Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Բերել հասցրել ենք նրան, որ պետք է իրացնենք լոլիկը, իսկ մեր շուկան թուրքական լոլիկ են լցրել». գյուղացիներն անելանելի վիճակում են

16:50, չորեքշաբթի, 18 մայիսի, 2016 թ.
«Բերել հասցրել ենք նրան, որ պետք է իրացնենք լոլիկը, իսկ մեր շուկան թուրքական լոլիկ են լցրել». գյուղացիներն անելանելի վիճակում են

Արմավիրի և Արարատի մարզերում բնակիչներն` ընդդեմ Թուրքիայից ներկրված լոլիկի, «բունտ» են փորձում անել: Թուրքական լոլիկն իսկական չարիք է դարձել գյուղացու համար. Ներկրված լոլիկի պատճառով տեղական գյուղմթերքը չի սպառվում։ Արարատի մարզի Դարակերտ գյուղի բնակիչներից Լուսյան ով 20 տարուց ավել է լոլիկի մշակությամբ է զբաղվում, MAMUL.am-ի թղթակից հետ զրույցում ասաց. «Ամեն տարի էլ այդ խնդրի առաջ կանգնում ենք, Թուրքիայից «ֆուռերով» լոլիկ են բերում-լցնում, այնտեղ ինքնարժեքը ցածր է, դրա համար այնտեղից էժան գնում են ու բերում, այստեղ էլ էժան վաճառում են, իսկ մենք չենք կարող մեր արտադրանքը մեր ուզած գնով վաճառել»,-ասաց տիկինը: Նրա խոսքով ` իրենք մեծ ծախսեր են անում, ջերմոցներում մշակում են լոլիկը, սակայն այսօր ներկրված լոլիկի պատճառով իրենց ապրանքը ջրի գնով նույնիսկ չեն կարողանում վաճառել: Բացի այդ, ներկրված լոլիկը շուկայում հայտնվում է առանց մաքսազերծման: «Հնարավոր չէ մաքսազերծել ու միևնույն ժամանակ այդքան էժան վաճառել։ Եթե Թուրքիայից լոլիկ չբերեն, գները չէժանացնեն, մենք կարող ենք մեր բերքը վաճառել` և՛ վարկերը կմարենք, և՛ մեզ մի օգուտ կմնա։ Ուշ ենք ջերմոցը դնում, որ քիչ գազ վառենք, բոլորը մեծ գումարների հետ է կապված, չենք կարողանում տակից դուրս գալ»,- ասաց հողագործը։ Գյուղացու խոսքով ներկրված լոլիկը որակական և համային հատկանիշներով զիջում է տեղականին, այն թունաքիմիկատներով է աճեցրած։ «Արհեստականորեն այդ լոլիկներն արագ աճեցնում են, որ բերեն, թունավորված լոլիկ են բերում, Էտ լոլիկից ինֆարկտ է առաջանում: Սա՞ է մեր հայրենասիրությունը»,- ասաց գյուղացին:

Դարակերտի գյուղապետ Ղուկաս Սիմոնյանն էլ ասաց, որ գյուղացիներին հազիվ է համոզում, որպեսզի կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա չանեն: «Շատ դժվար իրավիճակում է գյուղացին հայտնվել, բերել հասցրել ենք նրան, որ արդեն պետք է իրացնենք լոլիկը, իսկ մեր շուկան թուրքական լոլիկ են լցրել: Շատ ծանր է գյուղացու վիճակը. մարզպետին, գյուղատնտեսության նախարարին ենք դիմել, որպեսզի էս հարցին լուծում տան: Անհարմար ենք զգում պատերազմական այս իրավիճակում գնանք վարչապետի մոտ ու բողոքենք մի կտոր հացի համար: Դրա համար փորձում ենք գյուղացիներին համոզել, որ լռեն, մի փոքր սպասեն, բայց ժամանակ էլ չունենք, թուրքական լոլիկ է, որ էժան գներով ներմուծում են»,-ասաց գյուղապետը` հավելելով, որ 480-500 դրամով են ներմուծած լոլիկը վաճառում, այնինչ գյուղացին ստիպված է մի փոքր թանկ վաճառել:

Սննդի անվտանգության պետական ծառայության պետի մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը մեր թղթակցի հետ զրույցում նշեց, որ այս տարի Թուրքիայից ներկրվել է 120 տոննա լոլիկ, իսկ վերջին անգամ ներկրումը եղել է մարտի 23-ին,- ասաց ՍԱՊԾ պատասխանատուն:

Գյուղատնտեսության նախարարությունից էլ տեղեկացրեցին, որ խնդիրը իրենց ուշադրության կենտրոնում է և ուսումնասիրություններ են կատարվում:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը մեզ հետ զրույցում` անդրադառնալով խնդրին ասաց, որ դրան լուծում տալու համար պետք է պայքարել տնտեսվարողների դեմ, ովքեր ներկրած թուրքական լոլիկը գնում են և վաճառում: «Օրինակ` ներկրողը բերել է 7 տոննա թուրքական լոլիկ և այն վաճառում է մեկ այլ տնտեսվարողի, վերջինն էլ վաճառում է սպառողներին: Մեզ մոտ տնտեսվարողը թուրքական լոլիկը վաճառում է հայկական լոլիկի անվան տակ: Ըստ էության, խնդիրը մեկն է` քանի թուրքական լոլիկը վաճառվում է որպես հայկական լոլիկ, այս խնդիրը չի վերանա: Վերացնելու համար պետք է թուրքականը վաճառել որպես թուրքական: Այս դեպքում սպառողը հստակ կիմանա, ինքը գնում է թուրքակա՞ն լոլիկ, թե՞ հայկական: Պետական վերահսկողություն է պետք տնտեսվարողի վրա, որպեսզի թուրքական լոլիկը հայկականի անվան տակ չվաճառի: Եթե այդ ամենը արվեց, որևէ մեկն այլևս խնդիր չի ունենա»,- նկատեց Պիպոյանը:

5200 | 3
Facebook