Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ալաշկերտ»-ը հռչակվեց Հայաստանի չեմպիոն

22:25, կիրակի, 22 մայիսի, 2016 թ.
«Ալաշկերտ»-ը հռչակվեց Հայաստանի չեմպիոն

Այսօր կայացավ Հայաստանի առաջնության եզրափակիչ տուրը։ Երևանի «Ալաշկերտ»-ը, «Միկա»-ին հյուրընկալվելիս, հաղթանակ տոնեց 2։0 հաշվով։ Գոլի հեղինակներ դարձան մրցաշրջանի լավագույն ռմբարկուներ Միհրան Մանասյանը և Հեբեր Արաուժոն, ովքեր 2015/16 մրցաշրջանում դարձել էին 16-ական գոլի հեղինակ: Այսպիսով, Աբրահամ Խաշմանյանի սաները, վաստակելով 55 միավոր, պատմության մեջ առաջին անգամ հչռակվեցին Հայաստանի չեմպիոն և հանդես կգան Չեմպիոնների լիգայի խաղարկությունում։
     Հանդիպումից հետո Աբրահամ Խամանյանը նշեց, որ ֆանտաստիկ զգացողություններ ունի․
     «Զգացողություններս անբացատրելի են, ֆանտաստիկ: Երկար էինք գնում այս չեմպիոնությանը: Կարծում եմ` իրոք արժանի ենք: Երկու տարվա ընթացքում ամբողջ թիմով շատ ծանր աշխատանք ենք տարել: Մարզչական շտաբը, ֆուտբոլիստները, ադմինիստրատիվ աշխատողները․ միասնական կոլեկտիվ էինք, ինչը բերեց այս հաջողությանը: Սա կարիերայիս լավագույն պահն է՝ հաշվի առնելով, որ չեմպիոն ենք դարձել: Երջանիկ եմ, ուրախ և հպարտ»,- Խաշմանյանի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը:
     Թիմի լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Հեբերը, ով հնարավոր է հեռանա ակումբից, շատ երջանիկ էր․
     «Ամենալավ տպավորություններն ունեմ, քանի որ սա առաջին չեմպիոնությունս է։ Շատ երջանիկ եմ։ Մոտ օրերս կմեկնեմ Բրազիլիա՝ ընտանիքիս ու ընկերներիս տեսակցության։ Գուցե վերադառնամ, գուցե ոչ։ Հայաստանում ինձ շատ է դուր գալիս։ Այստեղ շատ ընկերներ ունեմ, կկարոտեմ այստեղ ամեն ինչ՝ հատկապես ուտելիքը։ Այն ինձ շատ է դուր գալիս»։
     «Ալաշկերտ»-ի պաշտպան Արթուր Ավագյանը նշեց, որ կարևորը չեմպիոն հռչակվելն էր․
     «Զգացողություններս մեծ են։ Շնորհավորում եմ բոլորին՝ չեմպիոնության համար։ Լարվածություն չկար, կարևորը չեմպիոն հռչակվեինք։ Պետք է հաջող հանդես գանք Չեմպիոնների լիգայի խաղարկությունում՝ մեր երկրի պատիվը միջազգային ասպարեզում բարձր պահելու համար»։
     Թիմի ավագ Վահագն Մինասյանը նշեց, որ չեմպիոնությունը մեծ ձեռքբերում է թիմի համար․
     «Շնորհավորում եմ մեր ակումբին՝ ամենացածր պաշտոնի աշխատակիցներից մինչև նախագահ։ Շատ ուրախ ենք։ Սա մեզ համար շատ մեծ ձեռքբերում է։ Ֆուտբոլում ամեն ինչ լինում է։ Հոգեբանության հարց է, մի փոքր էլ բախտի։ Բախտը երես էր թեքել մեզնից, ուրախ ենք, որ այսօր ստացվեց։ Լարվածություն կար, փառք Աստծո, ամեն ինչ լավ լուծվեց։ Այսօր լավ խաղով մեզ, մեր երկրպագուներին և մեր ակումբին հաղթանակ պարգևեցինք»:

3240 | 0
Facebook