Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Քեզ ժպտում են, ասում` շատ օրիգինալ եք և... գնացեք գրողի ծոցը». հանդիպում Ռուզան Վիթի հետ

20:05, երեքշաբթի, 15 նոյեմբերի, 2016 թ.
«Քեզ ժպտում են, ասում` շատ օրիգինալ եք և... գնացեք գրողի ծոցը». հանդիպում Ռուզան Վիթի հետ

Դերասանուհի Ռուզան Վիթը, թեև շատերին հայտնի է որպես սկանդալային հերոսուհի, ով հանուն ֆիլմի պատրաստ է մերկանալ ու հրաժարվել մազերից, իրականում սկանդալից և շոու աշխարհից բավական հեռու է: Նա երբեք չի երազել «աստղ» դառնալու մասին, փոխարենը նախընտրում է մոլորակ լինել, իրեն ուղղված հազար ու մի անվանումներին էլ ցինիզմով է արձագանքում… Ռուզան Վիթը հարուստ ներաշխարհով դերասանուհի է, ում կյանքում մերժումներ ու ձախողումներ շատ են եղել: Այդ ամենը նա ժպիտով է ընդունել, իսկ իր գլխավոր նպատակը կիսատ չի թողել… Դերասանուհու հետ հանդիպեցինք Սունդուկյան թատրոնին հարակից` Անգլիական այգում, որը նրան միանգամից տարավ մանկություն: «Երբ փոքր էինք, հայրս, ինձ ու եղբորս հաճախ էր տարբեր այգիներ տանում: Մի անգամ, երբ 5 տարեկան էի, հենց այս այգում գնդակ էինք խաղում, գնդակը գլորվելով հասավ մինչև թատրոնի շենքի դիմաց: Ես վազելով գնացի գնդակի հետևից, կանգնեցի թատրոնի շենքի դիմաց` գնդակի առջև, և շատ մեծ էներգիա զգացի այդ շենքից: Մի պահ մոռացա գնդակի մասին: Կանգնեցի և լուռ սկսեցի նայել շենքին, չգիտեի, որ դա թատրոնի շենքն է...»:
    
     ԵՐԲ ՔՈ ՆԵՐՍՈՒՄ ԲՈՒՆ Է ԴՆՈՒՄ ՄՈՒԹԸ, ԱՅԼԱՆԴԱԿՎՈՒՄ Է ՔԱՂԱՔԸ, ԱԶԳԸ, ԵՐԿՐԱԳՈՒՆԴԸ
    
    
Երևանը շատ եմ սիրում, շատ վայրեր կան, որ ինձ հոգեհարազատ են: Մեր քաղաքում շատ-շատ բաներ կփոխեի` սկսած ինձնից, որովհետև, եթե ինչ-որ բան ուզում ես փոխել, պետք է սկսես ինքդ քեզնից: Առաջին հերթին պետք է նայենք մեր ներսը... Ինչո՞ւ է մեր քաղաքում այսօր շատ բաներ մեզ խորթ, օտար, չկա ներդաշնակություն` մարդկանց ներքին աշխարհի ու արտաքին դրսևորումների միջև, որովհետև ընդհանուր առմամբ մեր ներքին աշխարհն է փոխվել, մեր հոգևոր դաշտն է փոխվել, որը գնալով շատ ավելի փոքրացել ու հասել է կենցաղային մակարդակի: Մեր ուղեղի աշխատանքն է փոխվել: Իսկ երբ քո ներսը վատ առումով փոխվում է, չի կարող դրսում հրաշքներ տեղի ունենալ: Երբ քո ներսում բուն է դնում, կամ իր իշխանությունն է հաստատում մութը, չարությունը, նախանձը, հարստանալու ցանկությունը, էդպես սկսում է այլանդակվել մարդը: Եվ ներսից սկսած այլանդակվում է դուրսը, այլանդակվում է քաղաքը, ազգը, երկրագունդը: Եթե մեր ներսում ինչ-որ բաներ այլայլված են, դա անմիջապես արտաքին աշխարհում երևում է: Իսկ, երբ տեսնում ենք, ինչ որ բաներ, որոնք մեզ դուր չեն գալիս, դրա օրինակը բոլորս ենք:

Ես ինձ չեմ առանձնացնում, չեմ ասում, թե ես անընդհատ լույս եմ սփռում, և այս ի՞նչ են անում կողքինները... Ես էլ, կամա, թե ակամա մասնակցում եմ այդ ամեն ինչին: Գուցե լռելով...

Ամեն դեպքում ես սիրում եմ մեր Երևանը, նա մեր անցյալն է ու ներկան: Մի բան, որ փչանում է կարելի է բուժել, փրկել:
    
     ՎԵՐԵՎՆԵՐ ԱՍԵԼՈՎ` ԵՍ ՉԵՄ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ
    
    
Իշխանություն ասելով ես չեմ հասկանում «վերևներ», ինձ համար վերևը շատ ավելի բարձր է: Մարդ ինչ-որ բան անելուց պետք է իր խղճի ձայնին լսի: Իսկ, եթե իր մոտ քնած է խիղճը, նա իր մեղքի բաժինն ունի:

Իսկ այն, որ մենք` մտավորականներս լռում ենք, ասելով, որ մեր ձայնը չի լսվում «վերևներում», թող չհասնի, մենք շատ ավելի վերևների համար պետք է բղավենք, կամ ինչ որ բաներ անենք: Այդ չակերտավոր վերևներից շատ ավելի վերև տեղ կա: Մհեր Մկրտչյանի կերպարով մի մուլտֆիլմ կա, իշխանավորը գալիս, ասում է` ո՞վ ես դու, ինչի ես փռվել, ճանապարհ չես տալիս, ես քեզնից բարձր եմ, ու հերթով տիտղոսներն է ասում: Նա էլ հարցնում է` բա դրանից հետո՞ ինչն է, դիմացինը պատասխանում է` ոչինչ: Նա էլ ասում է` այդ ոչինչը ես եմ...

Ինձ թվում է, այդ մուլտֆիլմը տիպիկ օրինակ է, որ յուրաքանչյուր մարդ` արտիստ կլինի, հավաքարար, թե բժիշկ, պետք է հիշի, որ այդ ամենը ժամանակավոր է: Դրանք դիմակներ են, որոնք մենք ժամանակավոր կրում ենք, մենք այդ ոչինչն ենք այն ամենի առաջ, որ կոչվում է Աստվածային լույս:


    
     ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ԱՎԵԼԻ ՏԽՈՒՐ ՎԻՃԱԿՈՒՄ Է, ՔԱՆ ՄԵՆՔ
    
    
Այն, ինչի մեջ հայտնվել ենք բոլորս, գալիս է շատ հեռվից: Մենք ազգովի, կլինի կառավարություն, թե դրսում ապրող անտուն մարդ, բոլորս պիտի միանանք, որ այս ողորմելի վիճակը վերանա: Կառավարությունը շատ ավելի տխուր վիճակում է հիմա, քան մենք: Մենք արտացոլանքն ենք կառավարության: Ես չեմ ուզում բողոքել որպես դերասանուհի, ասել, որ չեմ խաղում այս կամ այն ֆիլմում, իմ նախագծերը չեն ֆինանսավորվում և այլն, դա կլինի բամբասանք ու կենցաղ, ես ուզում եմ, որ մենք ավելի խորքային բաներից հարցին մոտենանք: Շատ կուզենայի, որ հակառակը լիներ, որ կառավարությունը լիներ մեր արտացոլանքը, իշխեր ժողովրդավարությունը մեր երկրում, ցավոք, այդպես չի:

    
     ՄԵՐԺՈՒՄՆԵՐ ՈՒ ՁԱԽՈՂՈՒՄՆԵՐ ՇԱՏ ԵՄ ՈՒՆԵՑԵԼ
    
    
Պատերազմից հետո, այնպես ստացվեց, որ իմ ճակատագիրը ուղղվեց դեպի Փարիզ: Ֆրանսիական ֆիլմում ստացա գլխավոր դեր, և մի քանի տարի այնտեղ բնակվեցի:

Երբ վերադարձա, հասկացա, որ մեր երկրում մի մոդայիկ ձև է, որն աշխատում է բոլորի հետ. քեզ ժպտում են, ասում են, որ դուք շատ օրիգինալ և հետաքրքիր եք, և ժպտալով ասում են` գնացեք գրողի ծոցը…

Մերժումներ ու ձախողումներ շատ են եղել իմ կյանքում, բայց երբեք իմ ներսից եկող նպատակը չեմ թողնում կիսատ: Այդ հարվածները մնացել են անցյալում և ես ժպտալով եմ այդ ամենին նայել: Նպատակին պետք է մինչև վերջ տեր կանգնես և դա տեղ հասցնես:
    
     ՀԱՆՈՒՆ ՖԻԼՄԻ ՄԱԶԵՐԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼԸ ՆՈՐՄԱԼ Է, ԿԱՐԵՎՈՐԸ` ՈՏՔԻՑ ՉՀՐԱԺԱՐՎԵՄ
    
    
Երբ նկարահանվեցի «Քրմուհի» ֆիլմում, առաջին թունավոր և մութ հոդվածը, որ դուրս եկավ, վերնագրված էր` «Հայկական պոռնոգրաֆիա»: Ռեժիսորը շատ ծանր տարավ, բայց ես քմծիծաղով վերաբերվեցի: Ինձ հաճախ սկանդալային են անվանում, բայց ես դրան ցինիզմով եմ արձագանքում:

ֆիլմի համար մազերիցս հրաժարվելը նորմալ եմ համարում, կարևորը ոտքիցս չհրաժարվեմ, այդչափ աննորմալության չհասնեմ հանուն արվեստի: Շատ կարևոր է` ով է ռեժիսորը: Պետք է դիմացդ կանգնած լինի ճաշակով արվեստագետ, որը գիտի` ինչից ինչ է անելու, ում կվստահես: Ամեն մեկի հետ չես աշխատի ու ամեն մեկի համար բնականաբար մազերից չես հրաժարվի: Սկանդալային կամ հազար ու մի անվանումներին հումորով եմ մոտենում: Դա շոու է ինձ համար, իսկ ես շոու աշխարհից շատ հեռու մարդ եմ:

Մի անգամ, երբ «Քրմուհի» ֆիլմը նոր էր էկրան բարձրանալու, մեկն ինձ ասաց` շուտով դու էլ աստղ կդառնաս, սարկազմով պատասխանեցի, որ ես ուզում եմ մոլորակ լինել: Աստղը ո՞րն է, ստից բաներ են...


    
     ՈՐՔԱՆ ԷԼ ԳՐՔԵՐ ԿԱՐԴԱՆՔ ՈՒ ՍԻՐՈՒՆ ՀԱԳՆՎԵՆՔ, ԵԹԵ ՀՈԳԵՎՈՐ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆՔ, ԱՅԴ ԱՄԵՆԸ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ
    
    
Ուզում եմ` այս ժամանակաշրջանը շատ արագ անցնի ու վերածնունդ տեղի ունենա: Շատ եմ ուզում, որ այս մաքրման շրջանը շատ արագ վերջանա: Ուզում եմ` մեր գիտակցությունը հասնի շատ ավելի բարձր տեղեր: Ամեն մեկս պետք է փորձենք սերն ու լույսը շատացնել, հոգևոր կրթություն պետք է ունենանք, որն այսօր պակասում է մեր մեջ: Մենք կարող է շատ կարդանք, լեզուներ իմանանք, սիրուն հագնվենք, փողեր աշխատենք, բայց, եթե չունենանք հոգևոր կրթություն, այդ ամենը մենք չենք կարող օգտագործել: Կամ էլ կօգտագործենք սև նպատակներով, որն անդունդ է տանում: Ուզում եմ, որ հայ մարդը հոգևոր և մտային կրթված մարդ լինի:

11728 | 0
Facebook