Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Օսկար-2016»-ի հաղթողի գլխավոր թեկնածուները

11:20, ուրբաթ, 26 փետրվարի, 2016 թ.
«Օսկար-2016»-ի հաղթողի գլխավոր թեկնածուները

Ենթադրել, թե ովքեր կստանան գլխավոր «Օսկարները», սովորաբար դժվար չի լինում: Ֆավորիտները՝ որպես կանոն, կանխատասելի են: Բայց այս տարի այդպես չէ: Ակնհայտ ֆավորիտ չկա: Փետրվարի 29-ի գիշերը Լոս Անջելեսում կայանալիք 88-րդ Օսկարի միջոցառմանը դրանցից առնվազն երեքն ունեն հավասար շանսեր: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում գլխավոր անվանակարգերի երեք ֆավորիտներին:

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖԻԼՄ

The Big Short — «Իջեցման խաղ», ռեժիսոր Ադամ Մաքքեյ

5 անվանակարգ: Լավագույն ֆիլմ, ռեժիսորական աշխատանք, օրիգինալ ստեղծագործության հիման վրա կառուցված սցենար, լավագույն երկրորդական պլանի տղամարդու դեր (Քրիստիան Բեյլ):

Սյուժեն ու համառոտ գնահատականը: Գուցե մի քիչ խճճված պատմություն է բոլոր անտեղյակների համար, բայց ընդհանուր առմամբ՝ հասկանալի մեկնաբանություն է 2008 թվականի ֆինանսական ճգնաժամի մասին: Ֆիլմը հիմնված է Մայքլ Լյուիսի «Իջեցման մեծ խաղը. ֆինանսական ավերածության գաղտնի զսպանակները» գրքի վրա: Այն ապշեցուցիչ արդյունքների է հանգեցնում: Ամենահետաքրքիրն այն չէ, որ մասնագետները կանխատեսել էին ֆինանսական համակարգի սննկացումը դեռ 2005-ին ու դրա վրա կատարել իրենց խաղադրույքը: Ամենահետաքրքիրն այն է, որ ոչ ոք իր եզրակացություններն ու գործողությունները գաղտնի չէր պահում: Բայց համակարգը դրան ոչ մի կերպ չարձագանքեց: Ֆիլմի գլխավոր հարցը. մի՞թե մեծ փողերը կարող են այդքան հիմար լինել:

The Revenant – «Վերապրածը», ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու

12 անվանակարգ: Լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսորական, նկարչական աշխատանք, մոնտաժ, հագուստ, գրիմ, մոնտաժային ձայն, ձայնային էֆեկտների մոնտաժ, վիզուալ էֆեկտներ, ինչպես նաև՝ լավագույն դերասան (Լեոնարդո դի Կապրիո) և երկրորդ պլանի լավագույն դերասան (Թոմ Հարֆի):

Սյուժեն ու համառոտ գնահատականը: Հյուսիսային Ամերիկայի ժայռային սարերում ապրող առաջնորդի պատմությունը, որը մորթի հայթայթող խմբի հետ ընկում է հնդկացիների ծուղակը, որին կիսամահ բզկտում է արջը, հետո նրան դավաճանում են յուրայինները՝ թողնելով մահանալու և այլն: Այս թիմը գլխավոր ամերիկյան թեմայով է. պետք է մինչև վերջ պայքարել կյանքի համար: Հետաքրքիր է, որ այս ամերիկյան ֆիլմը նկարահանել է մեքսիկացի:

Spotlight — «Ուշադրության կենտրոնում», ռեժիսոր Թոմ Մաքքարթի

6 անվանակարգ: Լավագույն ֆիլմ, ռեժիսորական աշխատանք, օրիգինալ սցենար, մոնտաժ, ինչպես նաև՝ երկրորդ պլանի լավագույն դերասան ու դերասանուհի:

Սյուժեն ու համառոտ գնահատականը: «Ուշադրության կենտրոնում» ֆիլմը իրական փաստերի վրա հիմնված լրագրողական հետաքննության աղմկալի պատմություն է: Մի քիչ ուղղակի է ամեն ինչ ներկայացվում, սակայն սա այն ֆիլմերից է, որը կարգելեին նկարահանել Ամերիկայում գրաքննության տարիներին: Այն եկեղեցու հանցանքների մասին է: Եվ ոչ թե ինչ-որ մանր զանցանքի, այլ կաթոլիկական եկեղեցու ներսում տարածված պեդոֆիլիայի մասին, որը տարածվել էր աշխարհով մեկ ու որը կաթոլիկ եկեղեցին թաքցնում էր՝ համաշխարհային սկանդալից խուսափելու համար:

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖԻԼՄ

  • «Մարսեցին»
  • «Խելագար Մաքսը. զայրույթի ճանապարհը»
  • «Բրուքլին»
  • «Լրտեսական կամուրջ»
  • «Սենյակ»
  • «Իջեցման խաղ»
  • «Ուշադրության կենտրոնում»
  • «Փրկվածը»

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ

Բրի Լարսոն, «Սենյակ»


