Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Արշալույս (Ավրորա) Մարդիգանյան. ցեղասպանությունից հրաշքով փրկվածն, ով պիտի դառնար առաջին հայ կինոդերասանուհին ու աշխարհին պատմեր հոշոտված Հայաստանի մասին

15:05, կիրակի, 24 ապրիլի, 2016 թ.
Արշալույս (Ավրորա) Մարդիգանյան. ցեղասպանությունից հրաշքով փրկվածն, ով պիտի դառնար առաջին հայ կինոդերասանուհին ու աշխարհին պատմեր հոշոտված Հայաստանի մասին

1915 թվականին Արևմտյան Հայաստանի Խարբերդ նահանգի Չմշկածագ գյուղում, հարուստ դրամագործի ընտանիքում ծնված Արշալույս Մարդիգանյանն՝ ընտանիքի 8 երեխաներից 3-րդն, ընդամենը 14 տարեկան է եղել: Ցեղասպանության ժամանակ նրա աչքերի առաջ դաժանաբար սպանվել է ողջ ընտանիքը (փրկվել է մինչ այդ ԱՄՆ-ում հաստատված մեծ եղբայրն, ում նա ամբողջ կյանքում որոնել, բայց չի գտել):
     Արշալույսն առևանգվել է գաղթի ճանապարհին, 85 ցենտով վաճառվել Մալաթիայի և Ուրֆայի ստրկավաճառների շուկաներում: Անցնելով դժոխքի միջով՝ նրան հաջողվում է փախչել հարեմից, անցնել ռազմաճակատի գիծը։ 18 ամիս շարունակ քայլելով՝ հատելով Դերսիմի (Մնձուրի) լեռնաշղթան, թաքնվելով քարայրերում ու սնվելով բույսերով և արմտիքով՝ նա, հյուծված, բոբիկ ու կիսամերկ, հասել է ռուսական զորքերի կողմից ռազմակալված Էրզրում, որտեղ էլ նրան, ի վերջո, իրենց հոգածության ներքո են վերցրել ամերիկյան միսիոներները։ Ի վերջո, Արշալույսը հայտնվել է ԱՄՆ-ում՝ Ավրորա Մարդիգանյան անվան ներքո, որն ընտրվել էր նրա ինքնությունը պաշտպանելու նպատակով։
     Այստեղ նա լծվել է իր ժողովրդի տառապանքները համայն մարդկությանը հասու դարձնելու խնդրին՝ դառնալով «Հոշոտված Հայաստան. Ավրորա Մարդիգանյանի պատմությունը» (անգլ.՝ Ravished Armenia. The Story of Aurora Mardiganian, the Christian Girl, Who Survived the Great Massacres (1918)) գրքի հեղինակ: Գրքի շապիկին Արշալույսի լուսանկարն է եղել՝ հայկական ավանդական զգեստը հագին։ Գիրքը հաջորդ երկու տասնամյակներին բազմիցս վերահրատարակվել է և վաճառվել 900,000 տպաքանակով՝ ներառյալ իսպաներեն, հոլանդերեն և լեհերեն հրատարակությունները։ 1915-ին գիրքը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հրատարակել է հայերեն:


     Նույն՝ 1918 թվականին էկրան է բարձրացել բարեգործական նպատակներով նկարահանված «Հոշոտված Հայաստան» («Հոգիների աճուրդ») համր ֆիլմը, որտեղ Ավրորային վիճակված էր մարմնավորելու իր իսկ կերպարը և դառնալու առաջին հայ կինոդերասանուհին:
«Հոշոտված Հայաստան» ֆիլմի պահպանված հատվածները

     Բացառիկ դիտելիություն է ունեցել ֆիլմն ամբողջ աշխարհում՝ բերելով 30 միլիոն դոլարի եկամուտ, որը տրամադրվել է Մերձավոր Արևելքի 60 հազար հայ որբերի կենսամակարդակի ապահովմանը:

     1920-ականներին «Հոշոտված Հայաստան» գրքի և կինոնկարի հանդեպ ուշադրությունն սկսել է մարել և դրանք աստիճանաբար մոռացության են մատնվել։ Ֆիլմի ամբողջական տարբերակը հետագայում անվերադարձ կորել է։ 1929 թ. Ավրորան ամուսնացել է հայազգի ներգաղթյալ Մարտին Հովեյանի հետ։ 1931 թ. ծնվել է նրանց որդին՝ Միքայելը։ Երջանիկ լինել Ավրորային, սակայն, չի հաջողվել. փորձել է ինքնասպան լինել, իսկ ամուսնու մահից հետո կորցրել է որդու հետ կապը։ Մահացել է 1994 թ. փետրվարի 6-ին, Լոս Անջելեսի ծերանոցներից մեկում:
     Սակայն տասնամյակներ անց Ավրորայի՝ Արշալույսի գործը շարունակություն է գտել: Նրա անունով է այժմ կոչվում Հայաստանում անցկացվող ամենամյա «Ավրորա» միջազգային մրցանակաբաշխությունը, որը շնորհվում է այն անհատներին, ովքեր լրջագույն վտանգներ հաղթահարելով՝ օգնել են ուրիշներին վերածնվել:

32692 | 3
Facebook