Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սկսնակ ու փորձառու աճպարարները` միության 6-րդ հավաքին

18:51, երկուշաբթի, 01 հոկտեմբերի, 2012 թ.
Սկսնակ ու փորձառու աճպարարները` միության 6-րդ հավաքին

Երեկ տեղի ունեցավ Հայ աճպարարների միության վեցերորդ հավաքը: Պարբերաբար կազմակերպվող հավաքների նպատակն է միավորել Հայաստանի բոլոր աճպարարներին` սկսնակներից մինչև փորձառուներ, օգտագործել աճպարարական արվեստը` որպես մի նոր միջոց` երիտասարդների և պատանիների մոտ բարձրացնելու էսթետիկական և գեղագիտական մակարդակը, զարգացնել և ամրապնդել միջազգային կապերը համաշխարհային ճանաչում ունեցող աճպարարների և աճպարարական միությունների հետ:

Հավաքին ներկա էին Հայ աճպարարների միության անդամներն ու թեկնածուները, սկսնակ աճպարարներ և հատուկ հյուրեր:

Մի քանի միջազգային աճպարարական կազմակերպությունների անդամ, Հայ աճպարարների միության նախագահ Վարդան Ամիրյանը հատուկ ուշադրություն դարձրեց աճպարարական ժանրի` ի վնաս մարդկության, գիտության և, ընդհանրապես, բացասական նպատակների համար շահագործման դեմ պայքարին:

''Հայաստանում աճպարարական ընկերություն ստեղծելը եղել է իմ երազանքներից մեկը, որն արդեն կարող եմ համարել կատարված: Մենք ոչ ոքից պակաս չենք, ունենք բազմաթիվ տաղանդավոր երիտասարդներ ու դեռ շատերը կգան'',- ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակցի հետ զրույցում ասաց Վարդան Ամիրյանն, ով հավաքի ողջ ընթացքում ուշադրությամբ դիտում էր սկսնակների բոլոր ելույթները` տալով բազմաթիվ խորհուրդներ ու ցուցումներ:

Կազմակերպությունը պարբերաբար հյուրընկալում է տարբեր ոլորտների մասնագետների` հոգեբաններ, պայծառատեսներ և այլք: Այս անգամ Հայ աճպարարների միությունը հյուրընկալել էր դերասան Լևոն Հարությունյանին, ով ներկաների հետ խոսեց դերասանական արվեստի ու աճպարարության միջև կապի մասին:

''Ինձ ուրախացնում է ցանկացած նոր բան, որ կապված է բեմի հետ, կարևորը, որ դա ծառայի մեր ազգի կրթմանն ու զարգացմանը: Իհարկե, փոքր-ինչ ուշացել է կազմակերպության ստեղծումը, ընդհանրապես, երբ նայում ենք մեր անցած 20 տարիներին, նկատում ենք, որ բացթողումները շատ են, բայց կարևորը, որ այն ունի սկիզբ, այն արդեն հիմնադրվել է: Ամենակարևորը ցանկություն ունենալն է, իսկ Վարդանը պատկանում է այդ ցանկությանը և նրան հավատում են բոլոր մարդիկ, որ այսօր այստեղ են'',- ասաց Լևոն Հարությունյանը:

Կազմակերպության կրտսեր անդամները մեծ ոգևորությամբ էին խոսում իրենց փոքրիկ ձեռքբերումների մասին ու հույս հայտնում, որ անդամագրվելուց հետո առավել կզարգանան ու կհմտանան աճպարարական արվեստում:

Հիշեցնենք, որ Հայ աճպարարների միությունն իր գործունեությունը սկսել է 2012թ. ապրիլի 1-ին: Այն միավորում է հայ աճպարարներին` պրոֆեսիոնալ, սիրողական և սկսնակ:

3388 | 2
Facebook