Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Սփյուռքի, ԱԳՆ-ի և Մայր Աթոռի «բացակայության» պատճառով է, որ Սիրիայի մեր հայրենակիցներն այսպիսի ծանր օրեր են ապրում». Սարգիս Հացպանյան

14:05, ուրբաթ, 07 հոկտեմբերի, 2016 թ.
«Սփյուռքի, ԱԳՆ-ի և Մայր Աթոռի «բացակայության» պատճառով է, որ Սիրիայի մեր հայրենակիցներն այսպիսի ծանր օրեր են ապրում». Սարգիս Հացպանյան

MAMUL.am-ի թղթակցի զրուցակիցն է սփյուռքահայ հասարակական գործիչ, մտավորական, արցախյան պատերազմի մասնակից Սարգիս Հացպանյանը:


     -
Պարոն Հացպանյան, այս օրերին շատ է խոսվում հալեպահայերի Հայաստան գալու մասին: Կան իրարամերժ տեսակետներ. ՀՀ սփյուռքի նախարարության պաշտոնյաները նշում են, թե հալեպահայերը իրենք չեն ուզում գալ հայրենիք, իսկ վերջիններն էլ ասում են, որ Հայաստանի իշխանությունների կողմից նման առաջարկ չի եղել: Իրականում ի՞նչ է կատարվում, կարո՞ղ եք պարզեցնել:


     - Հալեպահայերի ցանկացած որոշում, ինչպիսին էլ որ լինի, պետք է հարգել և իշխանությունների առաջարկը` նրանց հայրենիք տեղափոխելու, թեկուզ մերժելու իրավունք ունեն: Թե´ Սփյուռքի, թե´ Արտաքին գործերի նախարություններն այս տարիներին ցույց տվեցին, որ իրենք բարձրության վրա չեն գտնվում և չեն կարողանում այս հարցին, այսպես ասած, որևէ մոտեցում ցուցաբերել, չկա որևէ ծրագիր այս հարցի շուրջ: Իրենց մոտ ամեն ինչ բարձիթողի վիճակում է: Ես լսել եմ Սփյուռքի փոխնախարար Սրապիոնյանի ասածները և ամոթից գետինն եմ մտել. այն, որ ասում էր, թե իրենք ամեն ինչ անում են, բայց հալեպահայությունը չի գալիս: Ուրեմն, եթե նույնիսկ Սրապիոնյանի ասածի մեջ ճշմարտություն լինի կամ դա իրականությանը համապատասխանի, նշանակում է, որ Հայաստանն այն աստիճանի հայրենիք չի, որ քո հայրենակիցը չի ցանկանում իր գալ և ապրել իր հայրենիքում: Այստեղ հալեպահայությունը որևէ մեղք չունի: Սա նույնպես մեր պետական իշխանական այրերի պատճառով է, որ Հայաստանն արդեն լքում, գնում են: Այստեղ ծնվածն է գնում, ուր մնաց դրսից եկածին մեղադրես, թե ինչու չի գալիս: Ես դատապարտում եմ մեր իշխանությունների կեցվածքը, որովհետև տարիներ առաջ, իմ ուսանողության ժամանակ, Սուդանում և այլուր, որտեղ այսպիսի պատերազմական իրավիճակ էր տիրում, այնտեղ էր ապրում նաև սևամորթ, բայց հուդդայադավան ժողովուրդ, որոնց կոչում են ֆալաշներ, Իսրայելի ղեկավարությունն, առանց որևէ մեկի հետ խորհրդակցելու, քննարկելու, ինքնաթիռներով օդ բարձրացավ, այդ պետերազմական ժամանկաշրջանում վայրէջք կատարեց, և իր հուդդայադավան ֆալաշներին վերցրեց, թռավ Իսրայել ու տեղավորեց: Սա ես տեսել եմ իմ երիտասարդական տարիներին, երբ ուսանող էի Փարիզում. ճիշտ նույն մոտեցումը մեր պետության ղեկավարության կողմից պետք է լիներ այսօր: Երկար տարիներ ՀՀ իշխանությունների մաս կազմող Հայ հեղափոխական դաշնակցությունը, որը չգիտես ինչու անընդհատ ասում է, որ հալեպահայերը այնտեղ պետք է մնան, այնտեղ ունեն համայնք և չգիտեմ ինչ, ո՞ւր է այդ համայնքապետը: Եթե կա` ուրեմն թող բարի լինի պաշտպանել իր հայրենակիցներին, ապահովել կեցության պայմաններով և սննդով: Դաշնակցության ունեցած գումարը երևի ՀՀ բյուջեին չի զիջում: Դաշնակցությունը 32 երկրներում իր շրջանառվող միջոցներից, եթե գեթ 1 %-ը տրամադրեր հալեպահայության կարիքները հոգալուն, մենք այսօր բոլորովին ուրիշ պատկեր կունենայինք: Սա պարզ ճշմարտություն է և սփյուռքում ապրող յուրաքանչյուր մարդ դա գիտի. եթե Հայաստանում չգիտեն, ապա դրսում ապրողները գիտեն:


