Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ ձեռք բերված պայմանավորվածության մասին

22:50, ուրբաթ, 28 սեպտեմբերի, 2018 թ.
Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ ձեռք բերված պայմանավորվածության մասին

Հայաստանի Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պայմանավորվել են քայլեր ձեռնարկել՝ ԼՂ հակամարտության գոտում լարվածության նվազեցման ուղղությամբ, քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Առարկայական խոսակցություն ստացվեց իմ ու Իլհամ Ալիևի հետ, և արդյունքում մի քանի կարևոր կետեր արձանագրեցինք։ Մենք պայմանավորվեցինք, որ մեր պաշտպանության նախարարներին հանձնարարություն տանք կոնկրետ քայլեր ձեռնարկել սահմանագծում լարումն իջեցնելու վերաբերյալ։ Խոսքը վերաբերվում է սահմանային միջադեպերը կանխելուն ուղղված քայլեր են դրանք։ Սա կարևոր պայմանավորվածություն է»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նա տեղեկացրել է այդ պայմանավորվածության մասին Արցախի նախագահ Բակո Սահակյանին։

«Նրա համար նույնպես ընդունելի էր։ Կարող ենք ասել, որ կա պայմանավորվածություն, որ սահմանին և շփման գծին միջոցներ ձեռնարկվեն հրադադարի ռեժիմի խախտումները կանխարգելելու վերաբերյալ։ Երեկ երեկոյից ես համապատասխան հրաման եմ տվել մեր Զինված ուժերին և ուրախ եմ արձանագրել, որ նախորդ գիշերը եղել է իմ վարչապետ ընտրվելուց հետո ամենահանգիստն ու խաղաղը: Մենք պայմանավորվել ենք նաև օպերատիվ կապի որոշակի կոմունիկացիա ստեղծել: Տեխնիկական առումով դեռ չենք պայմանավորվել, բայց համաձայնվել ենք հանձնարարել մեր համապատասխան գերատեսչություններին՝ մշակել օպերատիվ կապի համակարգ:

Ես ուրախ եմ, որ այդ պայմանավորվածությունները ձեռք բերվեցին, և հուսով եմ, որ դրանք կպահպանվեն: Մենք մեր կողմից ամեն ինչ կանենք, որպեսզի դրանք արդյունավետ լինեն», - նշեց նա:

11016 | 0
Facebook