Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ինձ համար բռնցքամարտը խաղալիք չէ, ուզում եմ ներդրում կատարել և զարգացնել այս մարզաձևը». Հովհաննես Հովսեփյան

23:15, չորեքշաբթի, 05 սեպտեմբերի, 2018 թ.
«Ինձ համար բռնցքամարտը խաղալիք չէ, ուզում եմ ներդրում կատարել և զարգացնել այս մարզաձևը». Հովհաննես Հովսեփյան

Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի՝ ԱԻԲԱ-ի որոշմամբ, մոտ ժամանակներս Հայաստան է ժամանելու հատուկ խումբ, որը քննելու է օգոստոսի 2-ին կայացած Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունների օրինականությունը։ Մինչ այդ, MAMUL.am-ի թղթակիցը զրուցեց նախագահի թեկնածու Հովհաննես Հովսեփյանի հետ, ով չէր կարողացել մասնակցել օգոստոսի 2-ին կայացած ընտրություններին՝ ուշ տեղեկանալու պատճառով։ Հովհաննես Հովսեփյանը ծնվել է Հայաստանում, 1990-ական թվականներին ընտանիքով տեղափոխվել է Ուկրաինա՝ Դոնեցկ, որտեղ և մոտ 10 տարի զբաղվել է բռնցքամարտով:

«Ես հոգով-սրտով այս սպորտի մեջ եմ։ Իմ 16-ամյա որդին էլ է բռնցքամարտով զբաղվում։ Մենք ապրում ենք բռնցքամարտով։ Իմ ազգը սիրելով, սպորտը սիրելով, հնարավորություն ունենալով՝ ուզում եմ ներդրում կատարել և զարգացնել բռնցքամարտը։ Տեսնում եմ, թե ինչպես է դա արվելու։ Մեկ մարդ չպետք է որոշում կայացնի, թե ֆեդերացիան ինչպես է աշխատելու։ Դրա համար պետք է բռնցքամարտի ֆեդերացիայում լինի խորհուրդ, ոչ թե նախագահն ամեն ինչ կառավարի և որոշի։ Խորհրդի կազմում պետք է ներգրավվեն բոլոր մարզերի ներկայացուցիչները, ովքեր խնդիրներին ավելի մանրակրկիտ են տիրապետում։ Ես բռնցքամարտի Հայաստանի ներկայացուցիչների հետ շփվել եմ, և բոլորն ասում են, որ մեծագույն խնդիրն անարդարությունն է։ Օրինակ, իմ Վանաձորի ընկերները նշել են, որ Արթուր անունով բռնցքամարտիկ կա, ով Հայաստանի պատանիների չեմպիոն է դարձել, Եվրոպայի առաջնության մեդալակիր, բայց նրան մրցում չէին տանում, նրա փոխարեն այլ տղա էին տանում։ Մրցավարության հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան՝ անարդար որոշումներ են կայացվում՝ մեկի տղան է, մյուսի բարեկամը, առաջ են տանում։ Այս ամենը տեսնելով և իմանալով, թե ինչպես կարող եմ լուծել այդ խնդիրները՝ ուզում եմ գլխավորել ֆեդերացիան և զարգացնել բռնցքամարտը, առավել ևս որ այս մարզաձևը միշտ մեր ազգի առաջատար մարզաձևերից մեկն է եղել։ Նրանք ուղղակի արդարություն չեն ուզում։ Թող արդար ընտրություններ անցկացվեն և նախագահն ընտրվի արդար ճանապարհով։ Եթե Արթուր Գևորգյանն ընտրվի արդար ընտրությամբ, թո՛ղ մենք պարտվենք, բայց ինչո՞ւ չեն ուզում արդար ընտրություններ անցկացնել։ Ինձ համար բռնցքամարտը խաղալիք չէ, ուզում եմ ներդրում կատարել և զարգացնել այս մարզաձևը։ Եթե մարզիչներն ու մարզիկները ցանկանան ինձ տեսնել նախագահի պաշտոնում, ես ամեն ինչ կանեմ` արդյունքի հասնելու համար։ Ես այս քայլին դիմում եմ ո՛չ իմ անվան, ո՛չ էլ պաշտոնի համար։ Ես ուղղակի ուզում եմ լուծել այդ խնդիրները»,- նշեց Հովսեփյանը։

Խոսելով ծրագրերի մասին՝ Հովհաննես Հովսեփյանը նշեց. «Շատ լավ մարզիչներ ունենք, խոստումնալից բռցնքամարտիկներ, որոնց ապագան մեր ձեռքերում է։ Պետք է նրանց զարգանալու հնարավորություն տանք։ Բռնցքամարտիկ ռինգում են դառնում, ոչ թե մարզադահլիճում։ Եթե մենք տարեկան 2-3 միջազգային մրցում Հայաստանում չանցկացնենք, ինչպե՞ս է բռնցքամարտը զարգանալու։ Մինչ օրս ֆեդերացիան դա չի արել, միայն խոսել է, որ մեծ գումարներ է ծախսում։ Ես ասել եմ, որ իմ գլխավորությամբ ֆեդերացիայում համատեղ ծրագիր է կազմվելու և խորհուրդը կորոշի առաջնահերթությունը։ Միակ ծախսը, որ վերջնական որոշել եմ պետք է լինի, դա 1-2 ավտոբուս գնելն է, որ մեր հավաքականը կարողանա շատ հաճախ մրցումների մեկնել։ Մենք մերը կունենանք, որովհետև անցած տարի ամռանը չէինք կարողանում ազատ ավտոբուս գտնել տղաների համար։ Առաջինն այդ խնդիրը կլուծվի»։

Պարոն Հովսեփյանը նշեց, որ արդեն հասցրել է աջակցել հայ բռնցքամարտիկներին՝ փակելով ֆեդերացիայի բացերը. «2017 թվականին առաջին անգամ օգնել եմ Հայաստանի հավաքականին, երբ եկել էին Հարավային դաշնային շրջանի հավաքականի հետ մրցելու։ Ողջ ծախսը ես եմ հոգացել, որ կարողանան մրցաշարին մասնակցել։ Արդյունքում Հայաստանի հավաքականը 8։5 հաշվով հաղթանակ է տոնել։ Հետագայում իմացել եմ, որ պատանեկան հավաքականը 2017-ի հոկտեմբերին նախապատրաստվում էր Եվրոպայի առաջնությանը, սակայն ֆեդերացիան գումար չուներ՝ մինչ առաջնությունը հավաքականին մրցաշար ուղարկելու համար։ Վրաստանում պետք է կայանար մրցաշարը, օգնել եմ, հավաքականը մեկնել է Վրաստան և հաղթանակներով վերադարձել։ Այդ ժամանակ տեսել եմ, որ հավաքականն առանց համազգեստի է եկել, հարցրել եմ, համազգեստ ունե՞ք։ Ասել են, որ դեռ չեն ստացել, բայց Եվրոպայի առաջնություն մեկնելուց առաջ ստանալու են։ Երբ մեկնեցի Բուլղարիա՝ պատանիների Եվրոպայի առաջնությանը, տեսա, որ հավաքականը համազգեստ չունի։ Չեմ հասկանում, ինչպե՞ս են երկիր ներկայացնում, եթե հավաքականի համար համազգեստ անգամ չունեն։ Միակ հավաքականն էր, որ համազգեստ չուներ, ամոթ էր։ Համազգեստով ապահովեցի հավաքականին։ Ես այս սպորտի մեջ եմ եղել և՛ որպես մարզիկ, և՛ որպես հովանավոր և գիտեմ խնդիրները։ Հիմա հովանավորում ենք նաև Դոնեցկի և Ռոստովի ֆեդերացիաները։ Եվ, բնականաբար, ուզում եմ Հայաստանի ֆեդերացիան զարգացնել»։

Հարցին, թե ինչպես է համատեղելու ֆեդերացիայի նախագահի պաշտոնն իր հիմնական աշխատանքի հետ, Հովսեփյանը պատասխանեց. «Իմ աշխատանքի 50 %-ը կապված է Հայաստանի հետ։ Մենք Հայաստանում էլ ենք ներդրումներ կատարում։ Արմավիրի մարզում թեյ արտադրող ընկերություն ենք հիմնում, համագործակցում ենք Հայաստանի այլ ընկերությունների հետ։ 2013 թվականից սկսած սերտ համագործակցում եմ հայաստանյան շուկայի հետ»,- եզրափակեց նա։

Կատարինե Այդինյան

Հայաստնի պատանեկան հավաքականը՝ Եվրոպայի առաջնությանն առանց համազգեստի մեկնելիս
Հայաստնի պատանեկան հավաքականը՝ Եվրոպայի առաջնությանն առանց համազգեստի մեկնելիս
Հայաստանի հավաքականի՝ 8։5 հաշվով հաղթանակը
4319 | 0
Facebook