
''Հայացք''. Մինչ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բանակում պատահարների նվազեցման ու կարգապահության բարձրացման կիսամյակ է հայտարարում, շարքային զինծառայողների մահվան դեպքերն ավելանում են: Արդեն տեղեկացրել էինք, որ փետրվարի 20-ին պաշտպանության նախարարության զինվորական հոսպիտալում 19-ամյա ժամկետային զինծառայողի մահվան դեպք է գրանցվել: ՊՆ քննչական ծառայության լրատվական բաժնի պատասխանատու Մերի Սարգսյանը պաշտոնապես հաստատել է, որ մահացողը շարքային զինծառայող Նարեկ Արթուրի Մարտիրոսյանն է: Նրան հոսպիտալի վերակենդանացման բաժանամունք են տեղափոխել փետրվարի 16-ին ''երկկողմանի օջախային թոքաբորբ, ձախակողմյան էքսուտատիվ պլևրիտ, անբավարար շնչառություն'' ախտորոշմամբ: Նարեկ Մարտիրոսյանի հարազատներն ասում են, որ իրենց երեխային Երևան են տեղափոխել այն ժամանակ, երբ հիվանդությունն արդեն բարդացած է եղել: Այնինչ, Նարեկի ծնողներն ու հարազատները վստահ են, որ եթե նրան ժամանակին անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերվեր, հիվանդությունը երիտասարդի կյանքը չէր խլի: Նարեկի մայրը` Նազիկ Հարությունյանը, երեկ թերթի թղթակցի հետ զրույցում նշել է, որ իր տղայի հիվանդության մասին չի իմացել: Շատ պատահաբար լսել է, որ որդին ծանր վիճակով տեղափոխվել է Երևանի զինվորական հոսպիտալ: Այնտեղ էլ որդուն հայտնաբերել է ծայրահեղ ծանր վիճակում: ''Երևանում հենց առաջին օրվանից ինձ զգուշացրին, որ ծայրահեղ ծանր վիճակ է, ապարատով պիտի շնչի երեխաս'',- լացակումած ձայնով պատմել է նա: Ծնողներին հաջողվել է պարզել, որ Նարեկը փետրվարի 10-ին կամ 11-ին տեղափոխվել է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ: Իսկ թե երբ է հիվանդությունը գլուխ բարձրացրել, հարազատները հստակ չգիտեն: Մայրը ենթադրում է. ''Փետրվարի 10-ից մեկ-երկու օր առաջ հավանաբար սանչաստում է եղել'': Մայրը Նարեկին վերջին անգամ հունվարի 26-ին է տեսել, ասում է` առողջ էր ու առույգ: Իսկ մեկ ամիս չանցած արդեն որդուն անգիտակից վիճակում Երևանի զինվորական հոսպիտալում է հայտնաբերում: Նարեկի հարազատները դեռ տեղյակ չեն, թե Ստեփանակերտի հոսպիտալում բժիշկներն ինչպես են վերաբերել զինծառայողին: ''Չգիտեմ` դեղորայք ներարկել են, բուժում նշանակել են, թե՞ ոչ: Բայց գիտեմ, որ նրան ուշացած են բերել Երևան'',- ընդգծել է Նազիկ Հարությունյանը` հավելելով, որ Երևանի հոսպիտալի մասնագետներն ամեն ինչ արել են, բայց չեն կարողացել փրկել երիտասարդի կյանքը: Նարեկը ծառայում էր ԼՂՀ Ցոր զորամասում, իսկ նրա ընտանիքն ապրում է Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում: Նարեկ Մարտիրոսյանը բանակ էր զորակոչվել 2011թ. գարնան զորակոչին Վայքի զինկոմիսարիատից: Պաշտպանության նախարարության 4-րդ կայազորային քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: