Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կարմիր ծաղիկ մը գարունի» ֆիլմը` հեղինակավոր կինոփառատոնին

21:15, չորեքշաբթի, 05 հոկտեմբերի, 2016 թ.
«Կարմիր ծաղիկ մը գարունի» ֆիլմը` հեղինակավոր կինոփառատոնին

«Կարմիր ծաղիկ մը գարունի» ֆիլմը երիտասարդ ռեժիսոր Լիա Քոչարյանի առաջին կարճամետրաժ ֆիլմն է, որը մասնակցում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում անցկացվող հեղինակավոր` «GLENDALE INTERNATIONAL FILM FESTIVAL 2016» փառատոնին և նոմինացված է երեք անվանակարգում ` Լավագույն միջազգային կարճամետրաժ ֆիլմ, Լավագույն ռեժիսոր, Լավագույն դերասանուհի:

Ինչպես MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ռեժիսորը, ֆիլմն իր մեջ մի քանի իմաստ է ներառում. «Կուզեմ առանձնացնել ամենագլխավոր և հիմնական գիծը` սեր: Սա է ֆիլմի հիմնական գաղափարը: Սիրել ընկերոջդ, գործդ, հայրենիքդ: Սերդ այնքան ուժգին պետք է լինի, որ, ոչինչ չկարողանա այն կոտրել, չէ որ, երբ կորցնում ես, վերադարձնելն անհնարին է լինում: Պետք է ժամանակին գնահատել այն, ինչ զգում ես և ունես»,- համոզված է ռեժիսորը:

Ֆիլմը նվիրված է հայ մեծանուն գրող Միսաք Մեծարենցին, և կրում է նրա հայտնի «Կարմիր ծաղիկ մը գարունի» ստեղծագործության անվանումը:

Լիա Քոչարյանը պատմեց, որ ֆիլմի սցենարը գրել է կոլեգայի կյանքի պատմության հիման վրա: «Երկար ժամանակ մի հայ աղջկա հետ էր շփվում համացանցով, աղջիկը Մոսկայում էր ապրում, Հայաստանում չէր եղել, բայց մեծ երազանք ուներ տեսնել իր հայրենի երկիրը: Տղան իրականացրեց աղջկա երազանքը, իհարկե սկզբում համացանցի միջոցով, վիրտուալ ձևով ուղեկցելով նրան Հայաստանի գեղեցիկ և պատմամշակութային վայրեր, դարձավ և՛ գիդ, և՛ լուսանկարիչ: Պատմությունն ինձ շատ ոգևորեց և ես ընդհատեցի կոլեգայիս, չէի ուզում լսել տխուր վերջաբան, իմ ֆիլմն արդեն ուներ իր երջանիկ ավարտը»,- պատմեց Լիան:

Ֆիլմն արդեն մասնակցել է «Արտ Ֆեստ» Միջազգային երիտասարդական Բաց փառատոնին, ցուցադրվել «Մոսկվա» կինոթատրոնի էկրանին:

Լիան խոստովանեց, որ ֆիլմը փառատոնին ներկայացնելիս որևէ ակնկալիք չուներ: «Երբ քո կատարած աշխատանքը ներկայացնում ես հանրությանը, մանավանդ նման հեղինակավոր կինոփառատոններին, արդեն իսկ մեծ հաջողություն է, երբ մարդիկ հնարավորություն ունեն գնահատելու քո չարչարանքը, իսկ դա շատ կարևոր է ստեղծագործ մարդու համար, որպեսզի մշտապես աճես և վեր բարձրանաս: Ֆիլմի ցուցադրումը հոկտեմբերի 2-ին էր, մի քանի օրից կիմանանք արդյունքերը, բայց լսելով փառատոնի ժյուրիից և հանդիսատեսից դրական արձագանքներ , հնարավոր չէ լավ ակնկալիքների չսպասել»,- ամփոփեց ռեժիսորը:

3960 | 0
Facebook