    
«Սենյակ» ֆիլմում իր դերի համար Լարսոնն արդեն հասցրել է արժանանալ «Ոսկե գլոբուսի», ինչի շնորհիվ, բազմաթիվ կինոքննադատների կարծիքով՝ նա դառնում է Օսկարի գլխավոր թեկնածու: «Սենյակ» ֆիլմում Լարսոնն, ում անունն է Մա, իր հնգամյա որդի Ջեքի հետ գտնվում է սենյակում. նրանց գերեվարել է մի մոլագար: Ման այնտեղ է անցկացրել յոթ տարի՝ հղիանալով ու լույս աշխարհ բերելով Ջեքին, որը դեռ երբեք չի լքել այդ բանտը, և այն տղայի համար մի ամբողջ աշխարհ է: Բայց մի օր Ման ու Ջեքը կարողանում են խաբել իրենց առևանգչին ու դուրս գալ դեպի ազատություն: Բայց ազատությունը հիմնահատակ շրջում է նրանց կյանքը ու նորանոր խնդիրներ ստեղծում: Բրի Լարսոնն ու Ջեյկոբ Թրեմբլեն (Ջեքը) կարողացել են էկրանին վերստեղծել մոր և որդու իսկական հարաբերություններ: Նրանց հարաբերություններն այնքան ներդաշնակ են, որ առաջին իսկ րոպեից սկսում ես հավատալ նրանց բարեկամական կապին:

Քեյթ Բլանշետ, «Քերոլ»

Թեկնածուների մեջ ամենատիտղոսակիրը Քեյթ Բլանշետն է, ում «ծառայողական ցուցակում» արդեն կա երկու Օսկար: Սա փոխադարձ սիրո պատմություն է երիտասարդ վաճառողուհի Թերեզայի ու բարեկեցիկ հարուստ կնոջ՝ Քերոլի մասին: Նրանք ծանոթանում են խաղալիքների խանութում, որտեղ աշխատում է Թերեզան և որտեղից խաղալիք գնելիս իր ձեռնոցն է մոռանում Քերոլը: Սա էլ նրանց ընկերության, այնուհետև՝ մտերմության առիթն է դառնում: Քեյթ Բլանշետը հիանալի է խաղում ուժեղ, կյանքից չկոտրվող կնոջ կերպարը: Թերեզայի մեջ նա գտնում է նոր զգացմունքներ, նոր սեր, ամենօրյա խնդիրներից ու ամուսնու հետ լարված հարաբերություններից փախչելու միջոց: Քեյթ Բլանշետն ինչպես արտաքնապես, այնպես էլ խաղով հիանալի միաձուլվել է իր էկրանային կերպարին:

Սիրշա Ռոնան, «Բրուքլին»

Ռոնանի հերոսուհու անունն է Էլիս Լեյսի, ով իռլանդական մի գյուղում ապրում է մոր և ավագ եղբոր հետ: Աշխատանքի փնտրտուքների մեջ նա գնում է ԱՄՆ ու բնակվում Բրուքլինում: Նա բավականին լավ աշխատանք է գտնում մի խանութում, հանդիպում իտալացի հաճելի տղայի և ռոմանտիկ հարաբերություններ սկսում նրա հետ: Ընտանեկան վատ լուրերի պատճառով նա տուն է վերադառնում, որտեղ տնեցիներն ու ընկերները համոզում են այլևս չհեռանալ: Բայց ինչ-որ պահի աղջիկը կատարում է ճակատագրական ընտրությունը: Ռոնանը հիանալի է ցույց տալիս այն փոփոխությունները, որոնց ենթարկվում է մարդը շրջակա աշխարհի ճնշման ներքո: Մեկ տարվա ընթացքում փխրուն և ամոթխած աղջնակը վերածվում է վճռական ու փորձառու կնոջ: Այս ֆիլմով Սիրշա Ռոնանն ապացուցեց, որ հոլիվուդի ծագող աստղ է:

Բոլոր թեկնածուները

  • Բրի Լարսոն, «Սենյակ»
  • Ջենիֆեր Լոուրենս, «Ջոյ»
  • Քեյթ Բլանշետ, «Քերոլ»
  • Սիրշա Ռոնան, «Բրուքլին»
  • Շառլոտա Ռեմփլինգ, «45 տարի»

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԵՐԱՍԱՆ

Լեոնարդո դի Կապրիո, «Վերապրածը»

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, թե ինչու է բոլորի ուշադրությունը գամված հենց այս անվանակարգի վրա: Սիրված դերասան Լեոնարդո դի Կապրիոն ահա արդեն 5-րդ անգամ է հայտնվում թեկնածուների շարքում. ու նրա տաղանդի միլիոնավոր երկրպագուներ, շունչները պահած, սպասում են իրենց կուռքի հաղթանակին: «Վերապրածը» դինամիկ, հետաքրքիր ու դաժան ֆիլմ է: Հյու Գասի դերակատար Դի Կապրիոն հիանալի է մտել կերպարի մեջ: Նա բիզոնի հում լյարդ է կերել ու լողացել սառցե ջրում. սա իսկական նվիրվածություն է: Մեզանից շատերն արդեն հասցրել են կարդալ, թե որքան դժվար են եղել «Վերապրածի» նկարահանումներն, ինչերի միջով է անցել նկարահանող խումբը, որքան դաժան էին եղանակային պայմանները և Ալեխանդրո Ինյարիտուի պահանջները: Բայց այս ամենի համար, ցավոք, արձանիկ չեն տալիս:
     Շարունակությունը կարդացեք Тotoexpert-ում:

6052 | 0
Facebook