Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ռուսերենի պարտադրանքները` Կիսելյովից մինչև Մետրոֆանովա, և հայկական կողմի իրարամերժ արձագանքը

11:25, չորեքշաբթի, 23 նոյեմբերի, 2016 թ.
Ռուսերենի պարտադրանքները` Կիսելյովից մինչև Մետրոֆանովա, և հայկական կողմի իրարամերժ արձագանքը
     Դեռ 2014-ին, երբ առաջին անգամ շրջանառվեց ռուսաց լեզվին պետական կարգավիճակ տալու հարցը (այդպիսի անհրաժեշտություն էր տեսել Պուտինի վարչակազմի խոսափողը համարվող «Россия сегодня» լրատվական գործակալության ղեկավար Դմիտրի Կիսելյովը), Կրթության և գիտության այն ժամանակվա նախարար Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ Հայաստանի կառավարությունը դրա անհրաժեշտությունը չի տեսնում: «Հայաստանն ունիկալ երկիր է եվրասիական տարածքում, որովհետև նաև Հայաստանում ռուսաց լեզուն պետական լեզու չէ, չունի սահմանադրական կարգավիճակ: Այն ունի սահմանադրական կարգավիճակ Բելառուսում և Ղազախստանում: Ես անձամբ չեմ տեսնում անհրաժեշտություն` ռուսաց լեզվին Հայաստանում սահմանադրական կարգավիճակ տալու»:
     Նախարարի այս դիրքորոշումից հետո կրքերը հանդարտվեցին մինչև օրեր առաջ ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների հարցերով դեսպան Էլեոնորա Միտրոֆանովան հայտարարեց, որ ռուսերենին պետական երկրորդ լեզվի կարգավիճակ շնորհելու հարցը նախկին ԽՍՀՄ երկրներում պետք է լինի Ռուսաստանի արտաքին քաղաքական օրակարգում: Թեման կրկին լայն արձագանք գտավ հայ հասարակության շրջանում` ստանալով իրարամերժ կարծիքներ:
     Մանկավարժ, Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը կտրականապես դեմ արտահայտվեց ռուսաց լեզվին մեր երկրում որևէ կարգավիճակ տալուն: «Շատ մի ուրախ ենք, որ ԵՏՄ անդամ ենք, մի բան էլ ռուսերենը սահմանադրորեն ամրագրե՞նք»,- ասաց նա:
     Պարզվեց, սակայն, որ, օրինակ, Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արծրուն Ավագյանը դեմ չի լինի, եթե ռուսերենը մեր երկրում հռչակվի երկրորդ պետական լեզու. «...Դրանից չպիտի խուսափել, ինչ-որ պիտակ կպցնել, թե եթե երկրորդ պետական լեզու է, ապա առաջին պետական լեզուն անտեսվում է: Ես դա միանգամայն դրական եմ ընդունում, մանավանդ որ մեր տնտեսական և այսպես ասած ռազմական բազում խնդիրներով մենք կապված ենք Ռուսաստանի հետ... Մենք արդեն վաղուց աշխարհի ինչ-որ մի նահանգիկ ենք, ոչ թե նահանգ, այնպես որ ներկայիս համաշխարհային հարաբերությունները այնպես են, որ մեծ տերությունները առանց մեկը մյուսի, առանց մյուս պետությունների չեն կարող գոյատևել...»:
     Ինչ վերաբերում է ԿԳ ներկայիս նախարար Լևոն Մկրտչյանին, ապա վերջինն օրեր առաջ նշեց, որ ռուսաց լեզուն ՀՀ-ում իր արժանի տեղը պետք է գրավի և որ այն խորացման կարիք ունի:
     Տեղեկացնենք, որ MAMUL.amհարցում է անցկացնում` «Համաձա՞յն եք, որ ՀՀ-ում ռուսերենը դառնա պետական լեզու»` պարզելու նաև հանրության կարծիքը այս թեմայի վերաբերյալ:
3735 | 8
Facebook