկոն, ջութակահարներ Էդգար Հակոբյանը և Էդվին Մարտոնը։ Տեղի ունեցավ նաև նորաձևության ցուցադրություն։
     Շոուի ամենատպավորիչ պահերից մեկը «Երկրաշարժ» ֆիլմի սաունդթրեքի ներքո Եվգենի Պլյուշչենկոյի համարն էր։

«Շատ հուզումնալի ստացվեց։ Ի սրտե ներկայացրեցի այն։ Շնորհակալ եմ բոլորիդ, որ այսօր եկել եք այստեղ։ Գիտեք, փորձեցի այս համարը բեմադրել՝ ցույց տալու համար, որ կյանքը շարունակվում է, ընտանիքներ են կազմվում, երեխաներ են ծնվում։ Մենք ապրում ենք հանուն երեխաների, հանուն ապագայի։ Այդ պատճառով խաղաղություն բոլորիս։ Խաղաղություն, սեր, հանգստություն»,- նշեց Պլյուշչենկոն՝ համարը ներկայացնելուց հետո։
     Վերջում Պլյուշչենկոն և շոուի բոլոր մասնակիցները սառույց դուրս եկան՝ ջերմ ողջունելով հանդիսատեսին, որը չէր ցանկանում բաց թողնել նրանց։

4441 | 0
Facebook