ՀՀ բուհերը` խոշոր հարկատուների ցանկում
![]() Օրերս ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել էր 2012 թվականի հունվար-հունիս ժամանակահատվածի առաջին հազար խոշոր հարկ վճարողների ցանկը` համաձայն վճարված հարկերի և տուրքերի մեծության: Ցանկում ընդգրկված են նաև ՀՀ ուսումնական հաստատությունները` 15 բուհեր և կրթական ծառայություն մատուցող կազմակերպություններ: Խոշոր հարակատու բուհերի ցուցակը գլխավորում է Մ. Հերացու անվան բժշկական պետական համալսարանը, որը զբաղեցնում է 109-րդ տեղը, երկրորդը Երևանի պետական համալսարանն է (177-րդ տեղ), երրորդը` Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը (272-րդ տեղ): Ցանկում ընդգրկված են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Հայաստանի պետական ագրարային համալսարանը, Երևանի Ա. Շիրակացու անվան ճեմարան կրթահամալիր, Ռուս-հայկական(սլավոնական) համալսարանը, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը, Եվրոպական տարածաշրջանային ակադեմիան, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը և Հյուսիսային համալսարանը: Ընթացիկ ֆինանսական տարվա առաջին կիսամյակում, բարեխղճորեն կատարելով պետության նկատմամբ իրենց հարկային պարտավորությունները, թվարկված կրթական կազմակերպություններն ընդհանուր առմամբ պետական բյուջե են մուծել շուրջ 2 մլրդ դրամ:
|















