Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ըստ իս, Հայաստանից գնացել է ավելի շատ իր ոչ պատասխանատու արարքների համար պատասխանատվություն չկրելու համար». Հրանուշ Խառատյան

15:30, ուրբաթ, 18 սեպտեմբերի, 2015 թ.
«Ըստ իս, Հայաստանից գնացել է ավելի շատ իր ոչ պատասխանատու արարքների համար պատասխանատվություն չկրելու համար». Հրանուշ Խառատյան
     Այս օրերին համացանցի և մամուլի համար քննարկման թիվ 1 թեմա է դարձել «Ներազգային ազատագրական շարժման» ղեկավար Վահան Մարտիրոսյանի` Ադրբեջանից քաղաքական ապաստան խնդրելու հարցը: Տարբեր կարծիքներ և տեսակետներ են հնչում վերջինի կողմից իրականացված քայլի առնչությամբ:
     Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հետ զրույցում, խոսելով Վ. Մարտիրոսյանի անձի, կերպարի մասին, ասաց, որ դատելով մամուլի տարատեսակ հակասական տեղեկություններից, կարող է միայն ասել, որ նա սպեկուլատիվ կերպար է, և քայլերը նույնպես սպեկուլատիվ են: «Այս երկրի բնակիչներից շատերը պրոբլեմներ ունեն, բայց դրանց լուծման ուղիների մեջ, համենայնդեպս, նույնիսկ իրավունքի փնտրտուքի տեսակետից, Ադրբեջանը ամենահակացուցված երկիրն է ոչ միայն հայերի համար, այլև՝ առհասարակ: Հիմա, եթե նույնիսկ մի կողմ թողնենք հայ-ադրբեջանական պրոբլեմները, էլի չեմ հասկանում իր իրավունքի փնտրտուքը Ադրբեջանում: Եթե ինքն իր կյանքի, իր անձի և իր ընտանիքի համար է իրավունք փնտրում, դրա տեղը Ադրբեջանը չէ: Եթե Հայաստանի դեմ է փնտրում, դա ուրիշ խոսակցություն է»,- նկատեց Խառատյանը:
     Վահան Մարտիրոսյանը, որը գտնվում էր հետախուզման մեջ, փաստորեն, կարողացել է առանց խոչընդոտի դուրս գալ Հայաստանի սահմանից և ոչ ոք չի իմացել: Ո՞ր կառույցն է պատասխանատու դրա համար, հարցին մեր զրուցակիցը կարծիք հայտնեց, որ այսօր շատերն են Հայաստանից գնում տարբեր երկրներ և ապաստան խնդրում. «Չեմ կարծում, որ մեր երկրի կառույցները նախապես տեղյակ են լինում այդ մարդկանց մտադրությունների մասին»,- ասաց նա` հավելելով, որ այդ հարցում նրան հնարավոր է օգնել են կա՛մ Վրաստանից, կա՛մ վրաց-ադրբեջանական համաձայնություն է եղել: «Հնարավոր է, որ Ադրբեջանից էլ նրան ինչ-որ բաներ խոստացած լինեն: Ես չեմ ուզում ասել, որ նա Հայաստանը լքել է` հատուկ Ադրբեջան գնալու համար, բայց, ըստ իս, Հայաստանից գնացել է ավելի շատ իր ոչ պատասխանատու արարքների համար պատասխանատվություն չկրելու համար: Նման զարգացումները, ես կասեի, նման սկանդալային կերպարների համար ծրագրավորվածից դուրս են: Թեպետ, սրանք ընդհամենն ընդհանուր դատողություններ են»,- շարունակեց ազգագրագետն, ում խոսքերով` բոլոր երկրներում և մեր հասարակությունում նույնպես կան այդպիսի մարդիկ, որոնք մասամբ մաքսիմալացված են մեր երկրի անորոշ հակասություններով լեցուն կյանքից: Այսպիսի երևույթների կրկնությունները Հ. Խառատյանը չբացառեց` միևնույն ժամանակ շեշտելով, որ այդ կերպարները չեն, որ պետք է այլ երկներում կարծիք ձևավորեն մեր մասին: Անդրադառնալով այսօր Բաքվում Վ. Մարտիրոսյանի տված մամուլի ասուլիսին՝ մեր զրուցակիցն ասաց, որ դրա համար այդ երկրում վերջինին բավականաչափ նախապատրաստել էին կա՛մ ուժով. կա՛մ խոստումներով: «Շատ վստահ եմ և դրանում չեմ կասկածում: Սահմանին Ադրբեջանի կողմից վերջին լարվածության վերաբերյալ միջազգային կառույցների բավականին սթափեցնող գնահատականներից հետո հիմա իրենք պետք է զուգահեռներ տանեն, Հայաստանի դեմ քարոզարշավ սկսեն: Ես չեմ բացառում` եթե Հայաստանում լինի հարաբերականորեն նորմալ վիճակ, էլի այսպիսի մարդիկ կգտնվեն: Պատերազմում գտնվող երկրներ ենք, և հավանաբար, ես ենթադրում եմ՝ փորձում են գտնել քարոզչության համար համապատասխան մարդիկ: Ենթադրում եմ, որ դա պատերազմող երկրների ընդհանուր օրակարգում տեղավորվող երևույթ է, բայց կրկնում եմ` այդ տղան լավագույն կերպարը չէ քարոզչության համար, նա շատ սկանդալային կերպար է, և եթե նույնիսկ ադրբեջանական լրատվությունների տարածման շահագրգիռ մամուլն իրեն ինտենսիվ պտտեցնի, լավ կլիներ, իհարկե, որ մերոնք էլ իրենց հերթին ինչ-որ բան պատրաստեին»,- ասաց Հ. Խառատյանը:
7482 | 4
Facebook