Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պատերազմը կարող է վերսկսվել ցանկացած պահի». ՀՀ նախագահ

17:05, երկուշաբթի, 25 ապրիլի, 2016 թ.
«Պատերազմը կարող է վերսկսվել ցանկացած պահի». ՀՀ նախագահ
     Ամերիկյան Bloomberg մեդիա ընկերությանը տված հարցազրույցում Հայաստանի նախագահն ասել է, թե պատերազմը Լեռնային Ղարաբաղում կարող է վերսկսվել ցանկացած պահի և որ հակամարտություն լուծման ուղղությամբ բանակցությունների հեռանկարը մեծ չէ, փոխանցում է «Ազատություն»-ը:
     Սերժ Սարգսյանի խոսքով, Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարը կարող է բավարար չլինել կանխելու համար «է՛լ ավելի լայնածավալ» բախումները այս ամիս ավելի վաղ ադրբեջանցիների ու հայերի միջև «քառօրյա պատերազմից» հետո՝ «հարյուրավոր տանկերի» և շուրջ 30 հազար հրետանային արկերի գործադրմամբ: Նախագահն ասել է, որ Հայաստանի համար «խելամիտ» չի լինի վերադառնալ Ադրբեջանի հետ խաղաղ բանակցությունների՝ առանց անվտանգության երաշխիքների, քանի որ «իրավիճակն այսօր բոլորովին այլ է»․ - «Մինչ մենք բանակցություններ կվարենք, զինվորականներն այստեղ մարտական գործողություններ կծավալեն՝ փորձելով լուծել հակամարտությունը»:
    
     Հարցազրույցում Հայաստանի նախագահը նաև գաղտնազերծել է, որ 2011 թվականին Կազանում Ալիևի հետ բանակցությունների շրջանակում ինքը պատրաստակամություն էր հայտնել դուրս բերել հայկական ուժերը հինգ շրջաններից և համաձայնել խաղաղապահների տեղակայմանը․ - «Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահները երկու երկրների առաջնորդներին հորդորում էին լուծել հակամարտությունը՝ ստորագրելով համաձայնագիրը, որով նաև հետաձգվում էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ վերջնական որոշումը, բայց Ալիևը հրաժարվեց»:
     «Դա այն ժամանակն էր, երբ Ադրբեջանը հարստանում էր նավթի հաշվին ու խոսում ռազմական բյուջեի չափի մասին», - 2011-ի ձաղոխված բանակցությունների մասին ասել է Հայաստանի նախագահը․ - «Այն, ինչ տեղի ունեցավ հիմա, ակնկալելի էր»:
9943 | 8
Facebook