Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մեր մշակույթը վերջնականապես կացնահարելու հանցավոր գործողություն». մշակութային գործիչներն ու մշակութասեր հանրությունն ընդվզում են ընդդեմ Հանրային հետուստաընկերության

12:10, կիրակի, 25 սեպտեմբերի, 2016 թ.
«Մեր մշակույթը վերջնականապես կացնահարելու հանցավոր գործողություն». մշակութային գործիչներն ու մշակութասեր հանրությունն ընդվզում են ընդդեմ Հանրային հետուստաընկերության

«Սա արդեն սպառում է հույսի նշույլը: Եվ հաղորդումը վարելու են ճանաչված, սիրված ՀՀ ժող. արտիստներ...
     Ոտքի,՛ հայ ժողովուրդ: Սա երկար մտածված, լավ կազմակերպված և մեր մշակույթը վերջնականապես կացնահարելու հանցավոր գործողություն է: Անհրաժեշտ է այն անհապաղ դադարեցնելու միջոցներ ձեռք առնել»,- ֆեյսբուքյան իր էջում գիտակից հանրությանը կոչ է անում ՀՀ վաստակավոր արտիստուհի Հասմիկ Պապյանը: Իսկ խոսքը վերաբերում է Հանրային հեռուստաընկերության 60-րդ եթերաշրջանի նորույթին` «Ամենակարող երգիչ» նախագծին: «Հեռուստատեսային այս հարթակում կմրցեն ռեստորանային այն երգիչները, որոնց կատարումները սովորաբար ուղեկցում են բոլորիս ուրախ առիթների ընթացքում: Իսկ թե որքանով են նրանք «ամենակարող», կգնահատեն ժյուրիի հիմնական անդամներ Արթուր Գրիգորյանը, Նադեժդա Սարգսյանը, Գրիգոր Նազարյանը և հրավիրյալ անդամներ՝ հաղորդման թեմաներին համապատասխան»,- տեղեկացնում է Հանրային հեռուստաընկերությունը: Իսկ այդ հրավիրյալ երգիչներից մեկն էլ Հայկ Ղևոնդյանն է, նույն ինքը` ռեստորանային ռաբիս երգիչ Սպիտակցի Հայկոն:

Սպիտակցի Հայկո
Սպիտակցի Հայկո
Նախագիծը և մասնավորապես` նրա ժյուրիի կազմը մեծ դժգոհության առիթ են դարձել համացանցում, երաժշտագետների ու երաժշտասերների շրջանում:


     Մշակութային Culture.am կայքը գրում է. «Յուրաքանչյուր քաղաքակիրթ երկրում տվյալ երկրի Հանրային հեռուստաընկերությունը հանդիսանում է ռազմավարական նշանակության օբյեկտ, չէ որ յուրաքանչյուր դասական հեղափոխություն սկսվում է հենց պետական հեռուստաընկերույթյան գրավմամբ: «Հոգևոր հեղափոխություններ»-ը ևս սկսվում են Հանրային հեռուստաընկերությամբ, քանի որ երկրի Հանրայինով ցուցադրվող նախագծերը, հաղորդումներն ուղիղ համեմատական են երիտասարդ սերնդի դաստիարակության և ճաշակի ձևավորման հարցում: Իհարկե, ոչ ոք չի կարող դատապարտել այն արտիստներին, ովքեր իրենց գումարն աշխատում են ռեստորաններում: Քավ լիցի, սակայն ինչ է անում այս ամենի էպիկենտրոնում Հանրային հեռուստաընկերությունը, կամ ինչ գործ ունի Հանրային հեռուստաընկերության եթերում այս նախագիծը: Այսինքն երկրի թիվ մեկ հեռուստաընկերությունը քարոզում է ռաբիս երաժշտությո՞ւն: Երբ շարունակում ես դիտել հաղորդումը, նախագծի առաջին իսկ վայրկյաններից աչքդ հառնում է ժյուրիի կազմին, որտեղ ընդգրկված է ռաբիսի «առաջամարտիկներից» Սպիտակցի Հայկոն, ում հասցեին հաղորդավար Աշոտ Ղազարյանն ասում է՝ «հույսներս դու ես»: Ինչո՞ւմ: Երբ նախագծի շրջանակներում տեսնում ես, թե ինչպես է Սպիտակցի Հայկոն խոսում «լավ խաղերի» մասին ու ինքն էլ, ցուցադրելով այդ «խաղերը», մի հատ էլ արտիստին ասում է «մենք բոլորս ռեստորանային կյանքով ենք ապրում», ապա քեզ այդ պահին միայն մեկ բան է մնում՝ հարցով դիմել ոլորտի պատասխանատուներին. «մի՞թե մենք էլ ոչինչ չունենք սովորեցնելու մեր սերնդին, ոչինչ չունենք ներկայացնելու մեր բարձրակարգ արժեքներից, պետք է ցույց տանք , թե ինչպես դառնալ ռեստորանային երգիչ, այլ ոչ՝ Օպերայի և բալետի թատրոնի մեներգիչ, դառնալ ակումբային երգիչ, այլ ոչ՝ դասախոս կամ դասատու երաժշտական կրթարաններում, ո՞վ է պատասխան տալու իմ ու քո երեխայի վաղվա դաստիարակության հարցում, երբ մեզանից թաքուն երեխան միացնի հեռուսուստաալիքն ու մի հատ էլ սկսի ընդունօրինակել ոչ պրոֆեսիոնալ «խաղերը», «բոլորս էլ ռեստորանային կյանքով ապրելու» հիանալի միտքը»:
     Հասմիկ Պապյանի կոչին է միացել նաև քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը. «Իսկ չի լինի՞ Հանրային հեռուստաընկերությունը միանգամից Փարվանայից հեռարձակվի....Սա սարսափ է»:
     Իրավաբան, պատմաբան, դիվանագետ Արա Պապյանը ևս վրդովված է. «Էս ի՞նչ խայտառակ բան է: Եվ Հ1-ը մեր փողերո՞վ է պահվում»:

