Փետրվարի 5-ին` ժամը 13:00-ին Սիրահարների այգում կկազմակերպվի երեխաների (Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոց, որին միացել են նաև Երևանի ու մարզերի տարբեր ուսումնական հաստատություններ) կազմակերպած թվով 2-րդ ստորագրահավաքը` կապված հեռուստասերիալների բովանդակության վերանայման և ծավալի կրճատման հետ: Ստորագրահավաքի ընթացքում (կտևի մինչև փետրվարի 15-ը) կազմակերպիչները մտադիր են հավաքել ավելի քան 4000 ստորագրություն, որոնք հետո պետք է ուղարկվեն ՀՀ վարչապետին, Մշակույթի նախարարին և Հանրային խորհրդի նախագահին: Ստորագրաթերթիկի տեքստը հետևյալն է` ''Ստորագրելով այս թերթիկը՝ մենք հույս ունենք, որ կվերանայվեն հեռուստասերիալների բովանդակությունը և եթերային ծավալը՝ տեղ հատկացնելով ճանաչողական հաղորդումներին: Հեռուստաեթերը հասանելի է բոլորին: Պահպանենք և ներկայացնենք մեր իրական ազգային արժեքները'':
''Գիտակրթական հաղորդումները պակասում են մեր հեռուստաեթերից, մարդիկ ստիպված սերիալներ են նայում, որովհետև այլընտրանքը քիչ է: Այս միջոցառմամբ փորձում ենք մեր երկրի պետական կառույցների ուշադրությունը հրավիրել մի խնդրի, որի վերաբերյալ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում հենց երեխաները'',-
ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակին ասաց նախաձեռնության հեղինակներից Սոֆյա Հովսեփյանը: