Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ակնկալիքները մեծ են». Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը հանդիսատեսի դատին կհանձնվի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում

15:21, ուրբաթ, 19 փետրվարի, 2016 թ.
«Ակնկալիքները մեծ են». Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը հանդիսատեսի դատին կհանձնվի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում

«Ֆիլմը կոնֆլիկտի մասին է, երբ շուրջդ վայրագություն, ատելություն ու թշնամանք է… Ինչպե՞ս պետք է այդ իրավիճակում կյանքը շարունակվի: Մեր շուրջն այսօր էլ, եթե ուշադիր նայենք, ամենավայրագ բաները կտեսնենք: Այս առումով ֆիլմը շատ արդիական է»,- MAMUL.am լրատվականի թղթակցի հետ զրույցում ասաց «Վերջին բնակիչը» ֆիլմի սցենարի հեղինակ Մասիս Բաղդասարյանը:

«Ֆիլմն սկսվում է տեղահանության տեսարանով. մարդիկ կորցրել են իրենց բնօրրանը: Մեծ ողբերգություն է, երբ ստիպված ես լքել ծննդավայրդ... Ցանկացած մարդու համար ծանր հոգեվիճակ է…

Գյուղում հայտնվում են տարբեր խմբավորումներ, թալան, բռնություն: Հասունանում է պահը, երբ պետք է հեռանալ: Գյուղը դատարկվում է, և միայն մի հոգի է մնում` քարտաշ Աբգարն, ով գտնում է իր աղջկան հիվանդանոցում` արդեն հոգեկան անհավասարակշիռ վիճակում: Աբգարը դստեր հետ փորձում է թշնամու օղակը ճեղքել, ում միակ նպատակն աղջկա կյանքը պահպանելն է, թեև աղջիկն անհաղորդ է իրականությանը»,- պատմեց սցենարի հեղինակը:

Ջիվան Ավետսիյանի «Վերջին բնակիչը» ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Արցախում: Ֆիլմը պատմում է ազգամիջյան հակամարտության արդյունքում բռնի տեղահանված, հայաբնակ գյուղում միայնակ մնացած հայի մասին: Սցենարիստի կարծիքով` մեր պատմության մասին նկարահանած գեղարվեստական գործերը քիչ են. «Իսկ որպեսզի մեր պատմությունը մերը դառնա, պետք է մենք այդ պատմությունը հուզական ապրենք: Կարծում եմ` ամեն ինչ արել ենք, որ ֆիլմը լավը լինի: Կուզեմ, որ բացի մեզնից, ֆիլմը դիտելուց օտարազգի հանդիսատեսն էլ հուզվի»,- մեզ հետ զրույցում անկեղծացավ սցենարիստը: «Վերջին բնակիչը» ֆիլմը նրա և ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի 2-րդ համատեղ աշխատանքն է:

«Դու կարող ես շատ լավ բան գրել, բայց այն իրականություն չդառնա: Նա, ով ֆիլմն ստեղծում է, ինքը պետք է դրա հետ համաձայն լինի: Ջիվանը կարողանում է բոլորիս համախմբել և ուղղություն տալ: Վերջին հաշվով ֆիլմն ամբողջությամբ` իր գույնով ու երաժշտությամբ, տեղանքով ու հագուստով ռեժիսորն է տեսնում»,-համոզված է սցենարի հեղինակը:

Ֆիլմի ստեղծման աշխատանքները տևել են երկուսուկես տարի: Դերասանական կազմում հայ դերասաններից բացի` Ալեքսանդր Խաչատրյան, Սոս Ջանիբեկյան, Նարինե Պետրոսյան, ընդգրկված են նաև համաշխարհային ճանաչում ունեցող դերասաններ. Հոմայուն Էրշադին` Իրանից, Սանդրա Դաուկշայտե Պետրուլենեն` Լիտվայից և այլք: Ֆիլմի երաժշտությունը գրել է հայտնի երաժիշտ Սերժ Թանկյանը: Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի բնորոշմամբ` փայլուն երաժշտություն է գրվել ֆիլմի համար. «Ոչ թե նրա համար, որ նա համաշխարհային հայտնության ստեղծագործող է, այլ երաժշտությունն իսկապես շատ լավն է: Ֆիլմի դրամատուրգիայի և պատկերի շարքի մասին նրա հետ շատ երկար ենք խոսել: Սերժ Թանկյանը տեսավ ֆիլմի մոնտաժված պատկերն առանց ձայն և ասաց, որ ես այս ֆիլմի համար կաշխատեմ, այս ֆիլմն ինձ կտա այն թևերը, որը պետք է ստեղծագործողին...»,- պատմեց Ջիվան Ավետիսյանն, ում խոսքով` Սերժի հետ միասին ապրել են ֆիլմի հերոսների ամեն օրն ու դրվագը:

«Վերջին բնակիչը» ֆիլմի համար գրված Սերժ Թանկյանի ստեղծագործությունը ձայնագրվում է Հայաստանում: Ձայնագրման աշխատանքներում ներգրավված են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, և «Հովեր» պետական կամերային երգչախումբը:

«Այն հավաքականությունը, որ ստեղծվել է ֆիլմի շուրջ, ունեցել է մեկ նպատակ, որ անենք լավ գործ»,- ասաց Ջիվան Ավետիսյանը: Ռեժիսորի խոսքով` ֆիլմի պրեմիերան տեղի կունենա «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում: Նա խոտովանեց, որ ֆիլմից ակնկալիքները մեծ են. «Հուսանք՝ ֆիլմն իր ճանապարհը կանցնի»,- եզրափակեց Ջիվան Ավետիսյանը:

7995 | 0
Facebook