ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ անդրադարձել է նախորդ տարվա ընթացքում ավագ դպրոցների ֆինանսավորմանն առնչվող հանրային հնչեղություն ստացած խնդրին: ԿԳ նախարարը նշել է, որ նախարարության կատարած տնտեսումների հաշվին կառավարությունը շուրջ 200 մլն դրամ հավելյալ հատկացում է արվել ավագ դպրոցներին: ''Հարգելի տնօրեններ, այդ խնդիրը, ունենալով որոշակի օբյեկտիվ պատճառներ, պայմանավորված էր նաև սուբյեկտիվ գործոններով: Ավագ դպրոցներրի շատ տնօրեններ ուղղակի չեն կարողացել գրագետ տնտեսական կառավարում իրակականցնել, ինչի հետևանքով էլ կուտակվել էին պարտքեր: Այսուհետ նախարարությունն առավել խիստ մոտեցում է ցուցաբերելու ֆինանսական ճեղքվածքով աշխատող դպրոցների նկատմամբ'',- դիմելով խորհրդակցությանը ներկա ավագ դպրոցների տնօրեններին` նշել է նախարարը, և հանաձարարել ընթացիկ տարում ավագ դպրոցների ֆինանսական կառավարումն առավել արդյունավետ կազմակերպել:
Խորհրդակցության ընթացքում նախարարն անդրադարձել է ավագ դպրոցներին առնչվող մամուլում և սոցիալական ցանցերում տեղ գտած ահազանգերին: ''Հաճախակի են դարձել լուրերն այն մասին, որ որոշ դպրոցներում ծնողների, տնօրենի և ուսուցչների փոխհամաձայնության արդյունքում, աշակերտները դպրոց չեն հաճախում: Դա ուղղակի անթույլատրելի է, դպրոցի տնօրենի անմիջական պարտականությունն է ապահովել ուսումնական գործընթացի կարգապահությունը'',- նշել է նախարարը և շեշտել, որ այսուհետ ԿԳՆ-ն համակարգված և հետևողական վերահսկողություն է իրականացնելու ավագ դպրոցներում հաճախելիության նկատմամբ: Դժգոհություններն, ըստ նախարարի, վերաբերում են հատկապես 12-րդ դասարանցիներին. ''Հատկապես 12-րդ դասարանցիները գան ու նստեն դասի'',- շեշտել է նախարարը:
Նախարար նշել է նաև, որ ՀՀ ԿԳՆ-ի ''Թեժ գիծ'' հեռախոսակապով վերջին ամսում ավելացել են ուսուցչի անհարիր վարքագծի, մասնավորապես, կոպտություն ու բռնություն կիրառելու վերաբերյալ ահազանգերը: ''Ուսուցիչը պետք է հասկանա, որ գործ ունի նոր հոգեբանությամբ աշակերտի հետ: Նրան կրթելու և դաստիարակելու առաքելությունը պետությունը դրել է ուսուցչի վրա և այդ գործընթացում կոպտությունն ու բռնությունը տեղ չունեն'',- շեշտել է նախարարը և հավաստիացրել, որ յուրաքանչյուր նման դրսևորում անհետևանք չի կարող մնալ:
Նախարար Ա. Աշոտյանը հանրային հնչեղություն ստացած խնդիրներից կարևորել և տնօրենների ուշադրությունը հրավիրել է դպրոցներում աղանդավորական քարոզչության իրականացնելու փորձերի վերաբերյալ ահազանգերին` դրանք համարելով անհանգստացնող: ''Ուշադիր և հետևողական եղեք, որպեսզի դպրոցներում, ինչպես ուսուցիչների, այնպես էլ աշակերտների և նրանց ծնողների կրոնական քարոզչության ցանկացած դեպք կանխվի և արգելվի'',- հանձնարարել է նախարարը:
ԿԳ նախարարը, կրկնելով հրապարակավ արտահայտած իր դիրքորոշումը, դպրոցների տնօրեններին մեկ անգամ ևս հանձնարարել է դպրոցը զերծ պահել քաղաքական գործընթացներում ներքաշվելուց: ''Յուրաքանչյուր ուսուցիչ և դպրոցի տնօրեն կարող է լինել ցանկացած կուսակացության անդամ, դա իր սահմանադրական իրավունքն է, բայց դպրոցից և ուսումնական գործընթացից դուրս: Դպրոցում արգելվում է ցանկացած քաղաքական քարոզչություն՝ դա օրենքի պահանջ է, որը խստիվ պետք է կատարվի'',- շեշտել է նախարարը և հավելել, որ այս հարցում ևս ինքը լինելու է հետևողական: