Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եթե, այնուամենայնիվ, կան պաշտոնյաներ, ովքեր բյուջեի հաշվին իրենց ընտանիքների երջանկությունն են կառուցել, պետք է պատժվեն». Վիգեն Սարգսյան

15:05, երկուշաբթի, 14 նոյեմբերի, 2016 թ.
«Եթե, այնուամենայնիվ, կան պաշտոնյաներ, ովքեր բյուջեի հաշվին իրենց ընտանիքների երջանկությունն են կառուցել, պետք է պատժվեն». Վիգեն Սարգսյան
     Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն Աժ-ում ներկայացնում է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, համաձայն որի՝ առաջարկվում է հատուցում վճարել այն զինծառայողների ընտանիքներին, ովքեր մահացել կամ հաշմանդամություն են ստացել մարտական գործողությունների, շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ: «ՀՀ պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքի անդամների կամ հաշմանդամություն ստացած զինծառայողների փոխհատուցում վճարելու իրավահարաբերությունները ներկայում կարգավորվում են 1998-ին ընդունված օրենքով: Գործող հատուցման համակարգը ոչ լիարժեք է ու ֆինանսավորվում է պետբյուջեի միջոցներից ու բացակայում է ինստիտուցիոնալ կառույցի առկայությունը, որը կհավաքագրի հասարակության նվիրաբերած գումարները, կկառավարի ու կվճարի փոխհատուցում զինծառայողներին ու նրանց ընտանիքներին»,- ասաց նախարարը:
     Խոսելով հանրության կողմից հնչած սուր քննադատությունների մասին` վերաբերող աշխատողների աշխատավարձից ամսական 1000 դրամ հավաքելու այս նախաձեռնությանը, նախարարն ասաց, որ հետևում է քննարկումներին. «Այս օրենքով վճար կատարողը յուրաքանչյուրս ենք: Ունենք զոհված, հաշմանդամ դարձած հազարավոր քաղաքացիներ ու բյուջեի հնարավորությունները թույլ չեն տալիս իրականացնել այն, ինչ քիչ առաջ նշեցի: Շատերն այսօր ասում են` թալանված գումարներ կան, որ պետք է հետ բերենք: Միայն ուրախ ու կողմ կլինեմ, եթե ԱԺ պատգամավորներից ամեն մեկը, ինչպես նաև պետական կառավարման համակարգում դրա համար ավելի ուղիղ պատասխանատվություն ունեցող մարմինները հետամուտ լինեն ու անուն առ անուն թվարկեն նրանց, ովքեր փորձել են պաշտպանական բյուջեի հաշվին իրենց ընտանիքների ենթադրյալ երջանկությունը կառուցել: Եթե այդպիսիք կան, պետք է պատժվեն ու գումարները վերադարձվեն բյուջե»,- ասաց նախարարը:
     Վիգեն Սարգսյանն այնուհետ անցավ պատգամավորների հարցերին պատասխանելուն: Մասնավորապես, նա տեղեկացրեց, որ ժամկետային զինծառայողներին տրվող անվճար ծխախոտի փոխարեն այսուհետ գումար կհատկացվի: «ՊՆ-ն երկար տարիներ ծխախոտ էր գնում ժամկետային զինծառայողների համար: Որոշեցինք այդ գումարը փոխհատուցել դրամական տեսքով, որովհետև կան չծխող զինվորներ, ովքեր դրա փոխարեն ուրիշ բան կցանկանան գնել, կան մարդիկ, ովքեր այլ ծխատոտ են գնում»,- ասաց նախարարը:
3615 | 6
Facebook