Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հայկական պատվիրակությանը կզգուշացվի». «Եվրոտեսիլ»-ի մենեջերը` Արցախի դրոշի մասին

15:55, չորեքշաբթի, 11 մայիսի, 2016 թ.
«Հայկական պատվիրակությանը կզգուշացվի». «Եվրոտեսիլ»-ի մենեջերը` Արցախի դրոշի մասին
     «Եվրոտեսիլ 2016»-ի առաջին կիսաեզրափակչում Հայաստանի պատվիրակ Իվետա Մուկուչյանի փայլուն ելույթի վերաբերյալ քննարկումները շարունակվում են: Նրա ելույթն ամենադիտվածներից է «Յութուբ»-ում: Ոչ միայն վերոնշյալը, այլև Կանաչ սենյակում Իվետայի կողմից Արցախի դրոշի ծածանումն իրենց արձագանքն են գտել Ադրբեջանում: Մասնավորապես, ադրբեջանական կողմը դիմել է մրցույթի կազմակերպիչներին՝ պահանջելով հետաքննություն սկսել այդ կապակցությամբ:
     Հիշեցնենք` ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Եվրոտեսիլ» երգի միջազգային մրցույթի այս տարվա դրոշների քաղաքականության համաձայն` Արցախի դրոշը արգելված դրոշների ցանկում էր: Ավելի ուշ Եվրոպական հեռարձակողների միությունը ներողություն էր խնդրել բոլոր նրանցից, ում վիրավորել էր «Եվրոտեսիլ» երգի միջազգային մրցույթի ընթացքում արգելված դրոշների ցանկի հրապարակումը:
     Այժմ, սակայն, մրցույցի կազմակերպիչներն այլ բան են ասում: Շվեդական Expressen-ը գրում է, որ մրցույթի մենեջեր Սիետսե Բակկերը հայտարարել է, որ տեղի ունեցածի կապակցությամբ հետաքննություն են անցկացնելու: «Կխոսենք հայկական կողմի հետ` պարզելու` ինչ տեղի ունեցավ: Զգուշացում կարվի, որպեսզի նման բան չկրկնվի»,- ասել է մենեջերը: Վերջինը նաև զարմանք է հայտնել, թե ինչպես է հայկական պատվիրակությունը դրոշը դահլիճ բերել. «Անվտանգության աշխատակիցները խիստ հսկողություն էին սահմանել, որպեսզի արգելված դրոշներ չլինեին այնտեղ»,- ասել է նա:
    
     Հիշեցնենք` առաջին կիսաեզրափակիչին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ Իվետան, մեկնաբանելով Արցախի դրոշի առկայությունը և պատասխանելով հարցին, թե ինչու է ծածանել այն, ասել էր. «Ես պարզապես ուզում եմ, որ սահմաններին խաղաղություն տիրի»։
14409 | 7
Facebook