
Նյու Յորքի համալսարանի գիտնականները եկել են այն եզրակացության, որ հղիության ժամանակ ծխելը բացասական է անդրադառնում երեխայի հոգեկանի վրա: Դա առավել շատ արտահայտվում է նրա դպրոցական տարիքում: Վերջինների անցկացրած հարցմանը մասնացել են 13 հազար տղաների և աղջիկների մայրեր: Մասնագետներին հետաքրքրում էր ընտանիքների տնտեսական վիճակը, ծնողների կրթությունը, էթնիկ պատկանելությունը, ծնողների ընտանեկան կարգավիճակը, մայրերի վատ սովորությունները (ալկոհոլի, թմրադեղերի, ծխախոտի օգտագործում): Մայրերին նաև խնդրել էին պատմել երեխաների պահվածքի մասին: Հարցման մասնակիցների մոտ 10%-ը խոստովանել է, որ հղիության ժամանակ ծխել է օրական ավելի քան 10 ծխախոտ: 12,5%-ը 10 ծխախոտից քիչ է ծխել, իսկ 12,4%-ը փորձել է թողնել ծխելը: Մոլի ծխողների երեխաները, առավել քան մյուսները, առանձնանում էին գերակտիվությամբ և ցրվածությամբ: Հետաքրքիրն այն է, որ հղիության ժամանակ մայրերի ծխելու փաստը տարբեր կերպ է դրսևորվել աղջիկ և տղա երեխաների մոտ: Օրինակ, եթե աղջիկների մոտ նկատվում էին միայն պահվածքի հետ կապված խնդիրներ, ապա տղաների մոտ նաև ուշադրությունը կենտրոնացնելու հետ կապված խնդիրներ: