Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը ներկայացրել է 2012 թվականին Երևանի քաղաքապետարանի նախատեսած կանաչապատման աշխատանքների համալիր ծրագիրը:
Նախատեսված աշխատանքների շրջանակում Երևան մտնող ավտոճանապարհների ու պողոտաների միջնամասերը, զբոսայգիների, պուրակների և այլ կանաչ գոտիների շուրջ 35 հեկտար տարածքով համապատասխան հատվածները կձևավորվեն նոր սիզամարգերով, 6 հեկտար էլ կընդգրկեն ծաղկային տարածքները: Դրանց մշտական խնամքի ապահովման նպատակով կանցկացվի 27 հազար գծամետր ոռոգման ցանց: Մշտադալար ու դեկորատիվ ծառերով և թփերով կավելանան մայրաքաղաքի կանաչ գոտիները, այդ թվում նաև այգիներն ու պուրակները: ՀՀ մարզերից այդ նպատակով ներկրվել է ավելի քան 19 հազար խմ բուսահող և կարմիր ավազ:
Բնապահպանության վարչության պետը ներկայացրել է նաև ''Շողակաթ'' հեռուստաընկերությանը հարակից պուրակի և Մարգարյանի անվան ''Մոր և մանկան առողջության պահպանման'' ԳՀԿ-ին հարակից տարածքի անբարեկարգ և բարձիթողի վիճակը վերացնելու, ինչպես նաև կանաչ գոտու պահպանման և ընդլայնման անհրաժեշտությունից ելնելով մշակված բարեկարգման համալիր ծրագիր` նախագծային փաստաթղթերով և մանրակերտային լուսանկարներով:
Ըստ նախագծի` Գլխավոր պողոտայի Մաշտոցի պողոտա-Եզնիկ Կողբացու փողոց հատվածում նախատեսվում է կառուցել սալապատված 2 լայն ճեմուղիներ, որոնք կեզրագծվեն ինչպես գոյություն ունեցող, այնպես էլ նոր` մշտադալար ու դեկորատիվ ծառաշարերով և կանաչ սիզամարգերով: Տարածքի ծաղկապատման, ինչպես նաև կանաչ գոտու մշտական խնամքի ապահովման նպատակով կանցկացվի ոռոգման ցանց: Կվերանորոգվեն նաև տարածքի միջնամասի կանաչ գոտու եզրաքարերն ու ջրային ավազանները, կտեղադրվեն հարմարավետ նստարաններ: Ծրագրով նախատեսված է նաև գիշերային լուսավորության ապահովում: Ծրագրի ավարտից հետո տարածքի հետագա բարեկարգումը կիրականացնեն ոչ միայն համապատասխան ծառայությունները, այլև կանաչ գոտուն հարակից ոչ ընդհանուր օգտագործման տարածքում տնտեսական գործունեություն իրականացնող անհատներն ու կազմակերպությունները: Ընդգծենք, որ այս օրերին ժամանակավոր, թեթև կոնստրուկցիաներով տեղադրվող շինությունները չեն ներառում կանաչ գոտին, ավելին, տեղադրման ընթացքում չի հատվել կամ վերատնկվել որևէ ծառ: Բարեկարգման համալիր ծրագրի ավարտից հետո տարածքն իրավամբ կդառնա հանգստյան հանրային գոտի: Աշխատանքները կմեկնարկեն գարնանը: