Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Լևոն Հայրապետյանի մասին խոսելով` Սերժ Սարգսյանն ընդամենն իր համար ալիբի է ապահովել». Հայկազ Մարգարյան

15:20, երկուշաբթի, 11 հուլիսի, 2016 թ.
«Լևոն Հայրապետյանի մասին խոսելով` Սերժ Սարգսյանն ընդամենն իր համար ալիբի է ապահովել». Հայկազ Մարգարյան
     Այսօրվա ասուլիսի ժամանակ հայազգի բարերար Լևոն Հայրապետյանի իրավապաշտպան Հայկազ Մարգարյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ աշխարհի տարբեր անկյուններում մարդիկ անհանգստանում են Հայրապետյանի համար, բացի ՀՀ իշխանություններից:
     «Նախ, ցավն այն է, որ պետական մակարդակով ՀՀ վարչապետը կատարեց անպատասխանատու հայտարարություն` ասելով` դե հիմա կարող ա Լևոնը չլինի, Բարխուդարը լինի: Նման հայտարարություն անել մի մարդու մասին, ում ներդրումն ահռելի է Արցախի ու Հայաստանի համար, կարծում եմ` հումորային ժանրից է: Խոսքերը թող ծանրութեթև անի»,- ասաց նա:
     Հիշեցնենք` ամիսներ առաջ անդրադառնալով Լևոն Հայրապետյանի կալանավորմանը, Հովիկ Աբրահամյանը լրագրողներին հորդորել էր խոսել երկրի կառուցողական գործերի մասին. «Կարող է Լևոնին բռնեն, հաջորդ օրը Բարխուդարին, մյուս օրը Սիմոնին, ի՞նչ կապ ունի ինձ հետ ընդհանրապես»:
     Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա, ըստ Մարգարյանի, Պուտինի մոտ Հայրապետյանի մասին խոսելով` նախագահը պարզապես իր համար ալիբի է ապահովել. «... Որ ասի` տեսեք, բարձրացրեցի, ուզեցի օգնել: Անցել է ժամանակ, ինչու մինչև հիմա բան չի արվում»:
     Հիշեցնենք` Պուտինն արձագանքել էր, թե չի ճանաչում Լևոն Հայրապետյանին:
     Բանախոսը նշեց, որ պատրաստվում են նստացույց անել` հավելելով, որ իշխանությունները պետք է այս հարցը քննեն և պահանջեն նրա ազատությունը: «Լրացուցիչ կտեղեկացնենք բողոքի ակցիաների մասին: Չենք դադարելու ցույցերն ու նստացույցերն այնքան ժամանակ, մինչև նա չլինի «Զվարթնոց» օդանավակայանում»:
4119 | 0
Facebook