Մեծ է դժգոհությունը նաև օգտատերերի շրջանում: Ներկայացնենք դրանցից մի քանիսը:
     «Սա ուղղակի հայ մշակույթն արագ վերացնելուն միտված քայլեր են: Այս կլկլոցն անընդհատ գովազդելու փոխարեն պետք է անընդհատ հեռարձակել հայրենասիրական, ֆիդայական, ժողովրդական, ինչպես նաև գուսանական երգեր: Ես հասկանում եմ, որ խնջույքների ժամանակ այդ երգերի ներքո պարում ենք, սակայն հանրային կամ որևէ այլ հեռուստաալիքով ցուցադրելը սխալ է: Պետք չէ ասել, որ հանրությունը դրա պահանջն ունի. այդպես չի: Ուղղակի տարիների ընթացքում կրթվածության (բառիս խորը իմաստով) մակարդալը հասել է զրոյական մակարդակի, և արդեն չեն տարբերում հայկական և ադրբեջանական երգերը: Չպետք է թևաթափ լինել ու ասել` միևնույնն է ոչինչ չի փոխվի, այլ պետք է բոլոր հնարավոր միջոցներով տարածել ՀԱՅԿԱԿԱՆԸ»,- Արայիկ Ջրաղացպանյան:
     «Ի՞նչ կա զարմանալու: Սա իշխող վերնախավի ճաշակն է, ի՞նչ կարող ես ուրիշ սպասել իշխանական շահերը, ճաշակն սպասարկող հեռուստաընկերությունից, որն, ի դեպ, մեր հարկերի հաշվին է նաև գոյատևում»,- Մարիամ Մուղդուսյան:
     «Հազիվ էլ պետությունից ֆինանսավորվող երկրի առաջին ալիքը նման բաներով զբաղվի: Մի հատ հերոսապատում հաղորդում էին նկարում, էդ էլ մինչև վերջ չարեցին, ապրիլից էս կողմ 5-6 հաղորդում են ներկայացրել: Փոխանակ ամեն օր մի զոհված զինվորի մասին նկարեին ու ցույց տային»,- Վարդուհի Սարգսյան:
     «Ռաբիսը մեր կյանքում գրեթե ամենուր է. էլ ուժ չի մնացել, որ փաստարկված զայրույթս արտահայտեմ Հ1-ի նվաճման փաստի առթիվ: Մնում է սոսկ փաստել, որ ասպարեզն այսօր լիովին հանձնված է ահել-ջահել միջակությունների տնօրինմանը, ու հեթանոս շաբաշը նոր թափ է ստանում... մեր՝ հարկատուներիս, հաշվին: Հույսս մեկն է. իմաստասերներից մեկը ժամանակին ասել է՝ «մինչև շատ չպղտորվի, շատ չի պարզվի»,- Տիգրան Սիմոնյան:

10691 | 13
Facebook