Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ազգային մրցունակության բարձրացման նպատակով կառավարությունը փոխել է իր շեշտադրումները

13:47, չորեքշաբթի, 18 ապրիլի, 2012 թ.
Ազգային մրցունակության բարձրացման նպատակով կառավարությունը փոխել է իր շեշտադրումները
     Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Հայաստանի 2011-2012 թվականների Ազգային մրցունակության զեկույցի շնորհանդեսին: Ողջունելով ներկաներին՝ վարչապետը նշել է, որ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս երկրի մրցունակության բարձրացման խնդիրներին` դիտարկելով այն ժամանակակից աշխարհի կարևորագույն հատկանիշներից մեկը: ''Ազգային մրցունակության բարձրացմանն ուղղված կառավարության միջոցառումները շեշտակիորեն փոխվել են: Մասնավորապես, կառավարությունը որդեգրել է նոր քաղաքականություն, որի նպատակն է մակրո կարգավորումներից անցնել միկրո միջավայրում բիզնեսի համար բարենպաստ պայմանների ստեղծմանը: Այդ տեսակետից արդյունաբերական ճյուղային քաղաքականությունը, որը միտված է արտահաննման ծավալների ավելացմանը, դրա վառ օրինակներից մեկն է'',- ասել է Տիգրան Սարգսյանը:
     Վարչապետի խոսքով՝ նախկինում պետությունների և կառավարությունների պարտականությունները կայանում էր նրանում, որ նրանք պետք է ստեղծեին բիզնեսի համար բարենպաստ միջավայր, հավասար մրցակցային պայմաններ և այդ շուկայական կանոնների դեպքում մրցակցությունը կբացահայտեր, թե որոնք են առաջնահերթ ճյուղերը, ինչպես նաև մրցակցության մեջ կայացած, ուժեղ և թույլ ձեռնարկությունները: ''Այսօր շեշտադրումները փոխվել են և կառավարությունները իրավունք չունեն բավարարվել միայն միջավայրի վրա շեշտադրումներ կատարելով, նրանք պարտավոր են նաև միկրո մակարդակում աջակցություն ցուցաբերել բիզնեսի ներկայացուցիչներին, այսինքն` կառավարությունները պետք է լինեն պրոակտիվ նաև այդ միկրո մակարդակում'', - ասել է Տիգրան Սարգսյանը:
     Կառավարության ղեկավարի խոսքերով` տնտեսության կարգավորումը պետություն-մասնավոր համագործակցության մեջ է, ինչի համար պետությունը պարտավոր է ստեղծել նոր հարթակ, որտեղ փոխադարձ պարտավորությունները պետք է լինեն երկուստեք հստակ: ''Այդ իսկ պատճառով մասնավոր հատվածի հետ ստեղծվել է մի հարթակ, որը ճյուղային արդյունաբերական քաղաքականությունն իրականցնելիս լեգիտիմություն է հաղորդում կառավարության որոշումներին: Այդ հարթակում ձեռք են բերվում հստակ պայմանավորվածություններ, որտեղ և մասնավոր հատվածի, և կառավարության համար հստակ են, թե ինչ գործառույթներ և պարտավորություններ են իրականացնելու կողմերը'',- նշել է Տիգրան Սարգսյանը՝ հավելելով, որ միևնույն ժամանակ այդպիսի պայմանավորվածությունները պայմանագրերի տեսքով պարտավորեցնում են մասնավոր հատվածին իրականացնել ներդրումներ: ''Սա նոր երևույթ և շեշտադրում է մեր տնտեսական քաղաքականության մեջ: Մենք այս ուղղությամբ շարժվում ենք առաջ` գիտակցելով, որ սա մի ճանապարհ է, որը կարող է էապես բարձրացնել մեր տնտեսության մրցունակությունը'',- նշել է վարչապետը:
2282 | 0
Facebook