Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Երևան» ԲԿ-ի սեփականատերերի միջև ծագած կոնֆլիկտի պատճառով տուժում է ոչ միայն հիվանդանոցն, այլև 175 հոգանոց բուժանձնակազմը

15:25, երեքշաբթի, 25 հոկտեմբերի, 2016 թ.
«Երևան» ԲԿ-ի սեփականատերերի միջև ծագած կոնֆլիկտի պատճառով տուժում է ոչ միայն հիվանդանոցն, այլև 175 հոգանոց բուժանձնակազմը

Վերջին շրջանում մամուլում բուռն քննարկվում է «Երևան» բժշկական կենտրոնի լուծարման և նրա համասեփականատերերի` կենտրոնի գլխավոր վիրաբույժ Տարոն Տոնոյանի և Հայկ Բալայանի միջև ստեղծված կոնֆլիկտը:
     Խնդիրը նրանում է, որ բժշկական կենտրոնը պարտքեր ունի հարկային ծառայությանը` մոտ 2 մլն դրամից ավելի, ինչի պատճառով կալանք է դրված բանկային հաշիվների վրա, սակայն խնդիրը, պարզվում է, ոչ այնքան կուտակված պարտքն է, որքան ԲԿ-ի սեփականատերերի միջև ծագած կոնֆլիկտը, որոնք փոխհամաձայնության չեն գալիս տնօրենի ընտրության հարցում:
     Այս պահին բուժկենտրոնում հիվանդներ և բուժանձնակազմ չկա, հոսանքն էլ անջատված է:
     MAMUL.am-ի թղթակիցը ստեղծված վիճակի շուրջ զրուցել է «Երևան» ԲԿ կենտրոնի գլխավոր վիրաբույժ Տարոն Տոնոյանի հետ:
     Վերջինը փոխանցեց, որ այս պահի դրությամբ հիվանդանոցն իսկապես չի գործում, պատճառն այն է, որ ԲԿ-ն տնօրեն չունի և փոխարենն ունի պարտքեր պետությանը:
     «Եթե հիվանդանոցը գործադիր տնօրեն ունենար, ապա նման խնդրի առաջ չէինք կանգնի, այս պարտքը գոյացել է, քանի որ տնօրեն չենք ունեցել: Խնդիրն ամենևին էլ ֆինանսականը չէ, եթե մեզ հնարավորություն տան, հիվանդանոցը կաշխատացնենք և մի քանի ամսում կկարողանանք բոլոր պարտքերը մարել»,- ասաց Տոնոյանը` նշելով, որ նախկին տնօրենն աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն, քանի որ առողջական խնդիրներ ուներ:
     Նա նշեց, որ բազմիցս առաջարկել է իր գործընկերոջը, հիվանդանոցի մյուս սեփականտեր Հայկ Բալայանին, որն ի դեպ, Զորի Բալայանի որդին է, նոր տնօրեն նշանակել, մինչդեռ վերջինը ոչ մի կերպ չի համաձայնել: «Նպատակն ինձնից ազատվելն է, այսպես ասած` ինձ «քցելը» և իմ մասնաբաժինն իմ ձեռքից խլելը, ամբողջ կլինիկան իրենով անելը»,- ասաց Տոնոյանն, ում խոսքով Հ. Բալայանն իրեն մեղադրում է յուրացումների մեջ, որպեսզի ինքը դառնա տնօրեն:
     «Ես այսօր էլ աշխատում եմ, իմ հիվանդներն ունեմ, նրանց վիրահատում եմ ուրիշ հիվանդանոցներում, քանի որ ապրել է պետք…: Ես նույնիսկ իմ բժիշկներին են փորձում օգնել` ասպարեզ ապահովելով տարբեր տեղերում, սանիտարկեքին եմ տեղավորում աշխատանքի, այդ հարցերով խնդրում եմ տարբեր մարդկանց, որովհետև իսկապես չգիտեմ` իմ գործընկերը երբ իր ոչ կոնստրուկտիվ առաջարկից դուրս կգա դեպի նորմալ դաշտ: Ես միայն իրենց բացատրում եմ, որ կոնֆլիկտով չի կարող հարցը լուծվել միակողմանի, դա միայն պատերազմի ժամանակ է այդպես լինում. մեկը հաղթում է, մյուսը` կապիտուլյացիայի է ենթարկվում, իսկ եթե մենք խաղաղ ճանապարհով ենք ուզում լուծել, ուրեմն պետք է դուրս գանք չեզոք դաշտ, չեզոք մարդ բերել, աշխատել, ժամանակ շահել, վերականգնել հիվանդանոցի շրջապտույտը, հետո նոր մյուս հարցերը լուծել»:
     «Ես իմ գործընկերոջն ասել եմ` ընկեր ջան, գողացե՞լ եմ քեզնից, պետությունից, դատի տվեք: Ես ընկերությանը պատճառած վնասը մի քանի անգամ կրկնապատիկ, եռապատիկ կփոխհատուցեմ, բայց թող հիմնարկն աշխատի…: Չի ուզում լսել, նա մտածում է, որ ինքը շանսեր ունի ինձանից ավելի շատ պոկելու, խլելու, և չի հանգստանա»,- ասաց Տ. Տոնոյանը:
     Հավելենք, որ օրերս Առողջապահության նախարարը լրագրողների հետ հանդիպմանն` անդրադառնալով «Երևան» ԲԿ-ում ստեղծված ճգնաժամային վիճակին, ասել էր, որ այս հարցում նախարարությունը չի տեսնում իր դերը: Նշել էր, որ մեր 3 միլիոնանոց համաքաղաքացիների առողջության սպասարկմանն առնչվող խնդիրները «Երևան» ԲԿ-ի միջոցով են կատարվում, թե առանց նրա, նախարարությանն այնքան էլ չի հետաքրքրում:
     Մեկնաբանելով նախարարի խոսքերը` Տարոն Տոնոյանը նշեց. «Ես շատ կուզեի, որ ինքն ավելի գործուն մասնակցություն ունենար` կարգավորեր այս հարցը: Իհարկե, այդ տեսանկյունից ինձ չբավարարեց իր պատասխանը: Ես նաև կուզեի, որ մի փոքր մտահոգություն հայտներ գոնե 175 աշխատողների համար, որոնք ինքնըստինքյան գործազուրկ են դառնում. այդ մարդիկ ո՞ւր են գնալու: Հնարավոր է` նա իր ձևակերպումների մեջ մի փոքր անզգույշ եղավ, բայց ես սպասված մտահոգությունը չտեսա…: Վստահեցնում եմ` էրեբունի հիվանդանոցն էլ եթե փակվի, առողջապահության համակարգը չի տուժելու, պարզապես այստեղ շատ ուրիշ հարցեր կան»,- ասաց մեր զրուցակիցը` կարծիք հայտնելով, որ նախարարությունը գործիքներ չունի խնդրին անմիջականորեն ազդելու:
     Հարցին, եթե նախարությունն, ի դեմս նախարարի, հայտարարում է, որ այս հարցի կարգավորման մեջ չի տեսնում իր խնդիրը, ապա էլ ո՞ւմ պետք է դիմել, կա՞ արդյոք մեկ այլ կառույց, որը կարող է զբաղվել այս հարցով, Տոնոյանը, ցավով արձանագրեց, որ նման կառույց չկա:

6702 | 0
Facebook