Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Զորամասերում պարտադիր կատարվող պատվաստումների կարևորությունը

15:56, կիրակի, 19 օգոստոսի, 2012 թ.
Զորամասերում պարտադիր կատարվող պատվաստումների կարևորությունը

Հայաստանում առկա ներկայիս սոցիալ-տնտեսական վիճակը, բնակչության տեղաշարժերը երկրի ներսում և դրսում, արտերկրացիների հաճախակի հանրապետություն այցելությունները նպաստավոր պայմաններ են ստեղծում վարակիչ հիվանդությունների առաջացման և տարածման համար: Վարակիչ հիվանդությունների ակտիվացման սեզոնը զարգանում է ժամանակին զուգընթաց և որպես թիրախ կարող է դառնալ յուրաքանչյուր ոք: Արդիական այս խնդիրը հայտնվում է օրակարգում հատկապես աշնանային և գարնանային զորակոչ կազմակերպելու նախաշեմին, երբ տարաբնույթ հիվանդություններից խուսափելու միակ միջոցը հանրության շրջանում իրազեկության բարձրացումն է և պատվաստումների միջոցով վարակիչ հիվանդություններից զերծ պահելը:
     ՀՀ կառավարության 2012թ. մայիսի 3-ի որոշմամբ` համաձայն մարզպետների և Երևանի քաղաքապետի կողմից ներկայացված հայտերի` տեղական զորակոչային հանձնաժողովների կազմերը համալրվելու են հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների համապատասխան բժիշկ-մասնագետներով, ինչպես նաև` Պաշտպանության նախարարության հայտով իրականացվելու են զորակոչիկների ֆլյուորո զննում, սոնոգրաֆիկ հետազոտում, կատարվելու են նաև բուժկանխարգելիչ պատվաստումներ:
     Պատվաստումների անցկացումը կարևորվում է հատկապես մի շարք տարածված հիվանդություններից` օդակաթիլային և ձմեռային (գրիպ, սուր ռեսպիրատոր), զորամասերում զերծ մնալու համար: Նման հիվանդությունները տարածվում են սովորական շփումների միջոցով: Այդ պատճառով բանակում, ինչպես նաև մարդաշատ վայրերում, բնականաբար, զարգանում են նմանատիպ հիվանդությունները: Դրանցից խուսափելու համար նորակոչիկները պարտադիր պատվաստումներ են ստանում հենց Կենտրոնական հավաքակայանում հատկապես կարմրուկի, խոզուկի, մինինգիտի, հեպատիտ A-ի, որովայնային տիֆի, տուլարեմիայի, դիֆտերիայի և փայտացման դեմ, որի շնորհիվ հաջողությամբ կանխվում են զանգվածային բնույթի հիվանդությունները։
     Վարակիչ հիվանդությունների կանխման պրոցեսը կախված է ոչ միայն պատվաստումների ժամանակային անցկացումներից, այլև գործընթացի վերահսկողությունից և պատասխանատվությունից: Գաղտնիք չէ, որ 90-ականներին պատվաստանյութերի բացակայության պատճառով չիրականացվեցին մանկական տարիքի հիվանդությունների դեմ կատարվող գրեթե բոլոր պատվաստումները, ինչի հետևանքով այսօր բանակում գրանցվում են խոզուկի, կարմրուկի և դեղնախտի դեպքեր:
     Ստացվում է, որ զինված ուժերի մարտունակությունը պայմանավորվում է միմիայն առողջ անձնակազմի գոյությամբ, իսկ վարակիչ հիվանդություններից ազատվելու համար բացի ժամանակին պատվաստում կատարելուց, կարևոր է նաև վաղ շրջանում հիվանդության հայտնաբերումը և կանխումը:

4201 | 3
Facebook