Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Միհրան Պողոսյանի օֆշորային գործերի ուղղությամբ բազմակողմանի և անկողմնակալ քննություն է տարվում». ՀՔԾ պաշտոնյայի պարզաբանումը

14:45, չորեքշաբթի, 28 սեպտեմբերի, 2016 թ.
«Միհրան Պողոսյանի օֆշորային գործերի ուղղությամբ բազմակողմանի և անկողմնակալ քննություն է տարվում». ՀՔԾ պաշտոնյայի պարզաբանումը

ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի՝ Պանամայի օֆշորային գործարքների հետ կապված սկանդալային գործի վերաբերյալ դեռևս ոչ մի նորություն չկա, թեպետ այդ նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել:

MAMUL.am-ի թղթակիցը փորձեց ՀՔԾ-ից պարզել, թե ինչ փուլում է այդ գործի քննությունը:

Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Մ. Պողոսյանի գործի հետ կապված այս պահին քննություն է ընթանում: «Բազմակողմանի և անկողմնակալ քննություն վարելու համար ժամանակ է հարկավոր: Մեկ-երկու օրվա գործ չէ»,- կարճ ասաց մեր զրուցակիցը: Հարցին, թե մոտավորապես որքան կտևի այդ աշխատանքը, պատասխանեց, որ ժամկետների մասին ոչինչ ասել չի կարող:

Կոնկրետ այս գործին, որ երբևէ կբացահայտվի այն կամ պատասխանատվության կենթարկվեն մեղավորները, թե´ հանրությունը, թե´ քաղաքական-հասարակական ոլորտի ներկայացուցիչները թերահավատորեն են վերաբերվում, քանզի ինչպես փորձն է ցույց տվել, նմանատիպ աղմկահարույց քրեական գործերն իրականում կոծկվում են և մնում չլուծված:

Օրինակ, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն այն կարծիքին է, որ նման պարագայում, երբ բացահայտվել է որևէ պաշտոնյայի կամ կառույցի կողմից կատարված անօրենությունները, չպետք է մեղադրել վերջիններին, քանի որ Հայաստանում ամեն ինչի համար պատասխանատու է Սերժ Սարգսյանը. «Ս. Սարգսյանն ասում էր` պետք է «գլխից բռնել», այո´, ես էլ եմ այդ կարծիքին, որ պետք է «գլխից բռնել» և սխալ է այսօր ինչ-որ երևույթի համար մեղադրել ուրիշ մեկին…: Այսօր լրատվամիջոցները փորձում են ինչ-որ մարդկանց վերաբերյալ հարցեր ճշտել. ես կարծում եմ` Հայաստանում ցանկացած նման հարց Սերժ Սարգսյանից է կախված, ուստի չեմ ուզում խորանալ նման թեմաներով: Կարճ ասեմ` հասցեն Բաղրամյան 26-ն է և ամեն հարցում պետք է մեղադրել այնտեղ նստող մարդուն և ոչ թե Միհրան Պողոսյանին կամ որևէ մեկին»,- MAMUL.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց Արամ Հարությունյանը:

Հիշեցնենք` սույն թվականի ապրիլի 3-ին Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը հրապարակել էր «Պանակական փաթեթ», որում ներկայացված էր փողերի լվացմամբ զբաղվող ավելի քան 100 հազար օֆշորային կազմակերպության անուն: Հետաքննության կենտրոնում էին հայտնվել մի շարք երկրների առաջնորդներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, հայտնի մարզիկներ և այլք: Մասնավորապես, այդ ցուցակում էր հայտնվել ՀՀ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի անունը, ով այդ սկանդալից հետո ստիպված հրաժարականի դիմում ներկայացրեց:

Այնուհետև, ՀՔԾ-ն ՀՀ քրեական օրենսգքրի 310 հոդվածի հատկանիշներով քրեական գործ հարուցեց (Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով): Անցել է հինգ ամիս, առ այսօր քննություն է տարվում այդ ուղղությամբ:

3678 | 0
Facebook