Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Այսօր արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի 55-ամյակն է. հետաքրքիր փաստեր

18:35, ուրբաթ, 30 հոկտեմբերի, 2015 թ.
Այսօր արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի 55-ամյակն է. հետաքրքիր փաստեր
     Այսօր արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի ծննդյան օրն է։ Արգենտինացին նշում է ծննդյան 55-րդ հոբելյանը։ Մարադոնան աշխարհի 1986 թվականի չեմպիոն է, Արգենտինայի չեմպիոն, Իտալիայի կրկնակի չեմպիոն, Իտալիայի գավաթակիր և սուպերգավաթակիր, Իսպանիայի գավաթակիր և սուպերգավաթակիր։ Մարադոնան հավաքականի կազմում մասնակցել է 1979 թվականի աշխարհի երիտասարդական առաջնությանը՝ նվաճելով ոսկե մեդալ։ Արգենտինայի հավաքականի կազմում Մարադոնան անցկացրել է 91 խաղ և խփել 34 գնդակ։ 2008 թվականին Մարադոնան գլխավորել է Արգենտինայի ազգային հավաքականը։ Աշխարհի 2010 թվականի առաջնությունում նրա սաները 1/4 եզրափակչում պարտվել են գերմանացիներին՝ դուրս մնալով հետագա պայքարից։ Մրցաշարի ավարտից որոշ ժամանակ անց Դիեգո Մարադոնան հեռացվել է զբաղեցրած պաշտոնից․
     • 1986 թվականին Մեքսիկայում Արգենտինայի հավաքականը հռչակվել է աշխարհի չեմպիոն։ Առաջնության ընթացքում Դիեգոն խփել է 5 գոլ, որոնցից մեկը հետագայում ճանաչվել է աշխարհի առաջնությունների պատմության մեջ լավագույնը։ Այդ գնդակը Մարադոնան խփել է անգլիացիների հետ 1/4 եզրափակիչ խաղում` շրջանցելով մրցակցի 5 ֆուտբոլիստի և դարպասապահ Փիթեր Շիլթոնին։ Դրանից 3 րոպե առաջ Մարադոնան գնդակ է խփել ձեռքով, որը, սակայն, արձանագրվել է։ Խաղից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Մարադոնան հայտարարել է, որ այդ վիճելի գնդակը խփել է «մասամբ իր գլխով, և մասամբ էլ Աստծո ձեռամբ»։ Դրանից հետո, Մարադոնայի մասին խոսելիս, միշտ շրջանառվում է «Աստծո ձեռքը» արտահայտությունը։

     • 1994 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում Մարադոնան 15 ամսով որակազրկվել է՝ խթանիչի դեր կատարող թմրանյութեր օգտագործելու համար։ Առանց Մարադոնայի Արգենտինայի հավաքականը պարտվել է խմբային փուլի հանդիպումներում՝ դուրս մնալով մրցաշարից։
     • Դիեգո Մարադոնան իր երկրպագուների կողմից ստացել է «ոսկե տղա» մականունը։
     • Չնայած որ Մարադոնան արգենտինական ֆուտբոլի լեգենդ է, նա արգենտինացի չէ։ Նրա նախնիները Արգենտինա են գաղթել Իտալիայից։ Բացի այդ նրա հեռու բարեկամն է ճանապարհորդ Մարկո Պոլոն։ Մարադոնայի տոհմածառի ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ նրա երակներում հոսում է նաև խորվաթական արյուն։
     • Կյանքի առաջին գնդակը Մարադոնային նվիրել է ավագ եղբայրը։ Դիեգոն այդ ժամանակ 8 տարեկան էր։ Մի քանի օր երեխան անբաժան էր գնդակից, միշտ իր մոտ էր պահում և թույլ չէր տալիս որևէ մեկը խաղա դրանով։ Այդ ժամանակ հայրը Դիեգոյին ցույց է տվել, թե ինչպես են ճիշտ հարվածում գնդակին։ Մարադոնա-կրտսերին դուր է եկել դա և նա սկսել է մարզվել՝ հարվածելով պատին։
     • 1984-ին Մարադոնան պայմանագիր է կնքել իտալական «Նապոլի»-ի հետ։ 3 տարի անց, Մարադոնայի օգնությամբ, «Նապոլի»-ն, պատմության մեջ առաջին անգամ, հռչակվել է Իտալիայի չեմպիոն։ Չեմպիոնությունից հետո քաղաքի բոլոր շատրվանների արձանների վրա հագցվել են Մարադոնայի մարզաշապիկները։ Իսկ խոհարարներին ռեկորդային թվով եկամուտ է բերել «Մարադոնա» անվանումը կրող պիցցան, որն, ի դեպ, մինչ օրս ճանաչված է տեղացիների և զբոսաշրջիկների շրջանում։
     • Չնայած մարզական հաջողություններին, Նեապոլում ապրած տարիներին Մարադոնան չի վճարել հարկերը։ Արդյունքում, նա Իտալիայի հարկադիր մարմիններին պարտք է 40 մլն դոլար, որը դեռ ամբողջությամբ չի վճարել։ Ամեն անգամ, երբ ֆուտբոլիստը գալիս է Իտալիա, հարկադիր մարմինները նրանից վերցնում են թանկարժեք իրերը։ 2006-ին արգենտինացու հյուրանոցային համարից կոնֆիսկացվել է նրա «Rolex» ժամացույցը, իսկ 2009-ին՝ 4 հազար եվրո արժողությամբ ադամանդե ականջօղը, որը հետագայում աճուրդի է հանվել՝ վաճառվելով 25 հազար եվրոյով։
     • 2004-ին, թմրանյութերի հետ խնդիրների պատճառով, Մարադոնայի քաշը հասել է 120 կգ-ի։ Սրտի կաթվածից հետո, գտնվելով մահվան շեմին, ֆուտբոլիստը հիվանդանոց է տեղափոխվել, որտեղ խիստ սննդակարգի շնորհիվ նա ազատվել է ավելորդ քաշից՝ դառնալով 70 կգ։
     • Մարադոնան զբաղվում է նաև քաղաքականությամբ՝ աջակցելով Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոյի շարժմանը։ Կաստրո եղբայրները՝ Ֆիդելը և Ռաուլը, ինչպես նաև Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը եղել են Մարադոնայի մտերիմ ընկերները։

     • Դիեգոն լավ հարաբերությունների մեջ է բռնցքամարտիկ Մայք Թայսոնի հետ։

     • Արգենտինայի Ռոսարիո քաղաքում գտնվում է «Մարադոնայի եկեղեցին», որը 10 տարի առաջ հիմնադրվել է նրա ընկերների և երկրպագուների կողմից։ Այն ունի ավել քան 120 հազար հետևորդ, ովքեր հունիսի 22-ը նշում են որպես Սուրբ Հարության տոն։ 1986 թվականի այդ օրը Մարադոնան «Աստծո ձեռքով» խփել է իր կարիերայի ամենահայտնի գոլը։
     • Մարադոնայի տեխնիկան նախատիպ է դարձել Ռոնալդինյոյի դրիբլինգի համար. վերջինս «պաշտում է այն ամենը, ինչ անում էր Մարադոնան»։
     • Մարադոնան ամուսնացած է եղել կնոջ՝ Կլավդիա Վիլյաֆանյանի հետ 25 տարի։ Դա, սակայն, չէր խանգարում Դիեգոյին սիրավեպեր ունենալ արգենտինացի դերասանուհի Ադրիանա Բրոդսկիի և իտալացի դերասանուհիներ Լորեդանա Բերթեի և Հիզեր Փարիզիի հետ։ Տեղեկություններ կան, որ ընդհանուր առմամբ Մարադոնան կնոջը դավաճանել է մոտ 12 հազար կնոջ հետ։
     • 1988-ին ծնվել է Դիեգոյի և Կլաուդիայի դուստրը՝ Դալմա Ներեան։ Մեկ տարի անց ծնվել է զույգի երկրորդ դուստրը՝ Ջանինա Դինորան։
     • Մարադոնան ունի 3 արտաամուսնական երեխա՝ 1995 թվականին իտալուհի Քրիստինա Սինագրայից ծնված որդին՝ Դիեգո-կրտսերը, 1996 թվականին 20-ամյա մոդել Վալերյա Սաբալաինից ծնված դուստրը՝ Ժաննան և որդին՝ Սանտյագոն, ում մայրը մահացել է 2005-ին՝ քաղցկեղից։ 2013 թվականի փետրվարի 7-ին արգենտինացի ֆիզկուլտուրայի ուսուցչուհի Վերոնիկա Օխեդան լույս աշխարհ է բերել Մարադոնայի 4-րդ արտաամուսնական երեխային՝ Դիեգո Ֆերնանդոյին։
     • Այս տարվա փետրվարին արգենտինացին վերացրել է դեմքի կնճիռները՝ լազերային երիտասարդացման միջոցով, որպեսզի իր 24-ամյա ընկերուհու՝ Ռոսիո Օլիվայի կողքին երիտասարդ երևա։
     • 2008-ին Մարադոնայի դուստրը՝ Ջանինան, ամուսնացել է Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Սերխիո Ագուերոյի հետ։ 2009 թվականի փետրվարի 20-ին ծնվել է նրանց որդին՝ Բենխամինը։ Տղայի կնքահայրը Լիոնել Մեսսին է։ 2013 թվականի փետրվարին Ագուերոն և Ջանինան ամուսնալուծվել են։
     • Մարադոնայի ավագ դուստրը՝ Դալման, նշանված է Արգենտինայի հավաքականի մամուլի քարտուղար Ֆերնանդո Մոլինոյի հետ։
     • Մարադոնայի մասին և նրան ուղղված մի շարք երգեր կան։
     • 2004 թվականին Կուբայում բեմադրվել է Մարադոնայի մասին «Շապիկ №10. դրախտի և դժոխքի միջև» ներկայացումը։
     • 2007 թվականի մարտի 30-ին մեծ էկրաններ է բարձրացել իտալացի ռեժիսոր Մարկո Ռիզիի «Maradona, la mano di Dio» կենսագրական ֆիլմը։
     • 2008-ին հանդիսատեսի դատին է հանձնվել սերբ հայտնի ռեժիսոր Էմիր Կուստուրիցայի «Մարադոնա» ֆիլմը՝ թմրանյութերի, կյանքի և մարզական ուղու մասին։
6028 | 0
Facebook