Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հայֆիլմ»-ից միայն պատերն են մնացել. ինչ ճակատագիր կունենա կինոստուդիան

16:05, ուրբաթ, 11 նոյեմբերի, 2016 թ.
«Հայֆիլմ»-ից միայն պատերն են մնացել. ինչ ճակատագիր կունենա կինոստուդիան

Վերջերս «Հայֆիլմ» կինոստուդիայի ճակատագրով մտագոհված մի խումբ արվեստագետներ, որոնց թվում էին Հրաչյա Հարությունյանը, Հրաչյա Գասպարյանը, Դավիթ Սահակյանցը, Լևոն Հարությունյանը, Էվելինա Շահիրյանը և այլ սիրված ու հայտնի անձինք, երիտասարդ ռեժիսոր Հայկ Բաբայանի նախաձեռնությամբ, դիմել էին Մշակույթի նախարարություն` խնդիրը վերանայելու պահանջով:

Նրանք մասնավորապես նշում էին, որ «Հայֆիլմ»-ից միայն պատերն են մնացել, ուստի խնդրում են պայմաններ ստեղծել, որ կինոստուդիայում հնարավոր լինի աշխատել: «Հայֆիլմ»-ի շենքը պետք է վերանորոգել, տաղավարներն ու ռեկվիզիտը վերականգնել, որպեսզի հնարավոր լինի մեծամասշտաբ նկարահանումներ իրականացնել:

Ի՞նչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել Մշակույթի նախարարությունն այս խնդրի լուծման համար, այս հարցով MAMUL.am-ը դիմեց Մշակույթի նախարարություն, որտեղից ի պատասխան «Հայֆիլմ» կինոստուդիայի վերագործարկման վերաբերյալ մեզ տեղեկացրեցին, որ 2016 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ պետությանը վերադարձված «Հայֆիլմ» կինոստուդիայի ենթակառուցվածքների լիարժեք վերագործարկման համար անհրաժեշտ են ֆինանսական մեծ ներդրումներ, ինչը պետբյուջեի հաշվին առայժմ հնարավոր չէ իրականացնել:

«ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը վերջերս հանդիպման էր հրավիրել «Հայֆիլմի վերածնունդ» ֆեյսբուքյան նախաձեռնության հեղինակ, ռեժիսոր Հայկ Բաբայանին` ծանոթանալու նրա առաջարկած լուծումներին:

Կարևորելով հայկական կինոարտադրության զարգացման գործում «Հայֆիլմ» կինոստուդիայի դերակատարությունը, միևնույն ժամանակ ողջունելով «Հայֆիլմ» կինոստուդիայի հետագա ճակատագրով մտահոգ անհատների և հասարակական կառույցների դիրքորոշումը կինոստուդիայի շուտափույթ վերագործարկման առնչությամբ` ՀՀ մշակույթի նախարարությունը խնդրի համակողմանի և արդյունավետ լուծման ուղղությամբ ներկայում բանակցում է հայաստանյան և միջազգային տարբեր կառույցների և գործարար շրջանակների հետ»,- պարզաբանեցին Մշակույթի նախարարությունից:

5643 | 0
Facebook