Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նիկոլ Փաշինյանը՝ Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի մասին՝ «Կոմերսանտ»-ի հետ զրույցում

11:00, երկուշաբթի, 10 սեպտեմբերի, 2018 թ.
Նիկոլ Փաշինյանը՝ Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի մասին՝ «Կոմերսանտ»-ի հետ զրույցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով սեպտեմբերի 8-ին աշխատանքային այցով գտնվում էր Մոսկվայում, հարցազրույց է տվել «Կոմերսանտ» պարբերականին, որում խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած բանակցությունների, ինչպես նաև այն մասին, թե արդյոք կայացա՞վ ավելի վաղ Կրեմլի կողմից հայտարարված «լուրջ զրույցը»:

- Ինչպե՞ս անցան բանակցությունները Վլադիմիր Պուտինի հետ:

- Փայլուն: Մենք երկար քննարկեցինք մեր հարաբերությունները: Բանակցությունների արդյունքներով կարող եմ ասել, որ հայ-ռուսական հարաբերություններն այժմ գտնվում են բարձր մակարդակում, ես կասեի, աննախադեպ բարձր մակարդակում: Փաստացի մեր հարաբերություններում որևէ խնդիր չկա:

- Հարաբերությունների մասին դատում են ոչ թե հայտարարություններով, որոնք անում են քաղաքական գործիչները, այլ այն արդյունքներով, որոնց հասնում են հանդիպումների ընթացքում: Օրինակ, սեպտեմբերի 1-ին կայացավ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը, մոտ տասնյակ տարբեր համաձայնագրեր կնքվեցին: Ձեր դեպքում, ինչպես և նախորդ հանդիպումների ժամանակ, որևէ փաստաթուղթ չստորագրվեց: Ինչո՞ւ:

- Քանի որ դա աշխատանքային հանդիպում էր: Դեռևս պաշտոնական այց չեմ կատարել Մոսկվա, իսկ ՌԴ նախագահը՝ Երևան: Հույս ունեմ՝ մոտ ժամանակները փոխադարձ պաշտոնական այցեր կկատարվեն: Հայաստանում քաղաքական փոփոխություններ տեղի ունեցան, և ժամանակ է պետք, որպեսզի բոլորը՝ ես, իմ գործընկերները Հայաստանում և Ռուսաստանում, ադապտացվեն նոր իրողություններին: Մեր հարաբերությունները կանցնեն նոր փուլի, երբ արդեն կոնկրետ արդյունքներ ունենանք:

- Այցի համար բարենպաստ ժամանակ չէր: Դուք ևս դա նշել եք: Այն բանից հետո, երբ Հայաստանում քրեական գործեր հարուցվեցին երկրի նախկին ղեկավարների դեմ, մասնավորապես, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ով ՌԴ նախագահի մտերիմ ընկերն է, Յուրի Խաչատուրովի, ով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն է: Մոսկվան հստակ հասկացնել տվեց, որ դա նրան դուր չի գալիս: Դուք բարձրացրեցի՞ք այդ թեմաները: Դրանք լուծվե՞լ են, կամ արդյո՞ք դրանք հնարավոր է լուծել: Պուտինն օգոստոսի 31-ին հեռախոսով շնորհավորել էր Քոչարյանի ծննդյան տարեդարձը:

- Վլադիմիր Վլադիմիրովիչն այնպիսի մարդ է, ով բարձր է գնահատում մարդկային հարաբերությունները: Պետք չէ դրանից քաղաքական եզրակացություններ անել: Մենք, իհարկե, քննարկեցինք շատ հարցեր, և ես ուզում եմ ասել, որ Հայաստանում քրեական գործեր են հարցվում ոչ թե կոնկրետ անձանց դեմ, այլ քրեական օրենսգրքի խախտման փաստով: ՀՀ բոլոր քաղաքացիները հավասար են օրենքի առջև:

- Կարելի՞ է այդ իրադարձությունները մեկնաբանել որպես քաղաքական զտում կայանալիք ընտրություններից առաջ:

- Վստահեցնում եմ, որ ոչ մեկ ոչ մեկի չի զտում: Նրանք Հայաստանում քաղաքական գործոն չեն, նրանք կողմնակիցներ չունեն: Ամեն դեպքում, այդքան կողմնակիցներ չունեն...

- Որքան որ Դո՞ւք փողոց հանեցիք:

- Ոչ: Այնքան կողմնակիցներ, որքան դա նրանց թույլ կտա քաղաքական գործոն համարվել:

- Այդուհանդերձ, նրանք ազդեցիկ մարդիկ են, ունեն ռեսուրսներ: Մտավախություն չունե՞ք, որ նրանք կարող ենք խախտել Ձեր դիրքը, Ձեր իշխանությունը:

- Ոչ, իհարկե: Դա իմ իշխանությունը չէ, դա ժողովրդի իշխանությունն է: Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններից հետո նրանք այլևս ազդեցիկ մարդիկ չեն:

22273 | 0
Facebook