Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Զիդանը նշանակվել է «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ

23:53, երկուշաբթի, 04 հունվարի, 2016 թ.
Զիդանը նշանակվել է «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ
     Ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը նշանակվել է «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ։ Այս մասին հայտնել է մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը՝ հատուկ հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում։ 43-ամյա ֆրանսիացին այդ պաշտոնում փոխարինել է իսպանացի մասնագետ Ռաֆաել Բենիտեսին։ «Հայտարարում եմ Բենիտեսի պաշտոնանկության մասին։ Նա մեծ պրոֆեսիոնալ է։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Բենիտեսին՝ կատարած աշխատանքի և հավատարմության համար։ Ակումբի տնօրենների խորհուրդը որոշել է գլխավոր մարզչի պաշտոնում նշանակել Զիդանին»,-ասել է «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը։
     Հիշեցնենք, որ Զիդանը գլխավորում էր «Կաստիլիա»-ն։ «Շնորհակալ եմ ակումբի նախագահին այս հնարավորության համար։ Մենք ունենք լավագույն թիմը և աշխարհի լավագույն երկրպագուներին։ Կփորձեմ անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի թիմը կարողանա որևէ նվաճման հասնել մինչև մրցաշրջանի ավարտը։ Ջանք ու եռանդ չեմ խնայի։ Այսօր ինձ համար շատ կարևոր օր է»,-նշել է Զիդանը։
     Հիշեցնենք, որ Բենիտեսը գլխավորել է Մադրիդի «Ռեալ»-ը 2015-ի հունիսին։ Նա գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել է Կառլո Անչելոտիին։ Հիշեցնենք նաև, որ Զիդանը 3 անգամ ճանաչվել է ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ (1998, 2000, 2003)։Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում նա դարձել է աշխարհի (1998) և Եվրոպայի (2000) չեմպիոն։ «Ռեալ»-ի կազմում Զիդանը հանդես է եկել 2002-ից 2006 թվականներին՝ ավարտելով կարիերան Մադրիդում։ Ակումբի կազմում նա դարձել է Իսպանիայի չեմպիոն (2003), Իսպանիայի Սուպերգավաթակիր (2001, 2003), ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթակիր (2002) և Չեմպիոնների լիգայի հաղթող (2002)։ 2009 թվականից Զիդանը եղել է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի օգնականը։ 2011-ից 2012 թվականներին զբաղեցրել է ակումբի մարզական տնօրենի պաշտոնը։ 2014-ի ամռանը ֆրանսիացին գլխավորել է «Կաստիլիա»-ն։
5939 | 0
Facebook