Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կլինեն նոր խաղացողներ. Ամանորին ընդառաջ իրավիճակը շուկայում հնարավոր է փոխվի». ՏՄՊՊՀ

16:05, հինգշաբթի, 10 նոյեմբերի, 2016 թ.
«Կլինեն նոր խաղացողներ. Ամանորին ընդառաջ իրավիճակը շուկայում հնարավոր է փոխվի». ՏՄՊՊՀ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահն օրեր առաջ հայտարարեց, որ բանանի և դիզվառելիքի նոր ներկրողներ կան: ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը ևս հայտարարել է, որ բենզինի ներկրման ոլորտում «Ֆլեշից» և «CPS»-ից հետո երրորդ ընկերություն է հայտնվել: MAMUL.am-ի թղթակիցը փորձեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից ճշտել, թե ի՞նչ կազմակերպությունների մասին է խոսքը և ի՞նչ սպասելիքներ կան դրա հետ կապված:
    
     ՏՄՊՊՀ մամուլի խոսնակ Գայանե Սահակյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ բենզին ներկրող նոր ընկերությունը «Մաքս պետրոլ»-ն է, որն անհամեմատ ավելի ցածր գնով է կարողացել ձեռքբերում իրականացնել, ինչը պատճառ է դարձել, որպեսզի մյուս ընկերություններն էլ վերանայեն իրենց գնային քաղաքականությունը (նշենք, որ վերջին շրջանում բենզինի գնանկում է նկատվում` 20 դրամի չափով, ինչն էլ մեր զրուցակցի խոսքով` պայմանավորված է մրցակցության խորացմամբ- խմբ.):

Ինչ վերաբերում է բանանին, այստեղ ևս կան մոտ 1 տասնյակի հասնող ընկերություններ. «Նախկինում, կարելի է ասել, միայն «Քեթրին գրուպ» ընկերությունն էր ներկրում իրականացնում: Շուկայում այն մինչև 97 % մասնաբաժին ուներ, այսօր արդեն «Քեթրինի» մասնաբաժինը 70-75 %-ի սահմանում է: Կան մոտ 1 տասնյակի հասնող ընկերություններ, որոնք ներկրումներ են իրականացնում հունվարից սկսած` կապված ԵՏՄ-ում մաքսային սահմանի վերացման հետ: Գերիշխողի մասնաբաժինը, եթե 90 %-ից իջնում է 75 %-ի, ապա հասկանալի է, որ փոքր խմբաքանակների մասին չէ խոսքը»,- մանրամասնեց Գ. Սահակյանը:

Հարցին` արդյոք շուկայում, մրցակցությամբ պայմանավորված, հնարավո՞ր են գնանկումներ, վերջինն ասաց. «Հենց այնպես կանխատեսումներ չենք կարող անել, մենք վերլուծություններ, ուսումնասիրություններ ենք անում և փաստերի հիման վրա ենք պարզաբանում տալիս: Սակայն, չի բացառվում, որ Ամանորին ընդառաջ իրավիճակը փոխվի և նոր խաղացողներ հայտնվեն շուկայում: Եթե կլինեն խոշոր ներկրողներ, որոնք անհամեմատ ավելի մատչելի գներով կկարողանան բանան ներկրել և այստեղ վաճառել, միգուցե դա ընդհանուր շուկայի վրա անդրադառնա: Այսինքն` ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ գնով ձեռքբերումներ կիրականացնեն, ինչ գնով կկարողանան իրենց գործունեությունն այստեղ կազմակերպել, ըստ այդմ գին կորոշվի: Այդ գինը որոշում է շուկան և ոչ մի պետական մարմին կամ կառույց չի կարող նրանց փոխարեն գին թելադրել»:

Ըստ ՏՄՊՊՀ-ի մամուլի խոսնակի, բանանը, հիմնականում, ներկրվում է Էկվադորից և Ռուսաստանից: «Մինչև ԵՏՄ-ի հետ անդամակցելը, ներկրումն իրականացվել է Էկվադորից, ԵՏՄ-ին անդամակցելուց հետո, արդեն, ԵՏՄ անդամ երկրներից, մասնավորապես Ռուսաստանի Դաշնությունից»:

Ներկրողները, ըստ Սահակյանի, երբևիցե արգելքի չեն հանդիպել:

4983 | 0
Facebook