     - Օրերս, ՀՀ սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը հայտարարեց, որ Սիրիայի Հանրապետության քաղաքացիներին Հայաստան տեղափոխելը հեշտ չէ, քանի որ նրանք այդ պետության հանդեպ բազմաթիվ պարտականություններ ունեն, այդ թվում նաև` բանկային ինչ-ինչ խնդիրներ, հետևաբար տեղի իշխանությունների թույլտվությունը պետք է ունենան երկրից դուրս գալու համար: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը:


     - Դա միայն ծիծաղ է առաջացնում, նրանք ամեն ինչ պետք է անեն, որ արդարացնեն իրենց անգործունակ, անմեղսունակ վիճակը: Իրոք, սփյուռքի նախարարությունը դա խայտառակություն է: Հայաստանում երեք կառույցների` Սփյուռքի և Արտաքին գործերի նախարարությունների և Մայր Աթոռ սուրբ էջմիածնի «բացակայության» պատճառով է, որ մինչ այսօր Սիրիայում գտնվող հայրենակիցներն ամեն տեսակի դժվարությունների հանդիպեցին: Ենթադրենք, ես Հայաստանում բանկերին պարտք ունեմ, ինձ իշխանությունները կարգելե՞ն որպեսզի գնամ, ասենք օրինակ, Փարիզ: Ինչպե՞ս կարող է բանկի ղեկավարությունն իմ տեղաշարժման իրավունքը սահմանափակել: Այնտեղ, ինչպես շատ երկրներում, զինակոչիկի տարիքի երիտասարդի առջև արգելանք է օրենքով դրվում, նաև մեզ մոտ: Ով զինապարտ է և պետք է բանակ գնա ծառայի, չի կարողանում երկիրը լքել: Իսկ հալեպահայերը լինելով Սիրիայի քաղաքացիներ, ըստ էության, իրենց քաղաքացիական պարտքը կատարում են և ծառայում են Սիրիայի Հանրապետությանը: Ես նման պատճառաբանությունը լուրջ չեմ ընդունում, դա քննարկման ենթակա չէ:


     - Տեղեկություն ունե՞ք, այս պահին որքա՞ն հայ է մնացել Հալեպում, ի՞նչ վիճակում են նրանք:


     - Հալեպահայությունն այս պահին ամենավատթար վիճակում է գտնվում: Ես երեկ հալեպահայերի եմ հանդիպել, և նրանց ասելով` մոտավորապես 8-9 հազար հայրենակից կա այնտեղ: Չկա որևէ կառույց, որ ստույգ թիվ իմանանք, որտեղի՞ց իմանանք: Պատերազմ է, ո՞վ կկարողանա այդ թվերը ճշտել:


     - Այդ վտանգավոր գոտուց հալեպահայերին դուրս բերելու ի՞նչ ուղիներ եք տեսնում:


