
Կառավարությունը հավանություն է տվել անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների 16-18 տարեկան երեխաների կրթական կարիքների գնահատման, աջակցության և մոնիթորինգի իրականացման ծրագրին։ Ծրագրի նպատակն է անապահով ընտանիքների երեխաների մասնագիտական կրթություն ստանալու, սոցիալական ակտիվ ծրագրերում ներգրավելու հնարավորությունները մեծացնելով, բարձրացնել ընտանիքի բարեկեցության մակարդակը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այս խնդիրը Հայաստանում ունի վիճակագրական բազա, որը նույնպես ապացուցում է ծրագրի խիստ կարևորությունը։ ''Անապահով ընտանիքների միայն 10 տոկոսն է կարողանում ապահովել, որ իրենց երեխաներն ընդունվեն բուհեր, իսկ ապահովված երեխաների 82 տոկոսն է բուհ ընդունվում'', - շարունակել է վարչապետը։ - Հասկանալի է, որ եթե նրանք բարձրագույն կրթություն չեն ստանում, ապա սկզբից ևեթ ստեղծվում է սոցիալական այս անհավասարությունը, և ապագայում այդ ընտանիքներն ունենում են խնդիրներ։ Այսինքն, կրթության հասանելիությունն աղքատությունը հաղթահարելու կարևորագույն պայման է։ Եթե ընտանիքի ղեկավարն ունի բարձրագույն կրթություն, ապա նման ընտանիքների միայն 12 տոկոսն է գտնվում աղքատության մեջ։ Այսինքն, այդ ընտանիքների 88 տոկոսն աղքատ չէ։ Այն պարագայում, երբ ընտանիքի ղեկավարը չունի բարձրագույն կրթություն, ապա այդ ընտանիքների 60 տոկոսն է աղքատ։ Այս վիճակագրությունն ապացուցում է, որ աղքատության հաղթահարման լավագույն ձևը Հայաստանի բոլոր ընտանիքներին և առաջին հերթին սոցիալապես անապահովներին կրթություն ստանալու հնարավորություն տալն է։ Պետությունը թիրախավորելու է հենց այս խնդիրը։ Այսինքն, եթե մենք ունենանք ֆինանսական հնարավորություններ, ապա դրանք որպես օժանդակություն պետք է ուղղենք այդ ընտանիքներին կրթություն ստանալու հնարավորության ընձեռմանը։ Կլինի պրոֆտեխուսումնարան, թե բուհ, մենք պարտավորվելու ենք ուսման վճարը վերցնել մեզ վրա։ Իսկ եթե մենք գնանք սոցիալական նպաստների ավելացման ճանապարհով, ապա այդ ընտանիքներին ապագայում չենք օգնի, որպեսզի նրանք ինքնուրույնաբար հաղթահարեն աղքատությունը։ Սա է մեր սոցիալական քաղաքականության արմատական փոփոխությունը'',- ընդգծել է կառավարության ղեկավարը։