ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը փետրվարի 21-ին աշխատանքային այցով Սյունիքում էր: Գյուղոլորտում իրականացվող օժանդակման ծրագրերից նախարարը հիշատակել է գյուղացիական տնտեսություններին հատկացվելիք 25 հազար տոննա ազոտական պարարտանյութի և դիզվառելիքի մասին, որոնք պետության սուբսիդավորման շնորհիվ, գյուղացին ձեռք կբերի շուկայականից ցածր գնով: ''Քանի որ հանրապետության տեխնոպարկը հնացած է, ընթացիկ տարվա գերխնդիրներից է նաև գյուղտեխնիկայի ձեռքբերումը: Բարձրորակ տրակտորների, կոմբայնների, գյուղգործիքների ներկրման ուղղությամբ աշխատանքներ են տարվում Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի հետ, որոնք առաջիկայում կստանան դրական լուծումներ'': Նախարարը նշել է, որ ընթացքի մեջ են գյուղացու եկամուտների ավելացմանը նպատակաուղղված` զուտ պայմանագրային եղանակով մթերման, կենդանիների ութ հիվանդությունների կանխարգելման դեմ պատվաստման և իրացման նոր շուկաների ստեղծման խնդիրները, որոնք նույնպես հընթացս լուծում կստանան:
''Սերմնաբուծության զարգացման'' ծրագիրը նույնպես շարունակական է լինելու, այս տարի էլ գյուղացիական տնտեսություններին տրամադրելու ենք էլիտային սերմնացու: Անցած տարի ներկրված սերմնացուի հաշվին մենք կարողացանք ապահովել 90 հազար տոննա ավելի հացահատիկի բերք` լրացուցիչ կատարելով 20 հազար հա աշնանացան: Այն նախապայման է` գյուղոլորտում ավելի մեծ արդյունքներ ունենալու համար'',- ասել է Սերգո Կարապետյանը: