Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Պուտինի այս քայլը բացահայտ պարտություն էր, մեկն այն պարտություններից, որոնք հանգեցնում են այսպիսի բռնապետությունների տապալմանը». Անդրեյ Պիոնտկովսկի

12:45, երեքշաբթի, 15 մարտի, 2016 թ.
«Պուտինի այս քայլը բացահայտ պարտություն էր, մեկն այն պարտություններից, որոնք հանգեցնում են այսպիսի բռնապետությունների տապալմանը». Անդրեյ Պիոնտկովսկի

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ զորքերը Սիրիայից դուրս բերելու սենսացիոն որոշումը Ռուսաստանին ներկայացված լրջագույն նախապայմանների հետևանք է, վստահ է ռուս քաղաքագետ Անդրեյ Պիոնտկովսկին: Նրա կարծիքով՝ Պուտինի այս քայլը բացահայտ պարտություն էր «հեռավոր սահմաններում ահաբեկչության դեմ պայքարի» բազմամսյա կոչերի ֆոնի վրա: Նա չի բացառում նաև, որ, հնարավոր է, Ասադն է խնդրել Պուտինին հեռանալ: Իր ֆեյսբուքյան էջում քաղաքագետը գրել է. «Այս որոշումն իսկական սենսացիա է, հաշվի առնելով այն, թե ինչպես հայտարարեցին դրա մասին: Այս տեսարանը տեսնել էր պետք: Ակնհայտ էր, որ Պուտինը, Լավրովն ու Շոյգուն ահռելի սթրեսի մեջ էին:

Եթե կարելի է արտահայտվել ռուսական կիսաքրեական քաղաքական «էլիտայի» լեզվով՝ նրանք «մանթո» էին ու նրանց խոսքը կատարյալ զառանցանք էր:

Հապա փորձեք համեմատել նրանց կմկմոցը վերջին կես տարում Կրելմից անդադար հնչած պրոպագանդայի հետ:

Ժողովրդին բացատրում էին, որ այդ օպերացիայի հիմնական նպատակը ԴԱԻՇ-ի դեմ պայքարն էր հեռավոր սահմաններում, որպեսզի այն չհասնի Ռուսաստան: Եվ ահա հիմա առաջնորդները հայտարարում են, որ զոհվել է 17 դաշտային հրամանատար: Վերջ: Այժմ մեր «առաքելությունը կատարված է» և մեր զինվորները փառքով վերադառնում են հայրենիք: Բա ինչ պիտի լինի մյուսների հետ՝ այս 17-ից բացի: Ո՞վ պետք է նրանց կանգնեցնի հեռավոր սահմաններում: Թե՞ բոլորը պիտի գան հասնեն այստեղ:

Լավ, պատկերացնենք, թե այդ ամենն ուներ ձևական, հռչակագրային նպատակ, բայց մենք իրականն էլ գիտեինք: Իսկ իրական նպատակն էր՝ օգնել Ասադին լուծել ընդդիմության հարցերը: Այն ամենն, ինչ մենք այնտեղ անում էինք, այսինքն՝ ռուսական կործանիչների մարտական թռիչքների 90%-ն, ուղղված էր ոչ թե ԴԱԻՇ-ի, այլ ընդդեմ Ասադի չափավոր ընդդիմության դեմ: Դեռ մի շաբաթ առաջ մեր Ռիբենտրոպը հպարտորեն հայտարարեց, թե չնայած զինադադարին՝ մենք կշարունակենք ռմբակոծել Հալեպը, քանի որ այնտեղ թաքնվում են ահաբեկիչներ:

Իսկ հիմա նրանք հեռուստադիտողների գլուխն են արդուկում՝ թվարկելով իրենց ձեռքբերումները՝ «վերականգնվել է Հալեպի հետ կապը», մի քաղաքի, որը դեռ երեկ ռմբակոծում էին՝ սպանելով հարյուրավոր բնակիչների և պատրաստվելով գրավել: Արտաքնապես իրադրությունը շատ նման է 88-ին զորքերն Աֆղանստանից դուրս բերելուն: Բայց այնտեղ Բրեժնևն, Անդրոպովն ու Գորբաչովը 10 տարի տվայտվում էին, իսկ սրանց 5 ամիսն էլ բավականացրեց:

Թե կոնկրետ ծանրակշիռ ինչ պատճառներ ստիպեցին Պուտինին ու իր թիմին գնալ այս քայլին, այն էլ՝ այսպիսի պարտվողական ձևաչափով, դժվար է ասել: Ես չգիտեմ, թե ով և ինչ լրջագույն պայմաններ է ներկայացրել Պուտինին, ով հեռախոսով ասում էր՝ «Պինդ կաց, Բաշար, մենք քեզ հետ ենք»: Բայց հիշո՞ւմ եք, թե ինչ եղավ ընկեր Նաջիբուլի հետ: Նրան, վերջիվերջո, կախեցին Քաբուլում: Իսկ միգուցե Ասադը չսպասեց, որ նման ճակատագիրն իր դուռն էլ թակի, ու ինքը պայմանավորվեց ընդդիմության ու ամերիկացիների հետ՝ ալավիտական անկլավում իր իշխանությունը պահելու նպատակով: Իսկ իր բանակցունակությունն ապացուցելու համար որպես «լեգիտիմ նախագահ» Պուտինին առաջարկեց քաշվել գրողի ծոցը:

Բոլոր դեպքերում՝ սա ռեժիմի լրջագույն պարտություն է իմիջի և արտաքին քաղաքականության հարցերում: Մեկն այն պարտություններից, որոնք հանգեցնում են այսպիսի բռնապետությունների տապալմանը:

Ուկրաինացիներ, հիմա ձեր հերթն է հարվածելու՝ հրաժարվելով Դոնբասի շուրջ բանակցություններից ու թողնելով Պուտինին իր ավազակային Լուգանդոնիան ձեռքին»:

ПРОЦЕСС ПОШЕЛРешение о выводе российских войск из Сирии возможно было и ожидаемым, но в какой-то долгосрочной персп...

Posted by Andrei Piontkovsky on 14 Մարտ, 2016
8125 | 1
Facebook