Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հարսանիքիս օրը Չալդրանյանը հայտնեց, որ իր ֆիլմի գլխավոր հերոսը ես եմ լինելու». կկայանա «Վարդապետի լռությունը» ֆիլմի պրեմիերան

14:46, չորեքշաբթի, 16 դեկտեմբերի, 2015 թ.
«Հարսանիքիս օրը Չալդրանյանը հայտնեց, որ իր ֆիլմի գլխավոր հերոսը ես եմ լինելու». կկայանա «Վարդապետի լռությունը» ֆիլմի պրեմիերան

«Երբ ֆիլմի գաղափարը եկավ, Վիգեն Չալդրանյանի հետ անընդհատ խոսում էինք այդ մասին, քննարկում կերպարները, մտածում էինք, թե հերոսն ով է, ինչպիսի կերպար պիտի լինի, և ես անընդհատ փորձում էի իրեն օգնել, թե ով կարող է մարմնավորել այդ կերպարը: Խոսում էինք տարբեր դերասանների մասին, բայց ես անգամ չէի էլ կարող պատկերացնել, որ նրա ընտրությունը կկանգնի ինձ վրա»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց դերասան Վարդան Մկրտչյանն, ով «Վարդապետի լռությունը» ֆիլմում մարմնավորել է գլխավոր հերոսին` Էդգար Նովենցին:

«2014-ի հունիսի 28-ն էր: Նա շատ հետաքրքիր ձևով ինձ առաջարկ արեց. իմ հարսանիքի օրը չկարողացավ գալ, քանի որ հիվանդանոցում էր, բայց անակնկալ կերպով կարդացին, որ նա ինձ հրավիրում է նկարահանվելու իր ֆիլմում»,- պատմեց դերասանն, ում խոսքով` Վիգեն Չալդրանյանի նման բարձր կարգի արվեստագետի հետ աշխատելը չափազանց հետաքրքիր էր:

«Ֆիլմի նկարահանումները վաղուց վերջացել են, ձայնագրությունն ու տեխնիկական բոլոր հարցերը վերջացած են, և դեկտեմբերի 25-ին նշանակված է պրեմիերան»,- ասաց Վարդան Մկրտչյանն, ով դժվարացավ ասել` կերպարը բա՞րդ էր, թե՞ ոչ: «Շատ կարևոր կերպար էր: Այն գաղափարը, զգացմունքը ,մոտեցումն ու անհանգստությունը, որ Չալդրանյանը որպես արվեստագետ դրել է այս ֆիլմի ներսում, այսօր մեզ` հայ ժողովրդին օդ ու ջրի պես անհրաժեշտ է»,-կարծում է դերասանը:

«Մենք աշխատեցինք ու ստեղծեցինք այն կերպարը, որի մասին երազում էինք ամիսներ առաջ: Ինչ է ստացվել, հանդիսատեսը կորոշի, բայց կարծում եմ, որ անհրաժեշտ ֆիլմ էր: Մենք շատ ենք հեռացել մեր էթնիկ արժեհամակարգից, ֆիլմը կարթնացնի հայ մարդու մեջ դեպի մեր արժեհամակարգը վերադառնալու սկզբունքը»,-համոզված է ֆիլմի գլխավոր հերոսը:

Ամփոփելով՝ Վարդանը շնորհակալություն հայտնեց էկրանին չերևացող մարդկանց հսկայական բանակին, ովքեր ամեն ինչ արեցին, որ ֆիլմը կայանա: «Որպես գլխավոր դերակատար՝ ֆիլմի փառքը գուցե ավելի շատ ես կվայելեմ, բայց իրականում դա ռեժիսորինն է, օպերատորինն է, դա այն թիմինն է, որն էկրանից այն կողմ է աշխատել»:

Նրա խոսքով` ֆիլմը ստեղծելիս որևէ փոխզիջման չեն գնացել:

«Ֆիլմում չկա մեկ կադր կամ մեկ վայրկյան, որ մենք փոխզիջման գնացած լինենք: Տեսարան է եղել, որ նկարելուց հետո որոշ ժամանակ անց նորից ենք նկարել: Սա կոմպրոմիս չունեցող ֆիլմ է, շնորհակալ եմ Վիգեն Չալդրանյան արվեստագետին: Եթե մենք, որպես գաղափար, հավաքվեցինք Կոմիտասի շուրջ, կարևոր էր, թե ով է այն անհատը, որին պետք է վստահենք և գնանք նրա հետևից: Եթե Կոմիտասի անունը տար ուրիշ արվեստագետ, շատ մեծ հարց է, այդ թիմը կգնար նրա հետևից, թե՞ չէ»,- անկեղծացավ Վարդան Մկրտչյանը:

«Կարծում եմ՝ Կոմիտասը տիեզերքից էր տրված՝ որպես «ազգի խիղճ», այսօր մենք խնդիր ունենք վերադարձնելու այդ խիղճը, վերադառնալու դեպի Կոմիտասը: Ինձ համար Կոմիտասը մշակութային փրկիչ էր:
     Կոմիտասի լռության հետ աշխարհն էլ լռեց: Ֆիլմի հերոսը՝ Էդգար Նովենցն ասում է. «Կոմիտասը լռեց, որ աշխարհը մի օր խոսի, և այսօր աշխարհը խոսում է…»,- այս համոզմունքին է ֆիլմի ռեժիսոր Վիգեն Չալդրանյանը:

5316 | 0
Facebook