     - Հիմա ես մի նախաձեռնությամբ եմ ուզում հանդես գալ: Նախաձեռնության մեջ ընդգրկված մարդկանց մոտ այնքան մեծ է զայրույթը, երբ տեսնում են` չկա իշխանություն, չկա սրտացավ կառավարություն, սփյուռքի նախարություն և այլն: Բայց դա չի նշանակում, որ չկա Հացպանյան Սարգիս, չկաք դուք, չկան ուրիշ հայրենասեր մարդիկ: Արդեն համացանցով տարբեր մարդիկ տարբեր առաջարկներով են հանդես գալիս, որ յուրաքանչյուր հայ, հայաստանաբնակ հայ, պետք է դռները բացի իր հայրենակիցների առջև և մեզնից յուրաքանչյուրն իր ներդրումն ունենա այդ մարդկանց Հալեպից Հայաստան տեղափոխման գործում: Պետք է դրվի այստեղ` մեր տներում նրանց տեղավորվելու հարցը: Բավականին շատ մարդիկ կան, ովքեր հետաքրքրված են այդ ծրագրով: Նրանք հայերանասեր, պարզ, մարդիկ են: Մենք հիմա փորձում ենք կյանքի կոչել այդ գաղափարը, բայց քանի որ ամեն ինչի հիմքում նյութականն է, մինչդեռ, նկատենք, մեր քայլն ավելի շատ բարոյական է, քան նյութական, բնականաբար, դժվարություններ կլինեն: Կլինեն, որովհետև մենք դոդի Գագո չենք, լֆիկ Սամո չենք, Հայաստանում անհաշիվ մականուններով փողատերեր կան: Մեր հայրենակիցների մեջ կային մարդիկ, որոնք ասացին, որ պետք է դիմել նրանց, որին ես ինքս հակառակվեցի, որովհետև այն, ինչ ես եմ տեսնում ու զգում, դոդի Գագոն չի՞ տեսնում և զգում, կամ լֆիկ Սամոն չի՞ տեսնում ու զգում. ամոթ չի՞, որ իրենք հայ են հորջորջում…: Ես, այնուամենայնիվ, ուզում եմ անպայման այս նախաձեռնությամբ հանդես գալ, որպեսի ցույց տանք համայն հայությանը և ՀՀ իշխանություններին, որ դու անտարբեր լինես-չլինես և շարունակես քո այս հանցավոր կեցվածքը, հայ ազգն ինքն ունի իր զավակները և տեր կանգնելու հայտ կներկայացնի ցեղասպանության վտանգի տակ գտնվող իր հայրենակիցներին:


     - Պարոն Հացպանյան, այնուամենայնիվ, ինչո՞ւ հենց այս ժամանակաշրջանում հրթիռակոծվեցին հայկական թաղամասերը: Ինչի՞ հետևանք էր դա:


     - Թուրքիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Իսրայել: Այս եռանկյունու մեջ է Ձեր հարցի պատասխանը: ԱՄՆ-ն, որը, կարծես թե, Հայաստանի կողքին է, իրականում մեր բռնազավթված Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի հողերի վրա ռազմական բազաների վարձակալ է հանդիսանում Թուրքիայի հանարպետությունում, թիկունք է էրդողանյան Թուրքիայի համար և Իսրայելն է այդ տարածաշրջանում բոլոր քարերը տեղաշարժ անողը: Իրենց համար շատ ձեռնտու է ոչ միայն Հայաստանն առանց հայերի, այլև` տարածաշրջանը, ինչը իրականացնելու համար այդ եռյակը ջանք ու եռանդ չի խնայում...: Այսինքն` ինչ կատարվում է Սիրիայում, դա Թուրքիայի Հանրապետությանը ձեռնտու ծրագիր է, որի իրականացմանը մասնակից են ԱՄՆ-ն և Իսրայելը: Սա անքննելի փաստ է: Ես կուզենայի, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից հանդես եկող որևէ պաշտոնյա կարողանար հիմանվորելով հերքել այս իմ ասածը: Այսօր ԱՄՆ-ն աջակցում է հայությանը, քանի որ երկու ընտրություններ ունեն իրենք, իսկ մեր հայրենակիցների քվեները կարևոր են, դրանք քաղաքական միավորներ են ավելացնելու իրենց թեկնածուների հաշվին: Ռուսաստանի մեղքը ևս շատ մեծ է հայերի առաջ, և չկարծեք, որ նա այս հարցում զիջում է վերը նշված պետություններին: Ռուսաստանը, եթե ուզենար, Հալեպը վաղուց ազատագրված կլիներ տարբեր խամաճիկների և ահաբեկչական խմբավորումների ձեռքից, և կարող էր վահան սարքել` անձեռնմխելի դարձնելով Հալեպը: Չկա Հալեպ, չկա Սիրիական Հանրապետություն: Հալեպ նշանակում է Հայաստան: 1915 թվականից հետո, Դեր Զորից հետո, մեր ազգի մոխիրներից հառնելով և ծնունդ տվող Հալեպը, որը հայության օրորոցն է, այսօր ծանր կացության մեջ է: Այն հայ ազգին կյանք տվող քաղաքն է և մենք ամբողջ հայությամբ ենք մեղավոր, որ չկարողացանք այդ սքանչելի համայնքին տեր կանգնել, նրանց կողքին լինել: Ես ուզում եմ գետինը մտնել, որ չկարողացա ինքս իմ ներուժով սիրիահայ հայրենակիցներին որևէ կերպ պիտանի լինել…իրենց ճակատագրի համար մենք ամենքս ենք մեղավոր:

7201 | 1
Facebook