Այսօր հայ աշխարհահռչակ աստղագետ, աստղաֆիզիկոս, Բյուրականի աստղադիտարանի հիմնադիր, գիտնական և հասարակական գործիչ Վիկտոր Համազասպի Համբարձումյանի ծննդյան օրն է:
Վ. Համբարձումյանը ծնվել է Թիֆլիսում 1908թ. սեպտեմբերի 5(18)-ին։ Աշխարհահռչակ գիտնականը տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից մեկն է։ Նրա աշխատությունները վերաբերում են աստղերի և միգամածությունների ֆիզիկայի, աստղային աստղագիտության, աստղային համակարգերի դինամիկայի, աստղերի և գալակտիկաների տիեզերածնության և մաթեմատիկական ֆիզիկայի բնագավառներին։
Նրա հայրը` բանաստեղծ, բանասեր Համազասպ Ասատուրի Համբարձումյանը ծնունդով Վարդենիսից է. այնտեղ կիսավեր վիճակում դեռ պահպանվում է նրանց տունը: Մայրը` Հռիփսիմե Սահակի Խախանյանը Վրաստանի Ծղինվալի գյուղից է:
Ճշգրիտ գիտությունների նկատմամբ Վիկտորի հետաքրքրությունը հայրը նկատում է դեռ վաղ հասակում և նրա կրթությունը դնում ճիշտ ճանապարհի վրա: Դեռ աշակերտ Վ. Համբարձումյանը Երևանում և Թբիլիսիում հրապարակային դասախոսություններ է կարդում հարաբերական տեսության թեմայով, որոնք զարմացնում են ժամանակակիցներին իրենց խորությամբ և ձևակերպումների հստակությամբ:
Վ. Հ. Համբարձումյանի անվամբ է կոչված թիվ 1905 փոքր մոլորակը (Ambartsumian), որ հայտնաբերել է Տ. Մ. Սմիռնովան` Ղրիմի աստղադիտարանում 1972թ. մայիսի 14-ին:
Վիկտոր Համբարձումյանը վախճանվել է 1996թ. օգոստոսի 12-ին Բյուրականում։ Թաղված է Բյուրականում Մեծ Աստղադիտակից ոչ հեռու աստղադիտարանի գերեզմանատանը: