''Ժամանակ մի՛ կորցրու, կարդա՛'' ընթերցանության հանրապետական մրցույթն ավարտվեց. 2011 թվականի մայիսից 4000 դպրոցականներ են մասնակցել մրցույթին, 800-ն անցել կիսաեզրափակիչ, հաղթել են 55-ը. նրանցից 7-ը մայրաքաղաքի դպրոցների աշակերտներ են:
Մրցույթը թեև ընթացել է դպրոցականների թվաքանակի փոքր ընդգրկումով, սակայն մեծ ոգևորությամբ: Շուրջ տասն ամիս դպրոցականները կարդացել են առաջարկված գրափնջերը, մրցութային օրերին պատմել հանձնաժողովին, վերլուծել անգիր սովորած մեջբերումներով և ասմունքել:
55 հաղթողներից 41-ը խրախուսական, իսկ 14-ը մրցութային և հատուկ մրցանակային տեղեր են զբաղեցրել:
Ընթերցանության առաջին մրցույթը նվիրված է եղել Երևանը 2012 թվականին գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելուն և հայկական գրատպության 500-ամյակին, իսկ մրցութային ամփոփիչ միջոցառումը՝ Մայրենիի օրվան, որի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանը պատվոգրերով ու շնորհակալագրերով է պարգևատրել մի շարք մշակութային գործիչների, հեռուստահաղորդումների հեղինակների և ուսուցիչների: