Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նախարարությունը Արմավիր-Երևան երթուղու վարորդներին հորդորում է և զգուշացնում

22:45, երեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2018 թ.
Նախարարությունը Արմավիր-Երևան երթուղու վարորդներին հորդորում է և զգուշացնում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը հանդիպել է ՀՀ կառավարության դիմաց սեպտեմբերի 25-ին բողոքի ցույց կազմակերպած Երևան-Արմավիր երթուղին սպասարկող «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊ ընկերության տնօրեն Շուշանիկ Խաչատրյանի հետ:
     Հանդիպմանը քննարկվել է «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊ ընկերության դիմումը: Ընկերությունը պահանջում է Երևան-Արմավիր ավտոբուսային երթուղին համալրել 20 տեղանոց տրանսպորտային միջոցներով (ներկայում շահագործվում է 4 ավտոբուսով), իսկ միկրոավտոբուսային երթուղին պակասեցնել 10-ով (ներկայում շահագործվում է 22 տրանսպորտային միջոցով):
     Նշենք, որ այս կերպ փորձ է արվում ձախողելու ՀՀ-ում, մասնավորապես, Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանում միասնական երթուղային ցանցի ներդրումը՝ հաշվի առնելով, որ «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊ ընկերության կողմից սպասարկող Երևան-Արմավիր ավտոբուսային երթուղու սպասարկման ժամկետ է սահմանված 2022 թվականը: Հետևաբար, մինչև 2022 թվականը հնարավոր չէ կազմակերպել միասնական երթուղային ցանցի մրցույթ, բացի այդ, ներկայացված առաջարկությունը հանգեցնում է մրցութային պայմանի կոպիտ խախտման:
     Ինչ վերաբերում է նոր տրանսպորտային միջոցներ ներգրավելուն, ապա նախարարությունը ողջունում է նոր տրանսպորտային միջոցների ներգրավումը կանոնավոր փոխադրումներում և ընկերության տնօրինությանը առաջարկել է փոխարինումն իրականացնել միկրոավտոբուսային երթուղում, քանի որ ներկայացված տրանսպորտային միջոցները իրենց տեղատարողությամբ առանձնապես չեն տարբերվում միկրոավտոբուսներից և ունեն 20 նստատեղ:
     «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊ ընկերությունը մի կողմից նշում է, որ երթուղին աշխատում է թերծանրաբեռնվածությամբ, իսկ մյուս կողմից ցանկություն է հայտնում 20 ավտոբուսով ավելացնել ավտոբուսային երթուղին՝ 10-ով պակասեցնելով միկրոավտոբուսայինը: Ուղևորահոսքի վերաբերյալ հստակ դիրքորոշում ստանալու համար անհրաժեշտ է, որ նախարարությունը կարողանա ավարտին հասցնել իրականացվող ուսումնասիրությունները: Դրանից հետո միայն հնարավոր է տրանսպորտային միջոցների քանակի վերաբերյալ ունենալ դիրքորոշում, որից հետո էլ միայն հավելյալ տրանսպորտային միջոցների շահագործումը կարող է թույլատրվել մրցույթների կազմակերպման և անցկացման շրջանում:
     ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊ ընկերությանը հորդորում է չձախողել երթուղու բնականոն աշխատանքը, վերացնել երթուղում առկա խախտումները՝ նախազգուշացնելով, որ հակառակ դեպքում՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կզրկվի երթուղու սպասարկման իրավունքից:
    
     ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
     տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

8521 | 1
Facebook