Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Սաշիկը 30 հազար դոլար ա տվել, տո քո մեքենան արժի 200 հազար դոլար, 30 հազարն ի՞նչ է, ձե՞ռ ես առնում». Հրաչյա Գասպարյան

14:40, չորեքշաբթի, 20 ապրիլի, 2016 թ.
«Սաշիկը 30 հազար դոլար ա տվել, տո քո մեքենան արժի 200 հազար դոլար, 30 հազարն ի՞նչ է, ձե՞ռ ես առնում». Հրաչյա Գասպարյան

ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը քաղաքականությունից լավ չի հասկանում, և ամենավատը, որ նկատում է` մենք ինֆորմացիայից զուրկ ենք և շատ հաճախ ապատեղեկատվություն ենք ստանում:

«Մինչև այդ գրում էին, որ մենք պատրաստ ենք պատերազմի, մենք էʹս զենքն ունենք, էʹն զենքն ունենք: Պատերազմը հանկարծ ցույց տվեց, որ ոչ մի բան էլ չունենք»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռեժիսորն` անդրադառնալով ապրիլյան քառօրյա պատերազմին: Նրա խոսքով` ինչպես միշտ, այս անգամ էլ տարանք բարոյական հաղթանակ, բայց այս ազգին արդեն բարոյական հաղթանակը քիչ է:

«Դեպրեսիայի մեջ գցած ազգին չի կարելի բարոյական հաղթանակներով կերակրել: Մենք հիմա գտնվում ենք մի երկրում, որտեղ ամոթ է ապրելը: Հարցը նրանում չի, որ մենք աղքատներին չենք կարող կերակրել, հարցը նրանում է, որ մեր հարուստները խժռում են, չեն կարողանում կանգնել: Քոչարյանը երկու սռոկ խժռեց, լավ, գոնե մի սռոկը կերեʹք, մյուսը` երկրի համար աշխատեք: Ո՞նց կարելի է չմտածել ազգի մասին: Ո՞նց կարելի է հասնել այն վիճակին, որ մեր էրեխեքը գնան էնտեղ ամեն օր զոհվեն: Էդ ի՞նչ բարոյական իրավունք եք ձեզ թույլ տալիս: Ասում եք` պատերազմ է, այոʹ, մենք պատերազմի մեջ ենք, բայց եկեʹք միասին որոշումներ կայացնենք, մենք ոչ մի ինֆորմացիա չունենք»,- մտահոգություն հայտնեց ռեժիսրը: Նրան զայրացնում է, որ պատգամավորները բյուջեի ծանր վիճակից են խոսում. «840 միլիոն ծախսում են իրանց վրա, իսկ 15-20 միլիոն` թոշակառուների վրա: Ո՞նց կարողա երկիրն էդպես գոյատևի: Իհարկե, այդ երկիրը պատերազմը տանուլ կտա: Մի հայ մարդ, որ մահանում է, ինձ համար դա մեծ ողբերգություն է»,- անկեղծացավ նա: Հրաչյա Գասպարյանի խոսքով` ինքնազոհաբերությունը շատ քիչ ազգերի է բնորոշ:

«Ինչպե՞ս կարելի է ամեն ինչ թողնել ռուսների վրա, բա ձեր դիվանագիտությունն ո՞ւր է: Ի՞նչ իրավունք ունեիք դուք մինչև այսօր էդ զենքը չունենայիք, իմանալով, որ նրանք մի քանի միլիարդի զենք են առել և շարունակում են առնել: Իսկ, եթե մենք դա չունենք, ուրեմն գտեʹք այդ հնարավորությունը, քիʹչ խժռեք, փողը դրեʹք էնտեղ: Մարդկացից գումար են հավաքում, մենք էլ էմոցիոնալ տալիս ենք, չնայած չգիտենք ուր ա գնալու: Բայց մի հատ կանգնենք, ասենք` «արաʹ, էս ազգից քանի միլիարդ ես գողացել, դե կեսը տոʹւր, պատերազմ է գնում, էդ պատերազմը մեզ համա՞ր է մենակ: Ծիծաղելի է` Սաշիկը տվել ա 30 հազար դոլար, տո քո մեքենան արժի 200 հազար դոլար, 30 հազարն ի՞նչ է, ձե՞ռ ես առնում»: Հրաչյա Գասպարյանի համոզմամբ` դա բերում է նրան, որ ժողովուրդը հիասթափվում է ևʹ պետությունից, ևʹ կառավարությունից: «Մեկը գոնե մի տարի չի՞ կարող լուրջ զբաղվի էս ազգով: Մենք արդեն հիվանդ ազգ ենք: Դուք գիտե՞ք ինչ է անընդհատ էս պայմաններում ապրելը... ասում են` Բաքու կհասնենք, ամոʹթ է, դուք ձեր դիրքերը գոնե չթողնեիք գրավեին, Բաքու հասնողներիս տես... անընդհատ ասում են` ռուսը մեզ կանգնացրեց, ռուսն ինչի՞ պիտի քեզ կանգնացնի, կամ ի՞նչ իրավունք ունի: Ինչի՞ ես պիտի պարտված լինեմ, չեʹմ ուզում, հերիʹք է»,-նշեց մեր զրուցակիցն, ում համոզմամբ` մեր գեներալները չաշխատեցին:

