Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ՔՊ հայտարարություն-առաջարկը կրում է ոչ թե համագործակցային բնույթ, այլ քաղաքական շանտաժի տարրեր». Էդմոն Մարուքյան

15:45, հինգշաբթի, 22 սեպտեմբերի, 2016 թ.
«ՔՊ հայտարարություն-առաջարկը կրում է ոչ թե համագործակցային բնույթ, այլ քաղաքական շանտաժի տարրեր». Էդմոն Մարուքյան
     «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, պատգամավոր Էդմոն Մարուքյանն՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի այսօրվա այն հայտարարությանը, թե որ դեպքում Վանաձորի ընտրություններում իրենց թեկնածուն ինքնաբացարկ կհայտնի, ֆեյսբուքյան էջում գրել է. «Երեկ ես կոչ էի արել Վանաձորի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերին՝ միավորվելու և միասնական ուժերով հաղթանակ տանելու «Հանրապետական» կուսակցության նկատմամբ: Չնայած, որ իմ առաջարկն առաջին հերթին վերաբերվում էր Վանաձորում ծանրակշիռ դերակատար քաղաքական ուժերին, բայց, hուրախություն բոլորիս, առաջարկիս արձագանքեց Նիկոլ Փաշինյանը և ՔՊ կուսակցությունը: Վերջին շրջանում այդ ուժի ներկայացուցիչների կողմից ամեն բան արվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը զրպարտելու, համագործակցության հնարավորությունները խաթարելու և կանխելու միասնաբար առաջ շարժվելու հնարավորությունները: ՔՊ կուսակցության վերջին հայտարարություն-առաջարկը ևս կրում է ոչ թե համագործակցային բնույթ, այլ իր մեջ պարունակում է քաղաքական շանտաժի տարրեր, ինչն առհասարակ դեմ է մեր մշակույթին և արժեքներին, այնուհանդերձ, ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ. Վանաձորում արդեն իսկ սկսվել է Հանրապետական կուսակցությանն իշխանությունից զրկելու անկասելի գործընթաց և այդ գործընթացի առաջամարտիկը «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն է: Եթե Հայաստանի երրորդ ամենախոշոր քաղաքում, ՀՀԿ-ին միասնաբար հաղթելու համար, ՔՊ-ին խանգարող միակ հանգամանքը իմ՝ Սերժ Սարգսյանի իմպիչմենտի նախագծին միանալու մեջ է, ապա, առանց վարանելու պաշտոնապես հայտարարում եմ՝ եթե մինչև այսօր՝ ժամը 18:00-ն, ՔՊ-ն ի պաշտպանություն «Լուսավոր Հայաստան»-ի ինքնաբացարկ հայտարարի Վանաձորի ՏԻՄ ընտրություններում, ապա անմիջապես դրանից հետո՝ ցանկացած պահի, պատրաստ եմ միանալ Նիկոլ Փաշինյանի հեղինակած իմպիչմենտի նախագծի տակ (ինչպես առաջարկվել է ՔՊ-ի կողմից): Այս պահին մեր գլխավոր խնդիրը պետք է լինի միասնաբար հաղթանակ տանել Հանրապետական կուսակցության նկատմամբ, և մեր բոլորի գործողությունները պետք է միտված լինեն այդ նպատակին: Հավատում եմ, որ այս քայլով մենք սկիզբ կդնենք միասնաբար առավել լայն քաղաքական համագործակցության մեր նպատակների և թիմերի միջև»,- գրել է Էդմոն Մարուքյանը։
     Հիշեցնենք, որ այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ևս հայտարարություն էր տարածել:
3357 | 1
Facebook