Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Որևէ մեկն աշխատանքից չի ազատվելու». «Հայփոստ»-ի պարզաբանումը` Հրազդանի մասնաճյուղի աշխատակիցների բողոքի առնչությամբ

16:25, ուրբաթ, 14 հոկտեմբերի, 2016 թ.
«Որևէ մեկն աշխատանքից չի ազատվելու». «Հայփոստ»-ի պարզաբանումը` Հրազդանի մասնաճյուղի աշխատակիցների բողոքի առնչությամբ

MAMUL.am-ի թղթակիցը երեկ անդրադարձել էր Կոտայքի մարզում գտնվող «Հայփոստ» ՓԲԸ-ի Հրազդանի մասնաճյուղի աշխատակիցների բողոքին: Նրանք ահազանգել էին, որ իրենց փոստային մասնաճյուղը շուտով լուծարվելու է և միացվելու Սևանի մասնաճյուղին, ինչի արդյունքում 14 աշխատակիցներ զրկվելու են աշխատանքից: Նրանք մտահոգություն էին հայտնել, որ կառուցվածքային փոփոխությունների անվան տակ մասնաճյուղը լուծարելու գլխավոր նպատակը ոչ միայն աշխատանքը այլ վայր տեղափոխելն է, այլև` իրենց հերթով աշխատանքից ազատելն ու հիմնարկությունը վաճառելը:
     «Հայփոստ»-ի մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը մեր թղթակցի հետ զրույցում անդրադառնալով խնդրին ասաց, որ մասնաճյուղի լուծարումն ընդամենը պայմանավորված է «Հայփոստն» արդիական փոստային ծառայություն դարձնելու գործընթացով և որևէ աշխատակցի կրճատելու կամ գործազուրկ դարձնելու նպատակ չի հետապնդում: «Փոստային մասնաճյուղերը միջանկյալ, հավելյալ օղակ են, որի անհրաժեշտությունն այլևս չկա: Հայաստանի գրեթե բոլոր մարզերում արդեն չկան մասնաճյուղեր: Փոստային մեծ կենտրոնը, որը կատարում է փոստային հիմնական ֆունկցիան` Սևանում է տեղակայված: Սևանի մասնաճյուղն ամբողջ Գեղարքունիքին է սպասարկում, սպասարկում է ամբողջ Տավուշը և հիմա նրան միանում է նաև Հրազդանը»,-բացատրեց Գ. Աբրահամյանը` հավելելով, որ այս պահին, ֆրանսիական «Լա Փոստ»-ի հետ համատեղ ուժերով իրականացվում է մի մեծ ծրագիր, որն ուղղված է «Հայփոստի» զարգացման և վերակազմավորման օպտիմիզացիային:
     Նրա խոսքով` մասնաճյուղը լուծարել` չի նշանակում, որ պետք է որևէ մեկին աշխատանքից ազատել կամ որևէ բաժանմունք լուծարվի. «Որևէ բաժանմունքից որևէ մարդ աշխատանքից դուրս չի գալիս և որևէ գործառույթ չի նվազեցվում: Խոսքը գնում է զուտ մասնաճյուղի մասին, որտեղ 11, թե 13 աշխատակից կա, և աշխատում ենք նրանց բոլորին աշխատանք առաջարկել»,- շարունակեց մեր զրուցակիցը` նշելով, որ «Հայփոստը» շատ աշխատակիցների աշխատանքներ է առաջարկում հենց Հրազդան քաղաքում, նաև հարակից Ծաղկաձորում. «Ընդամենը տրանսպորտով գնալու հարցն է այստեղ. ինչ վերաբերվում է այն մարդկանց, ովքեր պետք է Սևանում աշխատեն, նրանց տրանսպորտի համար տրամադրվում է նաև հավելավճար»:
    
Հարցին, թե աշխատակիցները նշում են, որ «Հայփոստի» Հրազդանի մասնաճյուղը սեփականատեր ունի և հենց նա է կայացրել այն լուծարելու, ապա վաճառելու որոշումը, Գ. Աբրահամյանն ասաց, որ «Հայփոստ» ՍՊԸ-ն, այս պահի դրությամբ, պետական սեփականություն է, իսկ սեփականատերը Հայաստանի Հանրապետությունն է. «Երբ որ կվաճառվի, այդ ժամանակ կխոսենք արդեն սեփականատիրոջ մասին»,- ասաց նա:
     Աշխատակիցները, մեր թղթակցի հետ զրույցում նաև պնդում էին, որ իրենց մասնաճյուղը լուծարելու մասին տնօրինության կողմից նախապես գրավոր չի տեղեկացվել, ինչն անօրինական է:
     «Այդ մարդիկ նախօրոք զգուշացվել են և´ գրավոր, և´ բանավոր` առանձին-առանձին: Բոլորին առաջարկվել է աշխատանք, հիմա` մեկը համաձայն է, մյուսը համաձայն չէ»,- եզրափակեց Գևորգ Աբրահամյանը` նշելով, որ «Հայփոստն» իր հնարավորությունների սահմանում է գործում և դրա շրջանակում էլ այդ մարդկանց աշխատանք է առաջարկել:
     Հիշեցնենք, որ երեկ «Հայփոստի» Հրազդանի մասնաճյուղի աշխատակիցները նշել էին, որ մյուս բաժանմունքների աշխատակիցները նույնպես որոշակի դժգոհություններ ունեն ստեղծված իրավիճակի հետ կապված և մտավախություն, որ նույն խնդրին, վաղ թե ուշ, իրենք էլ են բախվելու:

2850 | 0
Facebook