«Զինվորական մարդիկ, էդ գոնչո գլուխները չաղանալու, փոր գցելու փոխարեն թող գործ անեն: Տեսե՞լ եք ամերիկացի գեներալ, որ փորը 3 մետր լինի: Դրանք եթե դիրքեր գնան, քամակները որտե՞ղ են պահելու: Ինչո՞ւ ամեն ինչ պիտի մտածված չլինի, ինչի՞ պիտի այդ զոհերն ունենանք: Եթե մենք պատերազմի մեջ ենք, ամեն վայրկյանը պետք է հաշվարկած լինի: Ես հասկացա, որ մեր զինվորականները պատրաստված չէին: Ես համարում եմ, որ մեր ռազմական միտքը պարտվեց»,- անկեղծացավ բեմադրիչը: Նրա խոսքով` հիմա պետք է վերջապես հասկանանք, որ շատ դժվար կացության մեջ ենք:

«Բանն արդեն հասնում է նրան, որ կարողա վաղը մեծ ուժերով գան, հասնեն Երևան... Ռուսը դավաճանեց մեզ: Պարտվեց մեր դիվանագիտությունը: Ո՞նց է, որ նրանք վերցնում են Ադրբեջանի կողմը, իսկ մերը` ոչ: Մենք չկարողացանք առաջինը լինել, պետք չի ոչ մեկին մեղադրել, մենք իրավունք չունենք սխալվելու, փոքր երկիրը սխալվելու իրավունք չունի»,- համոզված է նա:

Հրաչյա Գասպարյանի խոսքով` մեծահարուստները որպես էս երկրի քաղաքացի, պետք է հասկանան, վերջին կոպեկը ծախեն և պատերազմը հաղթեն: «Եվ թույլ չտան, որ մեր երեխաներն ամեն օր զոհվեն: Պետք է ստիպել, որ նախագանը հանդիպումներ ունենա, պետք են լրագրողներ, ովքեր կգնան և կասեն` «ի՞նչ եք անում, սենց ապրել մենք չենք ուզում, վաղվա մեր օրը միʹ քանդեք»... Պետք է իշանություններին ստիպել լսել մեզ: Պետք է պահանջատեր լինել, ոչ թե «Ֆեյսբուք»-ում պահանջել, այլ գնալ և պահանջել: Համալսարանը թող կանչի, ուսանողությունը թող պահանջի, նախագահը չի՞ գա, թող փակեն, նստեն»: Հրաչյա Գասպարյաը կողմնակից է առանց արյան հեղափոխության. «Մեր նպատակը` առանց արյան հասնենք մեր նպատակին: Եվ անընդհատ պահանջենք, եթե երիտասարդությունը մի բուռ դառնա, ես չեմ հավատում, որ նա չի գա ու չի լսի»:

Ամփոփելով զրույցը` Հրաչյա Գասպարյանը խոստովանեց, որ ուզում է, որ մեր ժողովրդին մի քիչ խղճան: Պատերազմում զոհերը միայն դիրքերում չեն, զոհերը նաև գյուղերում և քաղաքում ապրող հասարակ ժողովուրդն է, որը մի հույս ուներ, էդ հույսը միʹ կոտրեք: Ի վերջո` ժամանակն է մտածել երկրի մասին, այլ ոչ թե ջեբի»,- ամփոփեց ռեժիսորը:
    
     Հարցազրույցը` Անի Մնացականյանի

27892 | 9
Facebook