Ինչու տաղանդավոր հայ ծանրորդը լքեց Հայաստանը
![]() Մարզասերները հավանաբար հիշում են ծանրամարտի Հայաստանի ազգային հավաքականի առաջատարներից` երիտասարդների աշխարհի չեմպիոն, արծաթե և բրոնզե մեդալակիր, ՀՀ և ՌԴ բազմակի չեմպիոն Արմեն Ղազարյանին, ով 2006 թվականին Աթենքում կայացած օլիմպիական խաղերում մեր մարզիկներից հրաձիգ Նորայր Բախտամյանի հետ ամենաբարձր արդյունքը ցույց տվեց`գրավելով 4-րդ հորիզոնականը: Արդեն մի քանի տարի է Ղազարյանը ասպարեզ դուրս չի գալիս մեր երկրի հավաքականի կազմում: ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակիցը կապ հաստատեց հայ ծանրորդի հետ, ով ներկայում բնակվում է Ռուսաստանի Սամարա քաղաքում և միջազգային մրցումներում ներկայացնում է ՌԴ-ն: -Արմեն, ի՞նչպես ստացվեց, որ հեռացար Հայաստանից: Ե՞րբ էր դա, և որո՞նք էին պատճառները: -2007 թվականի հուլիսն էր, երբ ստիպված էի հեռանալ: Պատճառները երկուսն էին. առաջինը` Հայաստանում գոյատևելն այլևս անհնար էր: Եվ երկրորդ` պետք էր սպորտային կարիերաս նորմալ ավարտեի, ունենայի նվազագույն հնարավորություններ պարապելու համար: Մինչև 2006 թվականը հարազատներիս, ինչպես նաև մարզասեր մարդկանց շնորհիվ կարողանում էի քիչ թե շատ իրականացնել մարզական պլաններս: -Գոյատևել նկատի ունես ֆինանսական դժվարություննե՞րը, մարզական գործիչների անտարբեր վերաբերմո՞ւնքը: -Ֆինանսականն առաջին հերթին, իսկ սպորտի չինովնիկների ոչ սրտացավ վերաբերմունքը ոչ միայն իմ, այլև հայկական սպորտի շարժիչ ուժի նկատմամբ էր: -Կայի՞ն մարդիկ, ովքեր հորդորում էին չմեկնել: Ներկայիս սպորտի ղեկավարներից ոչ ոք չի՞ ցանկանում, որ նորից ներկայացնես Հայաստանը: -Կային հորդորողներ ինչ-որ պահերի, երբ փաստացի ապացուցում էի, որ իմ և մարզչիս աշխատանքն արժանի է բարձր գնահատականի: Օրինակ, Վանկուվերի աշխարհի առաջնությունը, երբ հավաքականի համար վարկանիշային միավորների առյուծի բաժինը վաստակեցի: Այնուհետ Աթենքի օլիմպիական խաղերում բոլորը տեսան, որ սպորտի ղեկավարներն ինձ վրա հույս չէին դրել, բայց ես և Նորայր Բախտամյանն ամենաբարձր արդյունքը ցույց տվեցինք: Այդ ժամանակ դա գնահատեց միայն Օլիմպիական կոմիտեի ներկայիս նախագահը, սակայն չար լեզուները շատ էին և նա էլ մոռացավ ինձ: Դրանից հետո ինձ այլևս ոչնիչ չէր պահում, ինձ պետք էր ընտանիքիս համար հաց վաստակել: -Իսկ ինչո՞ւ հենց Սամարա մեկնեցիր: Ի՞նչ հաջողություններ ունես Ռուսաստանում: -Ես շատ երկրներից առաջարկներ ունեի` ԱՄՆ-ից, Կանադայից, Բելառուսից, Ուկրաինայից, բայց ընտրեցի Սամարան, քանզի հրավեր էի ստացել Բանակի մարզական ակումբից և խոստացել էին անմիջապես շնորհել քաղաքացիություն ու լավ պայմաններ ապահովել մարզվելու համար: Ես օտար երկրում անմիջապես ընդգրկվեցի ազգային հավաքականում: -Հնարավո՞ր է այս տարի քեզ տեսնենք Լոնդոնում կայանալիք Օլիմպիական խաղերում: -Այո, մարզչի հետ (նրա հայրը Մհեր Ղազարյանը), անում ենք հնարավորը: Այս տարի ցանկանում եմ ավարտել կարիերաս, և լավ կլինի, որ դա տեղի ունենա օլիմպիական հարթակին: Շուտով Ռուսաստանի առաջնությունն է, որը գլխավոր ստուգատես է և կորոշի օլիմպիադայի մասնակիցներին: Ցավում եմ, որ կավարտեմ կարիերաս ոչ հայրենիքիս դրոշի ներքո: -Եթե հանկարծ հրավեր ստանաս օլիմպիադային մասնակցելու Հայաստանի դրոշի ներքո, կհամաձայնե՞ս: -Ես շատ անուրջներում եմ ինձ տեսնում Հայաստանի հավաքականում: Բայց երբ սթափվում եմ, հասկանում եմ, որ սպորտային դաշտում ես պարտքս պատվով եմ տվել հայրենիքիս: Վերջում Արմեն Ղազարյանն ավելացրեց. ''Ուշադիր հետևում եմ Հայաստանի ծանրամարտի կյանքին և շատ եմ ուրախանում մեր մարզիկների հաջողություններով: Մեր երկրի ղեկավարներին խորհուրդ կտամ` մի օգտագործեք մարզիկների հաջողությունները Ձեզ գովազդելու համար: Գնացեք գոնե կես տարին մեկ անգամ տեսեք` որտեղ են պարապում, կուշտ են, թե սոված: Մի քիչ սրտացավ եղեք մարզիչների նկատմամբ, նրանց ուսերին է ամբողջ սպորտի լուծը'': |












