Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կանադահայ աճպարարը վարպետության դասընթացներ է անցկացնում Հայաստանում

12:43, երկուշաբթի, 29 հոկտեմբերի, 2012 թ.
Կանադահայ աճպարարը վարպետության դասընթացներ է անցկացնում Հայաստանում

Հայ աճպարարների միության նախագահ Վարդան Ամիրյանի հրավերով Հայաստան է ժամանել կանադահայ աճպարար Պետրոս Աքելյանը: Միության յոթերորդ հավաքի ընթացքում նա վարպետության դասեր անցկացրեց հայ աճպարարների հետ:

Պետրոսը ծնվել և մեծացել է Կանադայում` սիրիահայի ու եգիպտահայի ընտանիքում: Աճպարարական արվեստում ինքնուս է: Առաջին անգամ փորձելով հասարակ աճպարարական հնարքներ` նա տարվել է դրանցով ու սկսել զբաղվել ինքնազարգացմամբ: Այժմ աճպարարություն և հիպնոս է դասավանդում Կանադայի համալսարանում:

Անդրադառնալով հայ աճպարարներին` Պետրոսը նշում է, որ մեզ մոտ այդ արվեստը շատ զարգացած է և խորհուրդ է տալիս հանդիսատեսին հաճախ ներկա լինել հայ աճպարարների ելույթներին:

''8 տարի առաջ, երբ եկա Հայաստան, այնքան էլ զարգացած չէր, բայց հիմա շատ է զարգացել: Հայաստանում շատ շնորհալի աճպարարներ կան: Զարմանալի է, որ մինչև հիմա նրանք այնքան էլ ճանաչված չեն: Երկար ժամանակ է, ինչ կապ ենք պահում Վարդան Ամիրյանի հետ: Նրա հրավերով եմ եկել Հայաստան ու իմ հմտություններով կիսվում եմ հայաստանաբնակ աճպարարների հետ: Հրաշալի է, որ արդեն կա Հայ աճպարարների միություն, որին կարող են անդամակցել բոլոր սկսնակները'',- ասաց Պետրոսը:

Հայ աճպարարների միության նախագահ Վարդան Ամիրյանի խոսքով` նման դասընթացները կլինեն շարունակական:

''Հաջորդ տարի կկազմակերպվի Հայ աճպարարների միության մրցույթ, որի ընթացքում իր շոուով հանդես կգա նաև Պետրոս Աքելյանը: Նման հանդիպումները նպատակ ունեն ավելի շատ հմտություններ ու գիտելիքներ փոխանցել սկսնակ հայ աճպարարներին: Մեր միությունը կոչված է, որպեսզի մեզանում ավելի զարգանա աճպարարությունը'',- ասաց Վարդան Ամիրյանը:

2896 | 7
Facebook