Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մխիթարյանը դարձավ ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի ազգային դեսպան

12:40, չորեքշաբթի, 09 նոյեմբերի, 2016 թ.
Մխիթարյանը դարձավ ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի ազգային դեսպան

Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթր Յունայթեդ»­-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձավ ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի ազգային դեսպան։ Պաշտոնական արարողությունը կայացավ այսօր՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում։
    

Արարողության մեկնարկին ներկաներին ցուցադրվեց ֆիլմ՝ Հենրիխի մասին, որում խոսվում էր մանկության, պատանեկության, Երևանի, կարիերայի զարգացման, և իհարկե նրա հոր՝ Համլետ Մխիթարյանի մասին։
    
Մխիթարյանին դեսպան լինելու պատվին արժանացրեց Հայաստանում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը:

«Հարգելի գործընկերներ, հյուրեր, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ես ուրախ եմ գտնվել այստեղ, ողջունել պարոն Մխիթարյանին։ Անցած 70 տարիների ընթացքում մեր կազմակերպությունը պաշտպանվել է երեխաների իրավունքները: Մեր նպատակների իրականացման համար ջանք ու եռանդ չենք խնայել: Տարբեր ոլորտների ներկայացուցիչներն ամեն ինչ ներդրել են՝ երեխաների կողքին լինելու համար: Ուրախ ենք, որ Մխիթարյանը միացավ մեզ։ Որպես երեխաների և առողջ ապրելակերպի վստահ ջատագով՝ Մխիթարյանը խորապես նվիրված է մեր առաքելության գաղափարախոսությանը։ Կրթությունը նպաստում է անհավասարությունների նվազեցմանն ու աղքատության վերացմանը՝ միևնույն ժամանակ օժանդակելով ավելի ներառական հասարակության ընդլայնմանը։ Մենք ուրախ ենք միավորել մեր ջանքերը՝ հանուն Հայաստանում կրթությունը յուրաքանչյուր երեխայի համար առաջնահերթություն դարձնելու գաղափարի։ Մենք շատ շնորհակալ ենք Հենրիխին՝ երեխաների հետ աշխատել համաձայնելու համար: Լինելով «Մանչեսթր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ` նա արդեն իսկ օգնում է: Հուսով եմ, որ միասին կարող ենք շատ ավելին անել: Շնորհակալություն»,- Ռադոչայի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։
    

Մխիթարյանն, իր հերթին, ողջունեց ներկաներին և շնորհակալություն հայտնեց՝ վստահության համար։

«Ուրախ եմ բոլորիդ ողջունել այստեղ։ Շնորհակալ եմ այս կարևոր դերն ինձ վստահելու համար։ Վստահ եմ, որ միավորելով ջանքերը ՅՈւՆԻՍԵՖ-ի հետ, մեծ հաջողոթյունների կհասնենք յուրաքանչյուր երեխայի իրավունքները խթանելու և պաշտպանելու գործում։ Ուրախ եմ հայտարարել մեր համագործակցության մեկնարկի մասին։ ՅՈւՆԻՍԵՖ-ն արդեն 70 տարի աշխատում է հանուն երեխաների կյանքի, նրանց իրավունքների պաշտպանությանը և զարգացման։ ՅՈւՆԻՍԵՖ-ի հետ իմ համագործակցության հենասյունը լինելու է կրթության ոլորտը։ Ցավալի է գիտակցել, որ ոչ բոլոր երեխաները դպրոց հաճախելու, կրթվելու հավասար հնարավորություններ ունեն։ Յուրաքանչյուր երեխա պետք է զարգանա՝ հնարավորություն ունենալով հասարակության համար պիտանի քաղաքացի դառնալ։ Ես փորձելու եմ խրախուսել հայ ընտանիքներին, ակտիվ քայլեր ձեռնարկել, որպեսզի յուրաքանչյուր երեխայի համար հավասար հնարավորություններ ստեղծվի»,- նշեց Մխիթարյանը:
     Այնուհետև կողմերը հուշագրեր ստորագրեցին, Մխիթարյանին հանձնվեց ՅՈւՆԻՍԵՖ գրությամբ խաղաշապիկ և ՅՈւՆԻՍԵՖ-ի խորհրդանշական գնդակ, որի վրա Մխիթարյանը թողեց իր ինքնագիրը:
    

3185 | 0
Facebook