Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Խաբված խաղողագործները կրկին կառավարության շենքի մոտ են

13:20, հինգշաբթի, 26 մայիսի, 2016 թ.
Խաբված խաղողագործները կրկին կառավարության շենքի մոտ են
     Կառավարության շենքի դիմաց այսօր կրկին բողոքի ձայն են բարձրացնում Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի խաղողագործները: Նրանք պահանջում են վարչապետի հետ հանդիպում: Խաղողագործներից Արմեն Մկրտչյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ ո՛չ վարչապետը, ոչ գործարանի տնօրինությունն իրենց խոսքի տերը չեն եղել. «Մեզ այդպես էլ մթերած խաղողի դիմաց չվճարեցին: Ամեն անգամ վճարման օրը հետաձգում են, պետք է երկուշաբթի օրը ամբողջությամբ պարտքերը մարած լինեին, բայց չարեցին»,-տեղեկացրեց մեր զրուցակիցը: Նա հիշեցրեց, որ վարչպետի հետ իրենք համաձայնության էին եկել, որ մինև մայիսի 10-ը պետք է ամբողջությամբ վճարվեր պարտքը, սակայն խոստումը չի կատարվել: «Օրինակ, ինձ իրենք 400 հազար դրամ պարտք են և մինչ օրս մի դրամ անգամ չեն տվել: Եթե օր են նշանակում, թող բարի լինեն էդ օրը տան: Մենք նախօրոք գիտեինք, որ պետք է մեր գումարները ուշ տային, մոտավորապես մարտ ամսին, բայց չպատկերացրեցինք, որ էսքան կձգձգեին»,-ասաց խաղողագործը:
    
     Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին կառավարության մոտ էին հավաքվել մի քանի տասնյակ քաղցրաշենցիներ, ովքեր պահանջում էին նախորդ տարի մթերած խաղողի դիմաց իրենց գումարները։ «Վինարի» կողմից շահագործվող գինու գործարանը խաղողագործներին ավելի քան 185 միլիոն դրամ է պարտք։ Կառավարության առջև մեկ ժամից ավել ցույց անելուց հետո քաղցրաշենցի մի քանի խաղողագործների հետ հանդիպեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը, քննարկմանը մասնակցեց նաև «Վինարի» ընկերության սեփականատեր, ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանն ու գործարանի տնօրենը։
2102 | 1
Facebook